Ամառային ալերգիաներ

Ամառային ալերգիաներ

790

Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիայի դեպքերը շատանում են: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն, ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղը` առաջ անցնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից: Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում ալերգիկ երևույթները տարածված են բնակչության 15-16 տոկոսի շրջանում:

Ալերգոլոգ Լուսինե Սարդարյանն ասաց, որ թեև ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է գարնանը, սակայն ամռանը` տաք և արևոտ օրերն սկսվելուն պես բազմաթիվ մարդկանց մոտ ևս նկատվում են ալերգիկ նշաններ:

Ալերգիաների պատճառներն են արևը, միջատների խայթոցները, չոր եղանակը: Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով:

Լ.Սարդարյանի խոսքերով` ամռանը հիմնականում սրվում են շնչառական ալերգիաները՝ ալերգիկ հարբուխներ, ասթմա: Բացի այդ, սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, որոնք այնքան էլ ճիշտ չէ ալերգիա անվանել, սակայն հաճախ մարդիկ դրանք ալերգիա են անվանում, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում:

«Ալերգիաներից պաշտպանվել մի քիչ դժվար է, քանի որ մեզանից կախված չէ վերահսկել ծաղկեփոշիների մակարդակը, ուղղակի պետք է ճշտել ինչի նկատմամբ ունեն ալերգիա և որոշել սեզոնայնությունը, որի ընթացքում ստանալ համապատասխան բուժում: Սեզոնն ավարտվելուց հետո էլ կարելի է սկսել կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժում, որը կոչվում է ալերգիկ վակցինացիա»,- ասաց Լ. Սարդարյանը:

Իսկ ամռանը մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղղակի ճառագայթներից, կրել պաշտպանիչ հագուստ և օգտագործել պաշտպանիչ քսուկներ: «Ամռանը պետք է կրել բաց գույնի բամբակյա հագուստներ, որոնք որոշ չափով կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները»,- ասաց նա:

«Խորհուրդ է տրվում ալերգիաների դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ այն կարող է ավելի խորանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ալերգիա ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել բնության գրկում:

Կարինե Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել