Մարդիկ ու նրանց երազանքները տարբեր են լինում, սակայն դրանց հասնելու համար բոլորիս անհրաժեշտ է առողջություն և կամք: Առողջ լինելու և մնալու համար մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը։ Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդությունների հավանականությունը։ Ֆիզիկական ակտիվությունը, վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։
Տնային մարզումները լավագույն այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր իրենց գործունեության բերումով չեն կարող այցելել մարզասրահ:
ֆիթնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանը նշում է, որ ֆիթնեսի մասին գիտելիքները շատ կարևոր է իմանալ, որպեսզի տնային պայմաններում մարզումների որոշակի մեթոդների օգնությամբ կարողանալ ցանկալի արդյունքի հասնել։ Բայց լավագույն արդյունք ստանալու համար, անշուշտ, խորհուրդ է տրվում հնարավորինս մարզասրահ այցելել և աշխատել լավ մարզչի հետ։
Այն հարցին, թե Ինչի՞ն են նպաստում մարզումներն ավելի շատ` քաշի նվազեցմանը, թե՞ լավ կազմվածք ստանալուն ,Լ. Հովհաննիսյանը ասաց, որ այդ երկու հասկացությունները տարանջատելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանք շաղկապված են։
ֆիզիկական բեռնվածության ցանկացած տեսակ ստիպում է աշխատացնել մկանները, համապատասխանաբար, ապահովվում է էներգիայի ընդհանուր ծախս, ինչը և նպաստում է քաշի նվազմանը, ավելի ճիշտ` ենթամաշկային ճարպի այրմանը։ Դա աշխատում է, իհարկե, ճիշտ սնվելու դեպքում։ Արդեն ավելորդ կիլոգրամներից ազատվելուց հետո կարելի է անցնել մարմնի մկանները ձգելուն։
Ինչպե՞ս պետք է սնվեն մարզվող մարդիկ։ Ի՞նչ սննդամթերք եք խորհուրդ տալիս օգտագործել։
«Ճիշտ սնվելու թեման իսկապես շատ նուրբ է։ Այստեղ պետք է առաջնորդվել` «ամենքին իրենը» սկզբունքով։ Ճիշտ սննդակարգ կազմելիս ես իմ հաճախորդներին, նախևառաջ, հարցնում եմ, թե ինչ նպատակով են ուզում զբաղվել ֆիթնեսով` մկանային զանգված հավաքելու՞, թե՞ նիհարելու համար։ Միայն դրանից հետո կարելի է խորհուրդներ տալ։ Սակայն, ամեն դեպքում, սպորտով զբաղվող մարդու սնունդը պետք է բաղկացած լինի բնական մթերքներից։ Դրանք են` միս, հավկիթ, կաթնամթերք և սպիտակուսով հարուստ այլ մթերքներ, ինչպես նաև բջջանյութ պարունակող այլ սնունդ` շիլաներ, ընկուզեղեն, սունկ, կաղամբ, գազար, բանան։ Եվ այս ամենը` չափավոր»-, ասում է Լևոնը։
Lady Secret Fitness սրահի մարզիչ Նաիրա Պետրոսյանը նշում է, որ իրենց մարզասրահ դիմում են թե´ քաշի նվազման, և թե´ մկանների ձգվածության համար։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում տանը սուր սննդակարգով, դիետաներով ունենում են քաշի կորուստ, որի արդյունքում էլ ձեռք են բերում մկանի թուլություն և կախվածություն։ Ունենք նաև այցելուներ, ովքեր ցանկանում են մարմնի որոշ մասերում մկանային զանգված ավելացնել։ Մեր սրահի կողմից մշակված Full Body Workout ֆիթնես ծրագիրը շատ ինտենսիվ է, որին մասնակցելով աշխատում են բոլոր մկանախմբերը։
24 ամյա Լենան, ով հաճախում է Lady Secret Fitness սրահ, պատմում է, որ իր կազմվածքի վրա շատ մեծ փոփոխություններ է զգացել, նա ունեցել է 80 կգ քաշ, և հաճախելով Lady Secret Fitness սրահ մեկ ամսում կորցրել է 10-13կգ. քաշ:
Ժենյան, ով նույնպես գնում է ֆիթնես սրահներ, ավելի շատ կողմ է անհատական պարապմունքներին, քանի որ անհատական պարապմունքի դեպքում մոտեցումը լինում է տվյալ անձի մարմնին ու մկանային զանգվածին, ինչպես նաև կոնկրետ ցանկություններին համապատասխան, տրվում են ավելի բարդ էլեմենտներով վարժություններ, իսկ խմբակային ֆիթնես պարապմունքի ժամանակ վարժությունների ցուցումները տրվում են այնպես, որ բոլորին հասանելի լինի:
Եվ վերջապես, շուտով ամառ է, բոլորն էլ ցանկանում են ավելի բարեկազմ դառնալ, և ֆիթնես մարզիչները խորհուրդ են տալիս ՝տանը հեշտությամբ կքանիստեր և թռիքչներ կատարել, ինչպես նաև ստատոդինամիկա` դա տեխնիկա է, որի ժամանակ վարժությունը կատարվում է մկանների մշտական լարումով և ոչ մեծ ամպլիտուդով 40-50 վայրկյանի ընթացքում։ Կարելի է, օրինակ, նեգատիվ կքանիստ կատարել, դրանք նման են սովորականին բայց իջեցումով, կամ գերարագ կքանիստեր և կքանիստեր միջակայքային կարգով։
Մարզիչ Լևոնը խորհուրդ է տալիս կատարել այդ վարժությունները երեք մոտեցմամբ 15-20 անգամ օրը մեջ` մեկ ամսվա ընթացքում։ Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կատարել նույն վարժությունները, դրանք պետք է անընդհատ փոխել։ Այդ խորհուրդները պահպանելու և ճիշտ սնվելու դեպքում գեղեցիկ կազմվածքը երաշխավորված է։
Նաիրա Պետրոսյանն էլ «ծույլերին», ովքեր ցանկանում են նիհարել, սակայն սրահ հաճախել չեն ցանկանում
խորհուրդ է տալիս , որ հետևեն իրենց սննդակարգին և քնի ռեժիմին, ինչպես նաև առօրյայում լինեն աշխույժ և էներգիայով լի:
Կարինե Ավետիսյան
4-րդ կուրս