Կարգավիճակը դատավճիռ չէ

Կարգավիճակը դատավճիռ չէ

671

Աշխարհում ամեն քայլափոխի կարող են փոխվել մտքերն ու կարծրատիպերը՝ տարբեր երևույթների ընկալման հարցում։ Նման օրինակ է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանումը։

Մանկության տարիներին, երբ դպրոցում կամ բակում տեսնում էինք որեւէ տեսակի հաշմանդամություն ունեցող անհատի, անսովոր ուշադրությամբ զննում ու որակավորում էինք տալիս՝ չգիտակցելով՝ ինչ հոգեբանական ներազդման ենք հասցնում դիմացինին։ Այժմ, երբ ունենք հնարավորություն ուսումնասիրելու, տարբեր երեւույթներ ընկալելու ավելի շատ աղբյուրներ՝ կարողանում ենք զսպվածություն եւ խոհեմություն ցուցաբերել դեպի հաշմանդամություն ունեցող անհատը։ Լրագրությունը մեծ հնարավորություններ է ընձեռում՝ ներկայացնելու հաշմանդամություն ձեռք բերած զինվորների պատմությունները՝ առանց խղճմտանքի կամ ափսոսանքի քողի։

Ինչպես և բոլոր մարդիկ, հաշմանդամները նույնպես տարբեր են: Նրանցից յուրաքանչյուրն անհատ է` իրեն հատուկ բնավորությամբ, նախասիրություններով, մասնագիտությամբ, ընտանեկան կարգավիճակով, խնդիրներով եւ հաջողություններով:

Բազմաթիվ երկրներում գոյություն ունեցող «Հանուն անկախ կյանքի» շարժումն արտահայտում է այն գաղափարը, որ մարդիկ պետք է լինեն ինքնուրույն և ունենան իրենց կյանքն իրենց ուզած ձեւով դասավորելու ընտրության հնարավորություն։

Մոտավորապես վերջին 30 տարիների ընթացքում ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող մարդիկ պայքարում են «անկախ» եւ «անկախություն» բառերին նոր իմաստ տալու համար։ Այս պայքարը սոցիալ-տնտեսական իրավիճակի արդյունքն էր, որտեղ հաշմանդամները ստիպված էին կախված լինել ուրիշներից՝ առօրյա կյանքում աջակցություն ստանալու հարցերում։ Պայքարի հիմնական պատճառն այն բանի գիտակցումն էր, որ ոչ թե ֆունկցիոնալ խանգարումն է մարդուն զրկում ընտրություն կատարելու եւ սեփական կյանքը կառավարելու հնարավորությունից, այլ այն, թե պետությունն ինչպես է օգտագործում այն ռեսուրսները, որոնք նախատեսված են հաշմանդամներին աջակցություն ցուցաբերելու համար:

ՄԱԿ-ի կոնվենցիան և կառավարությունը

Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար եւ արդյունավետ կերպով մասնակցեն հասարակական կյանքին՝ մյուսների հետ հավասար հիմունքներով»։

Կառավարության քաղաքականությունը, օրենքները և պետական ծառայությունները միշտ չէ, որ հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Իրականում այդ կարիքները չեն բավարարվում: Օրինակ, առողջապահական ծառայությունները կարող են հասանելի չլինել, հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են կրթություն ստանալ մեկուսացված կերպով, կամ կրթության մակարդակը կարող է լինել ցածր որակի, առողջապահական և անվտանգության կանոնները կարող են անարդարացիորեն առավելություն տալ հաշմանդամություն չունեցողներին և բացառել հաշմանդամների աշխատանքային զբաղվածությունը կամ ծառայություններից օգտվելը:

Կառավարությունը կենտրոնական դեր ունի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող և նրանց մասնակցությամբ մեդիա արտադրանքի քանակի և որակի բարելավման հարցում: Ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց կառավարության մեդիա/ստեղծագործական արտադրության մեջ, կառավարությունը կարող է փոխել կարծրատիպը, որ հաշմանդամությունը «ողբերգություն» է, որի «զոհն» է դարձել բնակչության մի փոքր մասը: Փոխարենը՝ նրանք կարող են ցույց տալ, որ հաշմանդամությունը կյանքի բնական մասն է, եւ որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաջողակ լինել ամենատարբեր բնագավառներում:

Որքան ավելին լինի հաշմանդամություն ունեցող անձանց դրական պատկերում ապահովող մեդիա արտադրանքը, այնքան կարագանա վերաբերմունքի փոփոխությունը: Դրական պատկերում ապահովելու համար կառավարությունը պետք է հաշմանդամություն ունեցող անձանց դրական պատկերներ ներառի պետական հաղորդակցություններում և  լիազորի միմիայն դրական պատկերում ներառող մեդիա ապրանքներ:

Ցանկացած արտակարգ դրություն, պատահար, պատերազմ, դրանց հետեւանքով զոհ դարձած անհատի կյանքը, լրագրողների աշխատանքի միջոցով դառնում է բոլորինը։ Որպես հետեւանք՝ անհատները դառնում են հուզական, դյուրագրգիռ եւ անօգնական։ Նման դեպրեսիոն տրամադրությունները կարող են նույնիսկ տարիներ ձգվել։ Շատ ավելի հեշտ է հաղթահարել դժվար իրադարձությունները, երբ անձը գիտի, թե ինչի համար է հայտնվել նման իրավիճակում, ևնգտնի կյանքը շարունակելու իմաստը։ Հաճախ լրագրողները կարողանում են իրենց նյութերի շնորհիվ կենդանացնել հերոսներին, հնարավորություն տալ արտահայտվելու, կիսվելու, կատարվածը վերլուծելու։ Մյուս կողմից էլ լրագրողը սխալ մոտեցման պատճառով, հոդվածը ավելի հուզական դարձնելու մտքով կրկնակի տրավմայի է ենթարկում հերոսին։ Հարցի սխալ ձեւակերպումը (օրինակ՝ ինչպե՞ս եղավ, ով՞ էր մեղավոր կատարվածում) կարող է բացասական մտածմունք առաջացնել հերոսի գլխում։ Լրագրողները Հայաստանում, ցավոք, քիչ են անդրադառնում հերոսի արժանիքներին, առանց հուզականության։։

Զինծառայողներն ու լրագրողների լուսաբանումները։

Դեռ 2016թ. Ապրիլից, մինչ 2020թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի սկիզբը, հաճախակի էի նկատում, որ հայկական լրատվամիջոգները շահարկում են անձի հաշմանդամություն ունենալը ոչ թե օգնելու կամ նրանց խնդիրների մասին բարձրաձայնելու համար, այլ խղճահարություն առաջացնելու և դիտումներ ապահովելու համար։

Ընտրված երաժշտությունը նույնպես չափազանց կարևոր է, այն կարող է առաջացնել  խիղճը շարժող զգացումներ, որը իհարկե ընդունելի չէ։ Լրագրողը չի կարող ռեպորտաժում  անդրադառնալ միայն հերոսի «ողբերգությանը», անտեսելով օրինակ հերոսի մարդկային   արժանիքները, նպատակները, իրադարձություններն ու հանգամանքները։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրատեսական պատկերումը վճռորոշ դեր ունի փոփոխությունների առաջացման և իրավիճակի բարելավման հարցում: Հաշմանդամության դրական պատկերում է համարվում հաշմանդամություն ունեցող մեկ կամ մի քանի անձի ներկայացումը արդար, նորարարական եւ խրախուսող եղանակով: Այսպիսի պատկերումը հիմնված է ոչ թե բժշկական, այլ սոցիալական մոդելի վրա: Դրական պատկերումը խթանում է հանրային կարծիքի փոփոխություն եւ բարձրացնում է ակնկալիքները հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների վերաբերյալ:

Հաշմանդամների ներկայացումը այն կերպով, որը խղճահարություն է հարուցում, խոչընդոտում է նրանց ինտեգրմանը: Ընդհանրապես, լրագրողները չպետք է հրապարակեն հոդվածներ կամ ցուցադրեն տեսանյութեր, որոնց հիմքում ընկած է միայն մարդու խանգարումը կամ հաշմանդամությունը: Ընդհակառակը, հաշմանդամներին պետք է ներկայացնել որպես ընտանիքի, հանրային կամ քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցներ` շեշտելով նրանց ներառվածության առավելությունները և բացատրելով, որ խոչընդոտների վերացումից կշահի ողջ հասարակությունը:

Լրագրողի գերխնդիրը հաշմանդամություն ունեցող զինվորի պատմության վերհանումն է՝ առանց ավելորդ բառերի, հույզերի, երաժշտական մելամաղձոտ ձեւավորումների։ Պետք է նաև նկատի ունենալ, որ չափից շատ կենտրոնացումը կարգավիճակին, դեպքի մանրամասներին՝ կարող են կրկնակի կենդանացնել ցավը։

Տեսանյութը հերոսի ծնողները, հարազատները նույնպես դիտելու են. Հետեւաբար պետք է զգուշաբար լուսաբանել ամեն բառը, դետալը՝ չվնասելու, հոգեբանորեն չընկճելու նպատակով։

Լուսաբանել առանց վնասելու

Այսօր հաճախ ենք նկատում բազմաթիվ դրական ու բացասական լուսաբանման օրինակներ։ Կարելի է նաև փաստել, որ տարբեր լրատվամիջոցներ ունեն տարբեր գործելաոճ, ըստ այդմ թե՛ հոդվածները, թե՛ տեսանյութերը կարող են խիստ տարբերվել մատուցման տեսանկյունից։ Սակայն պետք է առանձնացնել լուսաբանման մի շարք կետեր և հետամուտ լինել դրանց պահպանմանն ու կիրառմանը։

Առհասարակ պետք է ներկայացնել զինվորի հերոսությունը առանց ավելորդ զգացմունքներ շարժելու։

1.  Լուսաբանել՝ առանց վնասելու, վիրավորելու։ Խնդիրը լուսաբանել ի շահ հերոսի։

2. Ուսումնասիրել պատմությունը։ Հասկանալ ինչի մաաին է պետք խոսել, երբ կանգ առնել։

3. Խորհրդակցել հերոսի ծնողների հետ, պարզել, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում։ Արդյոք պատրատ է եւս մեկ անգամ հիշել եղելությունը։

4. Կարելի է նախապես զրուցել հոգեբանի հետ, հասկանալու համար, ինչպես ձեւակերպել հարցերը, կամ նման դեպքերում ինչպիսի հարցերից խուսափել։

5. Մինչեւ հոդվածը/տեսանյութը հրապարակելը, համոզվել, որ բառերը ճիշտ են

ընտրված, չեն ցավեցնի ծնողներին կամ հերոսին։

6. Խուսափել որակավորումներից։ Չհիշատակել համշմանդամություն ունենալու

փաստը։

7. Հիշել, որ ցանկացած նախադասության այլ ենթատեքստում գործածելու

դեպքում՝ ռեպորտաժի հերոսը կարող է դատի տալ լրագրողին։

8. Ուշադրություն դարձնել վերնագրին։ Կարելի է ընտրել դիպուկ, բայց ոչ ցավ

առաջացնող վերնագիր։

9. Չի կարելի ապատեղեկատվություններ տարածել այս կամ այն իրադարձության

վերաբերյալ՝ սենսացիա ապահովելու համար։

10. Լրագրողը նյութի սկզբում պետք է հստակ հաականա տեսանյութի նպատակը,

որպեսզի ավելորդ անգամ չվնասի հերոսի հոգեկան առողջությունը, կամ դիտողներինը։

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել