Լուսանկարիչ Արմեն Մեջլումյանը 3 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Սակայն կարիերան սկսել է 15 տարեկանից, երբ հասկացել է, որ ընտրել է աշխարհում լավագույն մասնագիտությունը:
-Սովորել եմ լուսանկարչական դպրոցներում, ունեցել բազմաթիվ ցուցահանդեսներ: Առաջին ցուցահանդեսս կայացավ, երբ 18 տարեկան էի:
Ասում է, որ իր հաջողության գաղտնիքը սերն է դեպի լուսանկարչությունը:
-Երբ ընդունվեցի Սուրեն Մանվելյանի ֆոտոդպրոց պրոֆեսիոնալ լուսանկարչություն ուսումնասիրելու համար, նրա առաջին հարցը եղավ հետևյալը. «Ինչո՞ւ ես ընտրել լուսանկարչի մասնագիտությունը»: Ես ասացի, որ շատ եմ սիրում լուսանկարչությունը:
Նա սիրում է լուսանկարչությունն ու այն ազատությունն ու անսահմանափակությունը, որը ոչ մի մասնագիտություն իրեն տալ չի կարող:
-Դրա համար եմ շարունակում աշխատել, փորձում ավելի պրոֆեսիոնալ դառնալ: Նկարում եմ այն, ինչ իրոք ուզում եմ, իմ աշխատանքը հենց դա է, և դա էլ ինձ գրավում է:
Արմենը նշում է, որ շատ մտքեր ու նպատակներ ունի իրականացնելու:
-Իհարկե շատ նպատակներ ունեմ, հետաքրքիր իդեաներ, հերթով բոլորն իրականացնելու եմ: Բայց կան բաներ, որոնք իմ ճանապարհին երբեք չեմ անի: Օրինակ՝ չեմ անի այն, ինչ միայն կոմերցիա է պարունակում ու ինձ համար ուրիշ ոչ մի հետաքրքրություն չունի: Նման պարագայում չեմ կարծում, թե աշխատանքս լավ կստացվի:
Ասում է, որ սկսնակ լուսանկարիչներին էլ մշտապես նույն խորհուրդն է տալիս՝ սիրել մասնագիտությունը:
-Սիրողական կամ սկսնակ լուսանկարիչների հանդեպ պետք է ներողամիտ լինել. ի վերջո բոլոր լուսանկարիչնտրն էլ սիրողական մակարդակից են սկսում: Պարզապես պետք է տարբերել կարողանալ: Նրանք կարող են լավ կադրեր ստանալ, բայց դա շատ քիչ է, որ համարվի պրոֆեսիոնալիզմ: Իրականում լավ մասնագիտությունները շատ են, կողմորոշվելուց հետո կամ ամեն ինչ, կամ ոչինչ. մինչև վերջ գրավեք աշխարհը և շատ սիրեք:
Արմենն ասում է, որ այս ամենին զուգահեռ կա մի խնդիր, որը բոլոր լուսանկարիչներն ունեն:
-Հեղինակային իրավունքերի առումով մենք բավականին խոցելի ենք: Մարդիկ վերցնում են մեր լուսանկարները, տեղադրում՝ առանց հղման կամ զգուշացնելու: Միշտ նկատում եմ և դա իսկապես վիրավորական է:
Չնայած այս ամենին, կարողանում է ոգեշնչվել ու շարունակել աշխատել:
-Իմ ոգեշնչման հիմնական աղբյուրը հենց լուսանկարներն են, բայց երբեմն երգերն ու երաժշտությունը ևս կարողանում են ոգեշնչել: Մոտավորապես 10 տարի է, ինչ կիթառ եմ նվագում, կարծում եմ, դա էլ կապ ունի:
Երբ նայում է տարիներ առաջ իր աշխատանքներին և այսօրվա՝ տարբերությունը միանշանակ ակնհայտ է:
-Տարիներ առաջ նայում էի իմ լուսանկարները, հետո պրոֆեսիոնալ լուսանկարիչների, մտածում էի, որ նույնիսկ 7-8 տարի անց չեմ կարողանա նման արդյունքի հասնել, իսկ հիմա հասկանում եմ, որ հասել եմ, շատերին էլ գուցե անցել: Այ սա է իմ մոտիվացիան:
Արմենի համար այն, ինչ պետք է անի լուսանկարիչը, դա ճանապարհորդելն է ողջ աշխարհով:
-Արդեն որոշել եմ, որ շուտով մեկնելու եմ և մոտավորապես 2-5 տարի ճանապարհորդեմ, ապրեմ, և, իհարկե, լուսանկարեմ: Նպատակս համաշխարհային մակարդակով հայտնի և լավ լուսանկարիչ դառնալն է:
Կարինե Հովհաննիսյան
4-րդ կուրս