Պատերազմը և կանայք

Պատերազմը և կանայք

732

Ես Նվարդ Ավետիսյանն եմ, 27 տարեկան։ Մինչ վերջերս աշխատում էի ՀՀ Ազգային ժողովում ՝ որպես մեդիա վերլուծաբան։ Այնպես ստացվեց, որ իմ աշխատանքը hամընկավ երկրում արտակարգ դրության պայմաններին և մենք ստիպված եղանք աշխատել արտակարգ ռեժիմով։ Կարելի է ասել, որ աշխատակազմում մենք չէինք անցել աշխատաննքային բնականոն հունի, երբ սկսվեց պատերազմը։

Պատերազմը սկսվելու նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին ընտանեկան մեծ հավաքույթ ունեինք և որևէ մեկիս մտքով չէր անցնում, թե ինչպիսին կլինի հաջորդ օրվա ելքը։

Հիշում եմ նաև 27-ի այդ առավոտը։ Զարմանում եմ ինքս ինձ վրա, թե ինչպես չմատնվեցի խուճապի, հիշում եմ ՝ հագա ամենահարմար հագուստս, որը կապույտ էր, և գնացի Ազգային ժողով։ Հիշում եմ, որ առավոտյան վաղը ժամը 9-ին արդեն տեղում էի, իսկ ճանապարհին վարորդը պատմում էր, թե տնից դուրս է եկել, որ ժամանակ սպանի, մինչ կանչեն վայենկոմատից։ Աշխատավայրում բնականաբար անսովոր անցուդարձ էր՝ անընդհատ ԱԺ նիստեր, քննարկումներ, այնուհետև հաստատվեց ռազմական դրությունն ու մեր աշխատանքը կրկնապատկվեց։

Սակայն պիտի նշեմ, որ բոլորս էլ կարծում էինք, թե սա մի բան է, որ մի քանի ժամից կավարտվի, կամ մի քանի օրից գոնե։

Պատերազմի ամենասկզբից ես աշխատում էի մեդիադաշտի հետ։ Շուտով ստեղծվեց մի ցանց, որը ներառեց ՀՀ և Արցախի Հանրապետությունների պետական մարմինների, Սփյուռքի կազմակերպությունների այն անձանց, ովքեր որևէ կերպ հանդես էին գալիս սոցիալական հարթակներում։ Առաջին օրը հայտարարություն տարածեցինք, որ մեզ անհրաժեշտ են կամավոր թարգմանիչներ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով։ Ի ուրախություն մեզ՝ երկրորդ օրը մենք ունեինք 18 լեզվով թարգմանություններ կատարելու հնարավորություն։ Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ էի ունենում, երբ նամակ էի ստանում այս բովանդակությամբ․ «երեխային եմ քնեցնում, գերմաներենից ինչ թարգմանության կարիք կա, ուղարկիր՝ աշխատեմ, մինչև արթնանա երեխան»։ Հետայացք գցելով պատերազմի սկզբնական ընթացքին, այժմ հասկանում եմ՝ սա անսահման ուժ էր տալիս ինձ ու մյուս աշխատակիցներին։

Ես սովորեցի, որ

Մարդիկ, ովքեր աշխատում էին պետական մակարդակով, ոչ կարգին սնվում էին, ոչ էլ քնում։ Իսկ տուն գնալու մասին հաճախ կարելի էր մոռանալ։ Ինձ վրա շուտով պարտականություն կար վերահսկելու ինֆորմացիոն հոսքը։ Անընդհատ լուրերին հետևելով՝ հաճախ հնարավոր էր լինում քնել 2-3 ժամ և օգտագործել անգամ գրասենյակի հատակը։ Սա ընթացք էր, որտեղ ես չեմ դադարել շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել այդ օրերին։ Սակայն այս ամենի կողքին, ցավոք, կային մարդիկ, ովքեր ապրեցին այնպես, ասես ոչինչ չի կատարվում։

Ես կարծես սովորեցի համակերպվել անտարբերության այդ ձևին և երբեք չկրկնել դա։

Իմ օրն անցնում էր անդադար զանգերի ու նոր ծանոթություններ հաստատելու մեջ։

Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կապվում էին՝ որևէ բանով օգնելու։ Պատերազմի օրերին ամենածանրը, կարծում եմ, բոլորիս մոտ է նույնը եղել՝ անուններ կարդալ կամ տեսանյութ դիտել, ու կրկին հավաքվել, աշխատանքի անցնել։

Ինֆորմացիոն չդադարող այդ հոսքում, երբ կարող էի գտնել ծանոթ անուն-ազգանուն՝ վայրկյաններ անց պետք է հավաքեի ինձ, որպեսզի «բարև Ձեզ իմ անունը Նվարդ է՝ ես ԱԺ աշխատակից եմ» արտահայտությունը լացելով չասեի։

Հոկտեմբերին կորցրի կապս ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ։ Կարծում եմ՝ մարդն ունի մի անբացատրելի ուժ, որը հաճախ ընկալելի չէ։ Հավանաբար այդ ուժն էր, որ ինձ չկոտրեց։ Օրեր շարունակ հեռախոսս անդադար զանգում էր նրա հեռախոսահամարով, իսկ ես զուգահեռ աշխատում էի նույն գրաֆիկով՝ չքնել, չուտել, չհանգստանալ, դիմանալ ու դիմանալ։ Շուտով հիվանդանոցից նամակ ստացա և ամեն բան ընկավ իր տեղը։ Ես հիշում եմ նաև այս դեպքերին հաջորդող իրադարձությունները, որոնք կապում են ինձ պատերազմի դառը օրերին։

Օրեր անց ես այցելեցի հիվանդանոց։ Ես կարծում էի, թե այդ օրը ես էմոցիոնալ պոռթկում կունենամ, սակայն վերակենդանացման բաժանմունքի դիմաց անցկացրած ժամանակը ստիպեց ավելի ամրանալ։ Ես տեսա մայրերի, ովքեր չարացած չէին։ Մայրերի, ովքեր հոգ էին տանում մյուսների և իմ մասին՝ սուրճ և շոկոլադ հյուրասիրելով։ Կարծում եմ, որ հենց այս օրը փոխեց իմ կյանքում ամեն բան՝ ես հասկացա, որ ամենադժվարը համատեղելն էր ԱԺ աշխատակցին և Նվարդին, այլ կերպ՝ էմոցիաները և աշխատանքը։

Ես ամենահիմար ֆիլմերի ժամանակ լաց էի լինում

Ես գրեթե չեմ մտածել, թե որքան եմ աշխատել և ինչ զգացողություններ եմ ունեցել, սակայն այժմ կարող եմ ասել, որ պատերազմյան և հետպատերազմյան առօրյայում բավականին փոխվել եմ։ Ուզում եմ ինձ հետ երրորդ դեմքով խոսել, որ ինձ ճիշտ հասկանան․ պատերազմից առաջ Նվարդը չէր ճանաչում իրեն։ Չէր ճանաչում մարդկանց, ում հետ գրեթե ամեն օր շփման մեջ էր։

Ես չափից դուրս հավասարակշռված եմ, սակայն այդ օրերին գործընկերներս (նաև ես) բացահայտեցին, որ ես ունակ եմ գոռոգռալու, օգտագործելու ոչ նորմատիվ բառապաշար։ Այդ օրերին ես էմոցիաներ էի ցույց տալիս, որոնք մինչ այդ չէին եղել։ Բացի այս, ես նոր աշխատանքային հատկանիշներ բացահայտեցի, որոնք հետագայում օգնեցին կողմնորոշվել աշխատանքում։ Եթե խոսելու լինեմ չափազանց աձնական երևույթներից, ապա պիտի ասեմ՝ ես այդ օրերին չեմ լացել, սակայն նախկինում ամենահիմար ֆիլմի ժամանակ լաց էի լինում։ Այդ օրերին բացահայտեցի, որ կարող եմ աշխատել ֆորսմաժորային իրավիճակում։ Այժմ մտածում եմ, որ կարողացել եմ հաղթահարել այս ամենը, քանի որ նախկին Նվարդին թողնում էի տանն ու անցնում աշխատանքիս։

Վերջերս մի տղայի հետ ծանոթացա, պարզվեց՝ երկրորդ անգամ ենք ծանոթանում, առաջինը եղել է պատերազմի օրերին

Երբ պատերազմը սկսվեց, անպետքության անտանելի զգացում ունեի։ Կարծում եմ՝ դա նորմալ է, երբ պատերազմի ժամանակ այնտեղ չես, որտեղ կռիվն է։

Դժվարանում եմ այժմ խոսել վախերիս և մնացած զգացողություններիս մասին։ Տարօրինակ է, բայց պատերազմի օրերին ես թևաթափ չեմ եղել՝ անգամ մեկ րոպե։ Կարծում եմ, եթե դա լիներ, ես այլևս չէի կարողանա աշխատել։ Մինչ ամբողջ օրն անցկացնում էի աշխատավայրում՝ ընտանիքիս անդամները կորոնավիրուսով վարակվեցին։ Ոչինչ չէի կարողանում անել իրենց գոնե հեռվից տեսակցելու համար։ Հավանաբար իմ թևաթափ չլինելը աշխատանքիս բնույթից էր ՝ ես ամեն օր կապի մեջ էի մարդկանց հետ, ովքեր կյանքի և կռվի մեջ էին։ Այդ մարդիկ գիտեին՝ մենք թիկունք ենք, բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում էին ուժերի գերլարումով։

Աշխատանքս կապում էր ինձ տարբեր մարդկանց հետ։ Մոտակա օրերս հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Պարզվեց, որ մի երիտասարդի հետ ծանոթանում եմ երկրորդ անգամ, առաջինը պատերազմի օրերին էր, երբ ես կարիքի գնահատում էի իրականացնում։

Սա էր աշխատանքս՝ ինձ առաջնագծից, ապա հիվանդանոցից զանգում էին ու խնդրում մի քիչ քնել։

Կանայք՝ կանանց մասին

Երբ խոսում ենք պատերազմի մասին, կարծատիպային է մտածել, թե պատերազմը միայն տղամարդկանց գործն է։ Ես կարծում եմ, որ մենք՝ ՀՀ-ում ապրող կանայք, պետք է տիրապետենք ոչ միայն թիկունքում պետքական աշխատանքներ իրականացնել, այլ հենց ռազմադաշտում ունենանք կարևոր գործառույթներ։ Օրինակ ի՞նչ, եթե տարիներ անց մենք ունենանք զենք նախագծող աղջիկներ։ Այս պատերազմում էլ շատ կանայք առաջնագծում էին, էլ չեմ խոսում բուժանձնակազմի մասին։ Ինչ վերաբերում է թիկունքին, ապա պետք է ասեմ, որ թիկունքում աշխատանքի մեծագույն մասը կանայք են արել՝ համակարգել ամենատարբեր ոլորտներ։ Հիշում եմ, որ կամավոր ունեինք, ով ամեն օր գալիս էր Ազգային ժողով ու աշխատում էր մեզ հետ, իսկ գիշերը գնում էր տուն։ Սկզբում գիտեինք, թե տուն, հետո ասաց, որ գնում է քողարկող ցանց գործելու։ Մեզ օգնում էին նորածին երեխաներով մայրեր, աշխարհի ամենատարբեր երկրներից ինձ հետ կապվում էին կանայք եւ առաջարկում որևէ կերպ մասնակցել աշխատանքներին։ Մեկ գիշերում ես ստացել էի 167 նամակ․ նրանց ճնշող մեծամասնությունը կանայք էին, ովքեր փորձում էին օգնել թիկունքին։ Ես չեմ ուզում նշել անուններ, բայց պատերազմական օրերին իմ շրջապատում եղել են ֆանտաստիկ կանայք։ Նրանք շարունակում են այսօր էլ ծառայել հանուն Հայաստանի եւ Արցախի։ Այդ կանայք նրանք են, ովքեր հույս են ներշնչում ինձ որպես ՀՀ քաղաքացու, որ ամեն բան լավ է լինելու։

Եթե խոսելու լինեմ պատետերազմի ընթացքից, ապա կնշեմ որ մեր հասարակությունը ժամանակ և հնարավորություն չունեցավ մի պահ կանգ առնելու եւ մտածելու, ինքնամաքվելու, բժշկվելու։

Սա ամենամեծ ողբերգությունն է այսօր․ մենք անսահման աշխատանք ունենք անելու մեր հայրենիքը ոտքի հանելու համար, մեր հերոսների ընտանիքների առաջ, մեր վիրավոր հայրենակիցների համար ավելի լավ կենսապայմաններ ստեղծելու համար, սակայն այս ամենը փորձում ենք անել մի մթնոլորտում, որտեղ սերն այնքան քիչ է, իսկ վերքերն այնքան շատ են։

Ինչ դասեր տվեց այս պատերազմը։ Այս պատերազմի ընթացքը հոգատարության մասին էր։ Հոգատարություն սեփական երկրի, մարտական ընկերոջ, սպասող կնոջ հանդեպ։ Սա առաջնագիծ գնացած մոր մասին էր, Հայաստանի մասին էր։ Որքան էլ որ այժմ մենք շատ ենք իրարից բողոքում և դժգոհում, այնուամենայնիվ կարծում եմ ՝ մենք վերաարժևորել ենք մի բան․ Հայաստանը և Արցախը մենք ենք։ Դրանք վերացական սահմաններ չեն, դաշտեր ու ձորեր չեն, երկիրը մենք ենք և ամեն մեկս պետք ենք այս երկրին։ Այստեղ կթվա, թե պաթոս կա, սակայն խոսում եմ ամենառօեական բաներից, ինչպես կարող է երջանիկ լինել Հայաստանը և Արցախը, եթե երջանիկ չէ նրա բնակիչը, և արդյոք մենք կարող ենք իսկապես երջանկանալ մի երկրում, որտեղ մարդիկ չեն սիրում միմյանց։

Հայրենիքը և սերը նրա նկատմամբ թվում էր աննյութական։ Այժմ ես կարծում եմ, որ դա սխալ էր․ այն նյութական է, շոշափելի է։ Ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս՝ բացառելով ֆիզիկական սեռը, ապա կասեմ, որ պատերազմը բացահայտեց մեր ուժեղ և թույլ կողմերը։ Շատերիս մոտ նկատվեցին հետպատերազմյան ցնցումներ, բայց, ի զարմանս ինձ, ես դա չապրեցի։ Գուցե պատճառն այն է, որ ինձ համար պատերազմը դեռ հաղթահարված չէ։

Շուշան Փափազյան

4-րդ կուրս

Կիսվել