«Մենք մի օր հաստատ մեր երեխաներին կմկրտենք հունական ուղղափառ եկեղեցում». Մարիա Լազարևա

«Մենք մի օր հաստատ մեր երեխաներին կմկրտենք հունական ուղղափառ եկեղեցում». Մարիա Լազարևա

955

Զրույցի սկզբում Լազարևան ցավով նշեց, որ շատ ու շատ հայեր անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց կողքին ապրում են նաև հույներ։

-Օրիորդ Լազարևա, կնշե՞ք  Հայաստանի հունաբնակ վայրերը, և մեծությամբ ո՞ր տեղն է զբաղեցնում ձեր համայնքը։

-Շուրջ երկու դար առաջ, երբ պատմական Պոնտոսից հույները եկան Հայաստան, իրենց բնակավայրերը հիմնեցին Հայաստանի այն վայրերում, որտեղ կային պղնձահանքեր, մասնավորապես՝ Լոռու մարզում, Զանգեզուրի շրջանում և Հանքավանում։ Հենց այստեղ հիմնվեցին առաջին հունական գյուղերը՝ Մադանը, Յաղդանը, Կողեսը, որոնց առաջին բնակիչները հանքագործ հույն վարպետներ էին։ Տարիների ընթացքում այստեղ հույները հիմնեցին եկեղեցիներ, դպրոցներ և այլն։ Անկախությունից հետո այդ գյուղերը հունաթափ եղան։ Հույների մեծ մասն ավելի բարենպաստ կյանքի հույսով տեղափոխվեց Հունաստան։

Այսօր, սակայն, այդ գյուղերում և Հայաստանի այլ վայրերում շարունակում են ապրել հույներ։ Այդպես հունական համայնքներ են ձևավորվել Նոյեմբերյանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում, Երևանում և Արցախում։ Ցավոք, հույների թիվը կտրուկ նվազել է վերջին տարիներին, տասնյակ հազարներից մնացել են ընդամենը մեկուկես հազար հույն, որոնց նոր սերունդների գիտակցության մեջ չի մարել հույն լինելու զգացումը։

-Ինչպե՞ս է ստեղծվել Հայաստանի հունական համայնքների միություն ՀԿ-ն և ինչո՞վ է զբաղվում։

-Դեռևս 1994 թվականին Պավել Լեոնովի և հայաստանաբնակ այլ հույների նախաձեռնությամբ հիմնադրվեց Հունական հասարակական կազմակերպությունների միությունը, որը ներառում էր այդ տարիներին Հայաստանի տարբեր շրջաններում գործող հունական համայնքները։ 2019 թվականին Հունական հասարակական կազմակերպությունների միությունը անվանափոխվեց Հայաստանի հունական համայնքների միություն ՀԿ՝ նույն նպատակներով և առաքելությամբ, այսինքն՝ միավորել Հայաստանում գործող հունական համայնքները, պահպանել հունարենը և հունական մշակույթը։ Չնայած իր անդամների փոքր թվաքանակին, մեր կազմակերպությունը, այսինքն՝ համայնքը, մեծ աշխատանք է տանում այս պահին Հայաստանում և Արցախում գործող շուրջ 10 հունական համայնքների համախմբման գործում, կազմակերպում ճանաչողական, մշակութային միջոցառումներ, հունարենի անվճար դասընթացներ, որոնք այնքան անհրաժեշտ են պատմական հայրենիքից հեռու հույն մնալու համար։ Սա անչափ կարևոր է. հայրենիքից հեռու լինել, բայց մնալ հույն։

Դուք կազմակերպության նախագահ ընտրվել եք 2019-ի սկզբներին, կխնդրեմ՝ ներկայացնեք ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում ի՞նչ կարևոր ծրագրեր կամ միջոցառումներ եք հասցրել իրագործել։

-Հայաստանի հունական համայնքների միության ղեկավարությունն ստանձնել եմ նախորդ նախագահ Արկադի Խիթարովից, ում պաշտոնավարման ընթացքում մեծ թափ էր ստացել հունական երիտասարդական շարժումը։ Հայաստանի հույն երիտասարդները ակտիվ մասնակցում էին միջազգային պոնտական և հունական միջոցառումներին, ֆորումներին։ Պարոն Խիթարովը մեծ նշանակություն է տվել երիտասարդությանը, և այդ քաղաքականությունը շարունակում եմ նաև ես։ Մենք ունենք  հրաշալի թիմ-ընտանիք՝ կազմված տարբեր շրջանների հույն երիտասարդներից, ովքեր իրենց աշխատանքային և ուսումնական զբաղվածությունից զատ միշտ ժամանակ են գտնում հունական համայնքում միջոցառումներ կազմակերպելու, մասնակցելու և հետաքրքիր գաղափարներ իրականացնելու համար։

Մենք շարունակում ենք մեր մեծ սերնդի հիմնած ավանդույթները․ ամեն տարի մայիսի 19-ին երթ ենք կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու պոնտացի հույների ցեղասպանության զոհերին։ Այս տարի լրանում էր ցեղասպանության 100-ամյակը,  և այս տարվա երթը ուղեկցվեց նաև հիշատակի միջոցառմամբ։ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրինության և պոնտացի հույների ցեղասպանության բացառիկ գիտակ Գևորգ Վարդանյանի օգնությամբ մենք թանգարանում պոնտացի հույների կենցաղի, մշակույթի և ցեղասպանության հարցի ուսումնասիրությունների վերաբերյալ փոքրիկ ցուցադրություն կազմակերպեցինք, հնարավորություն ունեցանք լսելու Գևորգ Վարդանյանի դասախոսությունը պոնտացի հույների ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև ցուցադրեցինք «Պոնտոս․ Մեծ ժամանակներ» վավերագրական ֆիլմը՝ հայերեն թարգմանությամբ։

Ամենակարևոր միջոցառումներից մեկը, որ հասցրեցինք այս տարի իրագործել, հույն երեխաների ամառային ճանաչողական ճամբարն էր, որ ֆինանսավորվել էր ՀՀ կառավարության կողմից։ Ճամբարի նպատակը մեկն էր՝ արթնացնել 7-13 տարեկան հայաստանցի հույն երեխաների հունական ազգային գիտակցությունը՝ սովորեցնել հունական պարեր, երգեր, պատմել նրանց իրենց ազգի պատմությունը, առասպելները։ Դատելով դրական արձագանքներից, կարծում ենք, որ ճամբարը ստացվել էր, թեև բյուջեի սղության պատճառով ընդամենը երկու օր տևեց։ Լիահույս ենք, որ ճամբարը կկրի ամենամյա բնույթ։

Մեր ձեռնարկած միջոցառումներից բացի մենք մասնակցում ենք նաև տարբեր միջոցառումների, որ կազմակերպվում են պետության կամ էլ Հայաստանում գործող այլ ազգային փոքրամասնությունների կողմից։ Մենք միշտ ասում ենք՝ Հայաստանը մոնոէթնիկ երկիր չէ, և մեր շուրջն ապրող 11 ազգային փոքրամասնությունները գույն և երանգ են հաղորդում մեր երկրի մշակութային բազմազանությանը։

Կազմակերպության նպատակներից դուք առավել կարևոր համարում եք հունարեն լեզվի պահպանումը և ուսուցանում նոր սերունդներին։ Արդյո՞ք մեր երկրում կան հունական թեքումով կրթական հաստատություննե և ինչո՞վ է նպաստում կազմակերպությունը հունական կրթության դերի բարձրացմանը։

-Ժամանակին Հայաստանում կային հունական թեքումով և՛ դպրոց, և՛ մանկապարտեզ, որոնք այսօր, ցավոք, չեն գործում որպես այդպիսին։ Սակայն հունարենը որպես օտար լեզու դասավանդվում է ԵՊՀ-ում, Բյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Հայ-հունական քոլեջում։

Հայաստանի գրեթե բոլոր հունական համայնքներում այս պահին անց են կացվում հունարենի անվճար դասընթացներ։ Միշտ մեծ կարևորությամբ եմ շեշտում, որ մեր լեզվի դասընթացներին մասնակցում են ոչ միայն մեր համայնքի անդամները, այլ նաև շատ հայեր, որոնք սիրում են Հունաստանն ու հունական մշակույթը և լեզուն սովորելու իրենց ցանկությամբ փորձում են է՛լ ավելի մոտ գտնվել Հունաստանին։ Սա փաստում է, որ հունականությունը համաշխարհային մշակութային արժեք է, և լինելով աշխարհում ոչ այնքան մեծ պահանջարկ ունեցող լեզու, ի տարբերություն անգլերենի, գերմաներենի և այլ լեզուների, դարեր ի վեր շարունակում է գրավել տարբեր ազգերի մարդկանց։

Շուտով կսկսենք նաև հունարենի առցանց ուսուցումը, որը հնարավորություն կտա հունարեն սովորել նաև այն մարդկանց, որոնց քաղաքներում հունարենի մասնագետներ չկան։

-Հայաստանաբնակ հույները պահպանե՞լ են որևէ ազգային ավանդույթ։

-Եթե շփվել եք հույների հետ, կարծում եմ, որ ինքներդ էլ նկատած կլինեք, որ հույներն ու հայերը նման են իրենց մշակույթներով, կենցաղով, բնավորությամբ։ Հույներն էլ հայերի նման աղմկոտ, հավաքույթներ սիրող, բարեկամասեր ժողովուրդ են, այդ պատճառով էլ Հայաստանում մեզ իսկապես մեր տանն ենք զգում։ Եթե գնաք հունական գյուղեր, օրինակ Յաղդան, կհանդիպեք տատիկների, որոնք դեռ շարունակում են կերակուր պատրաստելիս կամ այգի մշակելիս հին պոնտական երգեր երգել, հունական հաց են թխում, հունական ազգային քաղցրավենիք պատրաստում։ Այդ սերունդն արդեն հեռանում է մեզանից, և մենք՝ նոր սերունդը, պետք է ամեն բան անենք, որպեսզի չկորցնենք նրանց կրած ավանդույթները։

-Համայնքը ունի իր թերթը՝ Իլիոսը, ինչ պարբերականությամբ է լույս տեսնում թերթը և ինչքանո՞վ եք դուք կարևորում թերթի առկայությունը։

-«Իլիոս» թերթի հրատարակումը հանձն առավ Երևանի հույների համանուն համայնքը, համայնքի նախագահ Սլավա Ռաֆայելիդիսի նախաձեռնությամբ։ Թերթն արդեն երկար տարիներ լույս է եռամսյակը մեկ և լուսաբանում է Հայաստանի հույների առօրյան, միջոցառումները, հույների սովորությունները, մշակութային և քաղաքական լուրերը: Թերթում հոդվածները ներկայացվում են երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և հունարեն: Չնայած, որ արդեն Հայաստանի հունական համայնքների միությունն ունի իր քառալեզու կայքը՝ www.greeks.am-ը, սակայն, մենք չենք դադարում թերթի տպագրությունը, որովհետև գյուղերում ապրող մեր տարեցները հնարավորություն չունեն համացանցից օգտվելու, մինչդեռ թերթը հասնում է բոլոր համայնքներ, և մեր հույն տատիկ-պապիկները այդպիսով տեղեկանում են համայնքի անցուդարձից։

-Այսօրվա դրությամբ ո՞ր խնդիրներն են առաջնային Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հույների համար։

-Հայաստանը մեր հայրենիքն է, որևէ ազգային փոքրամասնություն այստեղ խտրականության չի ենթարկվում, և դա իսկապես հրաշալի է։ Մենք՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններս, բնական է, որ ունենք միանման նպատակներ, ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով չենք կարողանում իրականացնել, բայց և այնպես Հայաստանում ապրող յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն ունի իր խնդիրները։ Հույների պարագայում  ունենք լեզվի պահպանման խնդիր։ Մեր պապերը, երբ եկան Հայաստան, խոսում էին  պոնտիերենով, որը պատմական Պոնտոսի հույների լեզուն է և հին հունարենից առանձին զարգացած բարբառ է։ Ցավոք, նոր սերունդները այլևս չեն խոսում այդ լեզվով, և մեր լեզվի դասերի ընթացքում մենք դասավանդում ենք նոր հունարենը։ Այսպես պոնտիերենը կամաց-կամաց մոռացվում է որպես լեզու։ Չենք կարող մեղադրել ոչ ոքի, որովհետև ազգությամբ հույն երիտասարդները, երբ որոշում են այստեղ սովորել հունարեն, նախընտրում են նոր հունարենը, քանզի այդ լեզվով են խոսում Հունաստանում։

-Ունե՞ք ծրագրեր, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով չեք կարողանում իրագործել։

-Ինչպես զրույցի սկզբում նշեցի, հույները գալով Հայաստան, կառուցեցին իրենց եկեցիները։ Ժամանակին կային, գործում էին հունական եկեղեցիներ Գյումրիում, Կապանի Բաշքանդ գյուղում, Հանքավանում, Մադանում։ Այսօր այդ եկեղեցիները չեն գործում, Գյումրիի Սուրբ Գեորգ եկեղեցին ընդհանրապես ավիրված է, միայն մի լուսանկար և մի բարձրաքանդակ է պահպանված այդ եկեղեցուց։ Մենք հասկանում ենք, որ սրանք առաջնային հարցեր չեն մեր երկրի համար, սակայն հույս ունենք, որ տեղի և դրսի հույների և մեր պետության աջակցությամբ մենք մի օր մեր երեխաներին կմկրտենք հունական ուղղափառ եկեղեցում և հունարեն պատարագ կլսենք։

-Իմ վերջին հարցին, թե ինչ կցանկանար փոխել Հայաստանում հանուն ազգային փոքրամասնությունների կյանքի որակի բարելավման, Մարիա Լազարևան պատասխանեց, որ ամենակարևորը անկախությունն է, որը Հայաստանն ունի։ Մնում է միայն, որ մարդը մարդուն սիրի, որտեղ արդեն հայ-հույն չկա, այլ կա փոխադարձ հարգանք և վստահություն։

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել