ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

401

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին։

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման ռեժիմների աստիճանական թուլացումը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներում առկա բացերը և տեխնոլոգիական առաջընթացը կարող են պայմաններ ստեղծել ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար:

Ընդգծվել է, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի վերահսկումն ու չտարածումը պահանջում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն և գործողությունների համակարգում, այդ թվում՝ վերահսկողության միջազգային արդյունավետ ու գործուն մեխանիզմների ապահովման և ազգային կարողությունների զարգացման նպատակով պետություններին աջակցելու միջոցով։

Հանդիպմանը, որպես բանախոսներ, մասնակցել են ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Ռայս-Հաուելը, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովը և ԱՄՆ Պետքարտուղարության ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ազգային համակարգող Թոդ Փերին:

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է Հարավային Կովկասում ԴԱԵՇ, Ջաբհատ-ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայության վրա, որն իրական սպառնալիք է ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգությանը:

Հետագա ահաբեկչական ակտերի կանխարգելման, ինչպես նաև այդ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համարվել հետաքննման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը:

Նիստին անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման 2021 թ. համապարփակ վերանայման գործընթացին ընդառաջ: Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներդրումը չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերում:

Կիսվել