ի՞նչ ազդեցություն է թողնում ժամանակակից գրականությունը երիտասարդների վրա

ի՞նչ ազդեցություն է թողնում ժամանակակից գրականությունը երիտասարդների վրա

827

Թե ինչ ազդեցություն է թողնում ժամանակակից գրականության մեջ արծածված տաբու թեմաները, հայհոյանքները, բաց տեսարաննրի բազմազանությունը ընթերցողի վրա, փորձեցինք իմանալ հենց ընթերցողից.

 «Ես սովորական եմ նայում այդ ամենին: Դա ուրիշ համ ու հոտն է տալիս ստեղծագործությանը: Դու ավելի անկեղծ ես կարդում դա, այդ արվեստը անկեղծ է, քո առջև լրիվ մերկ: Ժամանակակից գրականությունը կյանքն է ցույց տալիս, իսկ դա կյանքի մի մասնիկն է: Դու կստես, եթե կյանքը ցույց տաս, այդ կողմը պահես, որովհետև կյանքը մեծապես դա է:

Իսկ այն տեսակետը` արդյոք գրականությունը ունի իր մեջ մեսիջ, որը ուղղված է բացասաբար ազդել երիտասարդների վրա,  Գոհարը ծիծաղելով հերքում է:

«Ես համոզված եմ՝ չկան նմանատիպ բաներ, եթե դու գրող ես, դու գրում ես ինչ զգում ես` առանց որևէ հետին մտքի: Եթե հայհոյանքները շատ գռեհիկ ու կոպիտ չեն շարադրված և կարդալիս նողկանք չես ապրում, ուրեմն նորմալ եմ նայում դրան: Իսկ բաց տեսարանները, իմ կարծիքով, բավականին նորմալ են գրականության, ինչպես նաև արվեստի մեջ, բայց եթե գեղեցիկ է ներկայացված»:

Պրոպագանդող տարրեր հնարավոր է, որ պարունակի ժամանակակից գրականությունը, բայց ինձ թվում է, շատ բաներ կապված է հենց ընթերցողից, թե ոնց կընկալի դա»:

Ռոմելլա Դավթյան

«Ես լիովին նրմալ եմ նայում այդ ամենին, քանի որ ժամանակակից գրքերը խոսում են ժամանակակից աշխարհի մասին: Առօրյայում հաճախ ենք հայհոյանքներ օգտագործում, և բնական չէր ինի, եթե նման տարրեր չլինեին գրքերում: Ինչքան շատ տաբու թեմաների մասին խոսվի, այդքան ամեն ինչ բնական կդիտվի: Գուցե ժամանակակից գրականուտյան մեջ ինչ-որ բաներ պրոպագանդվեն, բայց չեմ կարծում՝ դա բացասական պրոպագանդա է»:

Էլեն Ամիրխանյան

«Եթե գիրքը հետաքրքիր ա ու միջից քաղելու բան ունեմ, ուղղակի անտեսում եմ նման տեսարանները կամ հայհոյանքները, տհաճ զգացումա առաջացնում, բայց հետաքրքիր շարունակությունը մոռացնելու ա տալիս: Ամեն դեպքում, եթե չենք ուզում տենց գիրք կարդալ, կարանք ուղղակի տարիքային սահմանափակումը նայենք ու ծանոթանանք գրքի բովանդակությանը: Կան գրքեր, որ նույնասեռական հերոսներ ունեն, ու էդ ամենը ներկայացնում են որպես նորմած երևույթ: Ես չեմ ընդունում դա, եթե մարդը հաճախ նույն բանի մասին կարդա կամ հանդիպի, դա իրա համար նորմալ կդառնա»:

Էմմա Օհանյան

«Բացասաական վերաբերմունք ունեմ։  Տվյալ դեպքում գիրքը հոգուդ մեջ սիրուն զգացմունքներ աճեցնելու փոխարեն մոլախոտեր է աճեցնում։  Սիրո ողջ ռոմանտիկան, քնքշանքը, գեղեցիկը ուղղակի  չքանումա։ Այո, որոշ ժամանակակից գործեր երիտասարդությանը շեղելու հակում ունեն»:

Անի Բրուտյան

«Արվեստը միանշանակ ոչ մի սահման չի ճանաչում: Ամեն դեպքում գրողը պետք է իրեն որոշակի չափով սահմանափակի` հասկանալով, որ իրեն չի կարդում կոնկրետ ինչ որ մասսա: Իմ պատկերացրած արվեստը պիտի լինի համընդհանուր, բոլորի համար պարզ ու հասկանալի, ու ոչ ոք դա կարդալիս պիտի իրեն վատ չզգա:  Հակառակ դեպքում որոշակի կաստաներ են ստեղծվում, և այն ընթերցողը, որը հասկանում է, մտածում է, թե ինքը բարձր է»:

Ռուզաննա Մալխասյան

«Խնդիրը նրանում է, որ համաշխարհային գրականությունը, որը ես կարդում եմ, չեմ հանդիպում էնպիսի արտահայտությունների, որոնք բառացի խաղում են կերպարի արժանապատվության հետ, ամենաբացը տեսարանները նույնիսկ որ ներկայացվում են (օրինակ Պաուլու Կուելյոի «Անհավատարմություն», «Վերոնիկան որոշում է մեռնել» գրքերում, կամ Ստեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»), առավել զգացմունքառատ են ներկայացվում, այսինքն եթե նրանք ապրում են իրենց առաջին գիշերը, ապա բնական է, որ պետք է կիրք լինի, վախ լինի, ու կարևոր է էդ բաց տեսարաններին զգացմունք տալը, որ այն երևակայել հնարավոր լինի: Հայ գրականության մեջ այլ է պատկերը (Արփի Ոսկանյան «Չի վաճառվում» գրքում պատմվում է Կարմիր գլխարկի մասին, ում գայլը անբարո առաջարկություն է անում: Կարևոր է երիտասարդներին վատը չմատուցելը գրքերով, որովհետև վատը կենցաղում էլ բավական շատ ա,- այս ամենի մասին խոսելով Թամարան հավելում է,-

Երիտասարդության այն խավը, ով թույլ հոգեբանություն ունի, կամ հնարավոր է ընկնի որոշակի իրավիճակների ազդեցության տակ, հնարավոր է, որ պրոպագանդվի ոչ դրական առումով: Վառ օրինակը «Փրկիչը տարեկանի արտում» գիրքն է, որը կարդալուց հետո արդեն 27 երիտասարդ ինքնասպան է եղել: Նման ծանր գրքերից է նաև «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը, որը նույնպես թույլ նյարդեր ունեցողին տրաուրի կարող է ենթարկել: Էլ չեմ ասում դեպքերը, որ երբեմն այնպիսի գրքեր, ինչպիսին «Մոխրագույնի 50 երանգներ» և այլն, երբեմն ճիշտ չեն ըմբռնում երիտասարդները ու փորձարկում այն իրական կյանքում, չհասկանալով սադիստի սիրո բուն էությունը ու դրանով աղջիկներին ենթարկում հոգեբանական ու ֆիզիկական բռնության, ինչը երբեմն կանանց ու աղջիկներին կարող է հասցնել հոգեբուժարան: Իսկ սարսափ գրքերը կարող են կոմպլեքսներ առաջացնել: Նման դեպքերում շատ կարևոր է գրախանութներում և գրադարաններում աշխատողների դերը, որ խորհրդատվությունը չիրականացվի զուտ փիառի հիման վրա»:

Գրադարանում աշխատողների կարծիքն էլ հակասական է.

Հասուն մարդը հասկանում է իրեն ինչ է պետք վերցնել, իսկ ինչը՝ ոչ, սակայն երիտասարդությունը չունի դա տարբերակելու ունակությունը, և կարող է շատ հեշտ վերցնել նաև վատը: Մեր դաստիարակությունը դեռ պատրաստ չէ այդքան բացին: Ամեն ինչ պետք է սկսել ընտանիքից, որ երիտասարդը այդքան բան կարդալով, նայելով, պիտի ինչ որ չափով պատրաստ լինի դրանն: Եթե նույնսիկ մեզ տալիս են այդքան մեծ ընտրության ազատություն, պիտի այդ ազատությունը մեր մեջ նստած լինի, որ կարողանանք ճիշտ ընտրություն կայացնել»:

«Եթե հասարակության բոլոր շերտերը սկսեն ազատ գրել, ցուցադրել իրենց նախասիրությունները, մեր երկիրը կվերածվի սոդոմ գոմորի, Բաբելոնի, և կսկսենք իրար ուտել: Այդ պատճառով ավագ սերունդը հիմա երանի է տալիս Ստալինի ժամանակները, որ ամեն տեղ սահմանափակում լինի», – ասում է Մարո Ասատրյանը:

Գրադարանի վարիչ տիկին Այդան, չնայած տարիքային տարբերության, համարում է, որ արվեստը ոչ մի դեպքում սահման չպիտի ունենա:

«Ոչ մի վտանգ չեմ տեսնում ժամանակակից գրականություն կարդալու մեջ, ընդհակառակը: Ամեն մի ժամանակաշրջանի սերունդ ունի իր բնորոշ հատկությունները:  Վերցնենք օրինակ «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Ես ինքս կարդացի և բավականին գոհ եմ: Ամբողջը դաստիակչական պատմություն է` սիրո, ընկերության մասին:  Այս ամենը հանում է ներկայումս տիրող զոմբիացումից, ստանդարտ կաղապարների միջից: Արվեստը ոչ մի դեպքում սահման չպիտի ունենա»:

Գրականագետների և ընթերցողների կարծիքին անդրադարձան հայ ժամանակակից գրողները.

«Ես ինքս չեմ անում նման բաներ, բայց երբեմն լավ եմ վերաբերվում, երբեմն՝ ոչ: Ամեն դեպքում դա բերում է դեկոստրուկցիայի` ապակառուցման մոտեցման: Պետք է հին կառույցները քանդել` նորը ստեղծելու միտումով: Նոր գրականությունը փարձում է և խնդրականացնել չքննարկվող հարցերը, բաներ, որոնք ծալվել են արժեքներով և կարոտ են քննարկման, բացության: Այլ հարց է, թե ինչ մակարդակով է դա արվում:

Գրականությունը ուղերձ է պարունակում ներկայիս հասարակության մասին: Դա նման է լինքերի: Բայց սա կողմնակի վերագրություն է գրականությանը, դրա առաջնային գործառույթը կատարումն է»:

Մարիամ Կարապետյան

«Հիմա գրական քննադատությունը դարձել է «թայֆա»-ի նման մի բան, շատերը շարժվում են ընկեր-բարեկամ սկզբունքով, քննադատություններն էլ արվում են անհիմն: Եթե մարդ գրականաքննադատ է, նա պիտի կարդացած լինի բոլորին: Բայց ես կասկածում եմ, որ նրանք կարդացել են, որովհետև նման բան չկա: Ընդհակառակը, ես կասեի՝ մարդիկ կան, ովքեր տանում են դեպի լույսը: Եթե դու գրականությունը նայում ես ֆեսյբուքայն աղբի մեջ, պարզ է, որ որակը անհամեմատ կընկի: Իսկ իսկական գրականությանը վատ որակների տալը, դա սև փիառի ձև է»:

Իսկ բաց տեսարանների բազմությանը Ռազմիկ Գրիգորյանը վերաբերվում է հետևյալ կերպ.

«Եթե դա իրոք գրականություն է` նորմալ եմ նայում, բայց ժամանակակից գրականության մեջ ես չգիտեմ շատ մարդկանց, որոնք այդ ամենը դարձնում են իսկական գրականություն: Եթե մարդ գրում է մերկության մասին, որ ավելի շատ մարդ կարդա, էդտեղ գրականությունն էլ, գրողի էությունն էլ վերջանում են: Եթե մարդկանց ներսից ոչինչ չկա տալու, այդ ամենը ստատուսի մակարդակի կեղտոտ փիառ է դառնում: Կան մարդիկ, ովքեր կարող են գրել սպիտակ թղթի մասին, բայց դա դառնա արժեք: Եթե մարդ ուզում է թույնով կերակրի ընթերցողին, նրա գրականությունը կարող է ապրել միայն մի քանի տարի, սկզբում նրան կհամարեն համարձակ, բայց այդ գրականությունը շուտ կմեռնի: Եթե գրականությունը պիտի այլասերի, դա գրականություն չէ, բայց եթե դու ցույց տաս, թե այլասերությունը ինչ վատ բան է, դա լրիվ ընդունելի է»:

«Սահման ասվածը իր մեջ ենթադրում է որոշակի պատասխանատվություն: Պիտի պարզապես հասկանանք` մեր նպատակը բարին է, թե՝ չարը:  Տեքստում չպիտի լինեն բաց տեսարաններ կամ հայհոյանքներ միայն նրա համար, որովհետև դա արգելված է: Պետք է լինի պատմություն, որտեղ կա կյանք, որը ապրում են մարդիկ, և որի արդյունքում կատարվում է այդ ամեն ինչը: Ես ինքս ունեմ մի հեքիաթ գրած, որտեղ շատ ուղիղ կերպով կա հայհոյանք: Ես նորնալ եմ նայում յուրաքանչյուր բանի, որը անկեղծ է ու իր բովանդակության հետ նորդաշնակ: Բառը միջոց է, որով պատմողը փորձում է ինչ-որ բան նկարել: Գրականությունը պիտի քնից արթնացնողին ուղված զանգի ֆունկցիան կատարի: Մեկը կարող է սիրալիր արթնացնել, մեկը ավելի կոպիտ, կարևորը արթնացնի,- ասում է Գար Սուն,  իսկ գրաքննադատների կարծիքին պատասխանում է,- Գրաքննադատներ են, իրավունք ունեն ասել այն, ինչ մտածում են, ես էդ կարծիքը չունեմ: Իմ կարծիքով՝ մենք ապրում ենք բավականին բեղմնավոր ժամանակներ հայ գրականության ստեղծման իմաստով` մասնավորապես, նկատի ունենալով ոչ թե թեմաների սրությունը, ժամանակի փոփոխությունը, այլ ուրախությամբ տեսնում եմ, որ ձևավորվում է գրող, հրատարակիչ, գրական գործակալ ինստիտուտը: Էդ ընթացքում դաշտը ազատ է, և մարդ, ով ունի որոշակի ֆինանսական միջոցներ, կարող է տպագրել այն, ինչ ուզում է: Նույնկերպ էլ ինտերնետում կան շատ նյութեր, որոնք վտանգ են ենթադրում: Եթե խոսենք վտանգից, ապա ինտերնետում այդ վտանգը ավելի շատ է, քան տպագիր դաշտում:  Եթե դու կարդացել ես մի բան, որից ամոթից գետինն ես մտել, դա գրողի խնդիրը չէ, այլ քո խնդիրն է, որովհետև դու, հանդիպելով նման բանի, պիտի պարզապես ծալեիր գիրքը, դնեիր մի կողմ, ոչ թե կարդայիր, վերջացնեիր, նոր ամաչաեիր կարդացածիցդ:  Նման գրողներին խարույկ բարձրացնելը փոքր ազգերին բնորոշ ինքնապահպանման բնազդի դրսևորում է: Եթե հայհոյանքի նպատակը էպատաժն է, հասարակությանը ցնցելը` ես չեմ ընդունում, դա պրիմիտիվ բան է, ընդամենը սեռական բնազդը բավարարելու համար: Սակայն եթե դա դառնում է այլ խնդրի վրա ազդելու միջոց` դա ընդունելի է: Նույնիսկ Շեքսպիրի մոտ կան շատ հայհոյանքներ, բայց դրանք ընդամենը միջոց են իր հիմնական ասելիքը ասելու»:

«Ցավոք, շատ են այսպիսի միջոցները դառնում ինքնանպատակ: Հիմա մենք աշխատում ենք մարդու առաջնային բնազդներին ազդելու վրա: Սակայն բնազդը այնպիսի բան է, որ որակապես չի բավարարվում, այլ քանակապես:

Գրականության նպատակը հենց ինքն է` գրականությունը: Դա մարդու ներքին ճիչն է, ոչ մի պարտականություն չունի: Այս քննադատությունները կեղծ, պաթետիկ բաներ են, որը մեր ազգի մեջ լավ մտած է: Դրանք հոգեպես խղճուկ, պետական մտածողությունից զուրկ մարդկանց կենսաձև է, երբ բովանդակություն չկա, բայց արտաքին ամեն ինչ պահպանվում է», – նշում է Վահե Արսենը

«Արվեստը պիտի սահմաններ չճանաչի, եթե իհարկե արվեստ է։ Բայց արդյո՞ք ազատ խոսելը գրականություն ստեղծելն է: Պիտի կարողանանք գռեհիկ խոսքը ազատ խոսքից տարբերել և ամեն գրվածք գրականություն չհամարել։ Շատերը բիզնես են անում՝ համագործակցելով հրատարկչությունների հետ։ Ցավոք, մեզանում կան նման երևույթներ, ստեղծվում է սատանիստական գրականություն, իսկ այն շատերին կարող է գայթակղել։ Այս հարցը շատ լուրջ է, Աստծուց հեռացած մարդն ամեն ինչի ունակ մարդն է, եթե մեր երիտասարդները հետևեն այդ գրականությանը, դառնալու են չարի գործիք և չարիք են տարածելու ամենուր։ Չմոռանանք, որ ստեղծագործողը, արարողը ևս ծառայում է, կան ստեղծագործողներ, որ ծառայում են բարուն, կան, որ ծառայում են չարին։ Ուստի մեր պատանիներն ու երիտասարդները պետք է աչալուրջ լինեն, հետևորդ չդառնան չարին։ Բարիք արարենք, որ աշխարհը լցվի բարությամբ»։

Հայուհի Սուսաննա Ղազարյան

«Այո, արվեստը սահմաններ չունի: Ժամանակի ընթացքում ամեն ինչ բյուրեղանում է: Տարբեր թեմաներ կարծարծվեն, կլինի գրական, գեղագիտական, այլ դիսկուրս, ազատությունը, ազատ խոսքը՝ իրացվելով գրականության միջոցով, կունենա որոշակի տրանսֆորմացիաներ, բայց դեֆորմացիա հաստատ չի լինելու: Ջրերը միշտ էլ զուլալվում են, տեղատվության ու մակընթացության, ջրհեղեղի պայմաններում էլ պղտորը զատվում է վճիտից: Այնպես որ, խոսել, գրել կարող են շատերը, բայց գրականացնել ասելիքը սակավներին է տրված: Առանձինների գրերը չեն կարող համահավաք օրակարգ ձևավորել: Սատանիզմի մասին պնդումները բոլոր ժամանակներում էլ եղել են, կրոնական, ուսմունքային ու այլ շարժառիթներ մշտապես կան: Գրականությունը պետք է դիպչի մարդու խղճին, մտքին, հոգուն, մնացյալը՝ ժամանցելի պաճուճանքներ են»:

Արա Ալոյան

«Հայհոյանքներ օգտագործելն ինքնանպատակ չեմ համարում, բայց կարող են լինել գրողներ, որոնք ինքնանպատակ են օգտագործում և կարող են լինել տեքստեր, որտեղ ինքնանպատակ է օգտագործված: Սա սուբյեկտիվ գնահատականի հարց է: Ամեն տեքստ ու հեղինակ կոնկրետ պիտի նայվի, իր տեքստի ու իր կերպարի համատեքստում: Բայց, այնուամենայնիվ, գնահատականը սուբյեկտիվ է լինելու: Ընդհանուր առմամբ հանգիստ եմ վերաբերվում հայհոյանքներին, ինքս էլ երբեմն օգտագործում եմ՝ կախված նրանից դա իմ տեքստին պետք է, թե՝ ոչ»:

Ի հակառակ գրականագետներին, Սարգիս Հովսեփյանն ասում է.

«Մարդիկ ովքեր որոշակի շեղումներ են ունենում, այն առումով, որ ինչ-ինչ տեքստերի ազդեցության տակ սկսում են ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորել, ամենայն հավանականությամբ որոշ անառողջ հակվածություններ ունեն և նրանց թերևս հոգեբանական կամ այլ օգնություն է պետք: Բայց ամենատարբեր տեքստեր միշտ եղել են ու կլինեն, ու շատերն են կարդում, բայց մեծամասնությունը դրանից հետո ադեկվատությունը չի կորցնում: Իմ համոզմամբ՝ ծայրահեղական կամ ոչ միանշանակ տեքստերի վատ ազդեցության պատճառը ոչ թե էտ տեքստերն են, որոնք միշտ կան, այլ կրթության ցածր մակարդակը, վատ դաստիարակությունը, աղքատությունը, հուսահատությունը և այլն: Ուստի պիտի սրանց մասին մտածել, ոչ թե փորձել արվեստն ու գրականությունը զսպել»:

«Ծանո՞թ եք 50-ականներին Ամերիկայում սկիզբ առած «Խոստովանական պոեզիային»: Միշտ խոսել եմ այդ մասին ու չեմ դադարում հիանալ նրանց արածով: Երբ նրանք չափազանց բաց էին, ներանձնական, կոտրում էին տաբուները, վիրահատելով սեփական անձը, ամեն ինչ ի ցույց էին դնում իրենց գործերում: Կարելի է նշել նրանց անդրադարձը հետագայում ֆեմինիզմի վրա, ինչ-որ տեղ հոգեկան խնդիրներ ունեղող անձանց նկատմամբ ստիգմատիզցիայի և  այլն, և այլն… Շատ երկար կարելի է խոսել, իսկ ասածս այն է, որ ազատությունը կենսական է գրականության համար»:

Արամ Մամիկոնյան

«Ամեն ինչ ինքնանպատակ կհամարվի գրականության մեջ, եթե համատեքստում չի արդարացվում: Արվեստի ու կյանքի տրամաբանությունը չպետք է նույնացնել: Եթե անհրաժեշտ է, պետք է հայհոյանք էլ գրել, բայց չմոռանալ ՉԱՓԻ մասին: Դա պետք է լինի կերպարի էությանն ու իրավիճակին համապատասխան: Մի շարք մարդիկ, ունենալով ներքին, ներհոգեկան, հոգեբանական, ընտանեկան, միջանձնային և այլ խնդիրներ, փորձում են «ստեղծագործելու» միջոցով լիցքաթափվել, և հաճախ այդ գրվածքը չի դառնում արվեստ, այլ դարդաթափություն: Հայհոյանքը ֆրուստրացված հոգեվիճակի, գերլարումի, էմոցիոնալ շիկացած վիճակի պայթյուն է, երբեմն՝ մտքի տկարության հետևանք, -ասում է Էլֆիկ Զոհրաբյանը հավելելով,- Չգիտեմ՝ ո՞ր գրաքննադատն է նման բան ասել, բայց երևի կատակել է: Գրականությունը գովազդային գործակալություն չէ, կամ պրոպագանդայի բյուրո: Մարդիկ ավելի խելացի են, քան շատերը կարող են պատկերացնել:  Եթե մարդն ինքն ուզում է դառնալ սատանիստ, կդառնա, եթե մարդու մեծ սիրո օբյեկտը սկզբից անհասանելի է թվում, ժայռն էլ կճեղքի, հասնելու նրան, իսկ «ճիշտ ճանապարհը» մեկի համար հմտորեն խաբելն է, մյուսի համար՝ ազնիվ, պարկեշտ ու անկեղծ մարդ լինելը: Սխալ պատկերացումներ ունենալու պատճառով հասարակությունը կարող է շատ տուժել, մինչև հասնի այն երանելի ժամանակը, երբ կրթության բարձր որակի շնորհիվ կունենանք ողջախոհ հասարակություն և պրոֆեսիոնալ մասնագետներ, այս դեպքում՝ իր մասնագիտությանը տիրապետող գրաքննադատ»:

Հովհաննես Իշխանյանը ի պատասխան գրականագետի` ասում է.

«էդ ասողները ընդունե՞լ են, որ այլևս երիտասարդ չեն։ Էնքան բան կա էս կյանքում, որ սխալ ուղղության վրա ա տանում, որ տենց չլիներ, գրականություն էլ չէր լինի։ Այսինքն, սկզբից ուղղությունն ա լինում, հետո՝ գրականությունը։ Մի օրինակ բերեմ, Կապոտեն, որ սառնասիրտ սպանություն վեպը գրեց, էրկու երիտասարդ սխալ ուղղությամբ էին գնացել, դրա համար դառավ գրականություն»:

«Եթե նույնիսկ ինքնանպատակ է, ինձ՝ որպես ընթերցողին, դա չի հետաքրքրում, եթե տվյալ ստեղծագործությունն ընտիր է արված, ինձ բավարարում է և այլն, ապա գրողի դրդապատճառը ինձ բնավ չի հուզում»,- ասում է Անրի Գրիգրյանը

Արթուր Հայրապետյանը ևս համաձայն չէ այս ձևակերպման հետ.

«Նման բաներ ասում են հիմնականում այն մարդիկ, որոնց հայացքները ուղղված չեն գրականությանը։ Ավելի շատ ուղղված է ներքաղաքականը: Այսինքն, գրականությունը օգտագործում են իրենց ամբիցիաների համար, ինչն էլ ավելի շատ քաղաքականությանն է վերաբերում, որեսզի հասարակության մեջ ձևավորեն մի կարծիք, որ ամեն ինչ արվում է քանդելու հայկականը, ինչպես որ օգտագործում են ազգայինը»։

«Արվեստը կարող է ունենալ սահմաններ, եթե արվեստագետը ինքն է դնում դրանք, ցանկացած դրսից դրված սահման խանգարելու է և շատ շուտ դուրս մղվի։ Ես ինքս գրում եմ բավականին ազատ, բայց կարող եմ ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք ինտուիտիվ հետ են պահում ինձ որոշակի թեմաների մասին խոսելուց։ Բաց տեսարանների, կամ հայհոյանքներին վերաբերում եմ շատ հանգիստ, այնպես ինչպես սովորական տեսարաններին ու մաքուր գրական տեքստին։ Ընդհանրապես բոլոր ժամանակներում նոր արվեստը մինչև ինստիտուցիոնալացումը և ընդունելի դառնալը որոշակի վախեր է առաջացնում մարդկանց մոտ, բայց ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարծում, թե ժամանակակից գրականությունը լուրջ ազդեցություն ունի հասարակության վրա այսօր»,- նշում է Նորայր Սարգսյանը:

«Արվեստը հենց սահմանները հարցականի տակ դնելու համար է։ Տաբուներ չպետք է լինեն, բայց տաբու կոտրելը չպետք է լինի ինքնանպատակ։ Հայհոյանքներին շատ հանգիստ եմ վերաբերվում, եթե պատումի տրամաբանության մեջ են, օրինակ՝ հերոսը ոչ թե դոկտոր պրոֆեսոր է, այլ սովորական կյանքով ապրող ու երբեմն փողոցային լեզու օգտագործող»։

Այս պնդումն էլ Արտավազդ Եղիազարյանինն էր, ով հարցին, թե ի՞նչ կասեր ի պատասխան այդ քննադատուտյուններին, ասաց. «Կասեմ՝ լավ էլի, ու սմայլիկ կավելացնեմ ։Ճ »:

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել