Պատերազմը և կանայք

Պատերազմը և կանայք

705

Ես Մարիամն եմ Մարտիրոսյան, 25 տարեկան, ամուսնացած եմ և ունեմ 1 տղա։

Այժմ աշխատում եմ Majorel Armenia գրասենյակում, պաշտոնս թիմ-մենեջեր է։ Աշխատում եմ 20 հոգանոց թիմի հետ։ Պատասխանատու եմ որակի, քանակի, կարգապահության համար։ Մինչ աշխատանքի վերադառնալը զբաղեցնում էի  կրտսեր մենեջերի պաշտոնը,  վերադառնալուց մեկ ամիս անց դարձա ավագ մենեջեր։

Իմ աշխատանքը ենթադրում է  անընդհատ ուղիղ շփում աշխատակիցների  հետ, աշխատանքի որակի գնահատում և տարաբնույթ քննարկումների անցկացում։ Խոստովանում եմ, որ աշխատանքս  սթրեսային է։ Ես մայրության արձակուրդում էի, երբ սկսվեց պատերազմը։ Տանն անընդհատ լրահոսին էի հետևում։ Ճիշտ է, չէի աշխատում, բայց թարգմանչական խմբում էի՝ հստակ ժամային բաժանում էինք կատարել։ Երեխայիս քնեցնելուց հետո անմիջապես անցնում էի  աշխատանքի։ Ես գերմաներեն  լեզվով րոպեի արագությամբ  թարգամնում էի լուրերն ու տարածում էինք մեր թարգմանչական խմբով՝ բոլոր հնարավոր աղբյուրներում։ Անհանգստություններս կրկնապատկվեցին, երբ պետք է գնայի աշխատանքի։ Պատերազմը հազարապատկել էր աշխատանքային  սթրեսը, սակայն ես պետք է ներկայանայի աշխատավայր՝ աշխատակիցների և աշխատանքի վիճակը կայունացնելու։

Ինձնից պահանջվում էր ճիշտ մոտեցում ցույց տալ աշխատակցին՝ նույնիսկ սխալ կամ ոչ բավարար աշխատանք կատարելու դեպքում։ Պատերազմի ամենասկզբից ինձ համար բարդ էր։ Ես, որ երբեք ոչնչից չէի վախեցել՝  հաղթահարում էի երեխայից հետո աշխատանքի վերադառնալու բարդությունը, կյանքից հետ մնացած լինելու զգացողությունը։ Ինձ համար անսովոր էր համակերպվելը այն մտքին, որ աշխատանքի շրջանակում երեխայից  հեռու եմ գտնվելու։ Աշխատանքային ժամերից դուրս էլ երեխայի հետ կրկին գերլարված էի։  Ինքն էլ զգում էր՝ վատ էր քնում, կամ չէր ուտում։

Ես հիշում եմ , որ

Կարծես երեկվա պես հիշում եմ պատերազմը սկսվելու առաջին՝ սեպտեմբերի 27-ի առավոտը։ Կարծում եմ, երբևէ չեմ մոռանա այդ օրը։ Ես գիշերը չէի քնել՝ երեխան անհանգիստ էր։ Առավոտյան վաղ մի կերպ փորձեցի վեր կենալ ու Հայկը՝ ամուսինս ասաց, թե  չիմացար՝ Ստեփանակերտն են ռմբակոծում։

Ես քարացած  կանգնել էի օրորոցի կողքին ու չէի կարողանում ոչ մի նորմալ նախադասություն ասել, բացի անընդհատ հարցնելուց ՝ ո՞նց։

Պատերազմից առաջ ես փորձում էի, բայց լրիվ չէի հասկանում մամա լինելու բարդությունը։ Հետո  հասկացա, որ կարող ես ամենամեծ դժվարությամբ կրել, ծնել ու մեծացնել երեխայիդ, հետո մի առավոտ այլևս չտեսնել։

Հիմա կարող եմ ասել, որ հաջորդող օրերին ես ինձ առավել քան մամա էի զգում։ Ասես բոլոր զինվորների համար մամայություն, ցավ, ափսոսանք ու վախ էի զգում։ Դա ահավոր ծանր զգացողություն էր։

Այժմ գուցե տարօրինակ հնչի, բայց առաջին օրերին ես «ափսոսում էի» որ երեխա ունեմ։ Մտածում էի՝ եթե երեխաս չլիներ, ինքս իմ կյանքի համար երբեք չէի վախենա։

Ես թուլություն ու անկարողություն էի զգում, չնայած ուժեղ մամա եմ։ Երեխայիս համար ամեն ինչ անում եմ, պատրաստ եմ ամեն գնով իրան պաշտպանելու, բայց մեկ էլ հոպ՝  հասկանում եմ որ այնպիսի  իրողության առաջ եմ, որտեղ մեծ հաշվով անկարող եմ։ Հենց  այս զգացողությունից էլ հավանաբար, որ  որոշեցի պատրաստ ունենալ առաջին պետքական իրերի պայուսակը՝  երեխայի տաք հագուստով և այլնով։ Կարծես ամեն րոպե սպասում էի։

Վախեր, անհանգստություններ

Պատերազմի ավարտից  այսքան ժամանակ անց ես մինչև հիմա էլ չեմ հաղթահարել վախերս ու դժվար էլ կարողանամ հաղթահարել։ Առաջինը, որ բնորոշ էր պատերազմի ընթացքին ՝ տղա երեխայիս հանդեպ վախն էր  ու իր ապագայի  հանդեպ անորոշությունը, հարազատ կորցնելը, հայրենիք կորցնելը։

Ես հաճախ եմ եղել Արցախում՝  Թալիշից դեպի Հադրութ, Շուշիից ՝ Քարվաճառ։ Այցելել եմ գրեթե ամեն տեղ  ու հիմա առօրյա գործի մեջ բռնեցնում եմ ինձ այն մտքի վրա, որ մտովի պատկերացնում եմ, թե ինչ են անում հիմա թուրքերը այս կամ այն վայրում, կամ տեսնես ինչ վիճակում է այս տունը, այն փողոցը։

Աշխատանքիս ընթացքում  վախս Արցախից տեղահանվածների հետ երես առ երես հանդիպումն էր, որից ամեն կերպ խուսափում եմ անգամ հիմա։ Պատրաստ եմ ամեն տեսակ հանգանակության, անհրաժեշտ իրերի հավաքագրման, միայն իրենց աչքերին չնայեմ՝  կարծում եմ բավարար համարձակություն և ուժ չունեմ։ 

Պատերազմի ամիսներին մեր ֆիրման համագործակցում էր «Բռունցք» հասարակական կազմակերպության հետ։ Ֆինանսական օգնություն էինք տրամադրում,  գնում էինք  մեծ արկղերով նվերներ ու նոր տարվա սնունդ տեսակավորում և բաշխում։ Այդ օրերին հիշում եմ զգացողություններս։ Երեխաների համար  նվերներ կային՝ չկարողացա ըմբռնել կամ իմ իրականության մեջ չտեղավորվեց, որ այդ  «նվեր» ստացողը կարող էր նաև  իմ երեխան ՝ Ռուբենս լինել։ Գիտես, հենց այս ժամանակ էլ կարծես առավել շոշափելի հասկացա, որ երբ մայր ես լինում, միայն  քո երեխայի համար չէ, որ  մամայություն ես զգում։

Ես առիթից առիթ ռազմական ու քաղաքական վերլուծաբան, բժիշկ ու լրագրող չեմ դառնում

Պատերազմի ընթացքում, երբ  լրատվության թարգմանությամբ և  նյութերի տարածմամբ էի զբաղվում՝ Բունդեսթագում աշխատանքային պրակտիկայի արդյունքում ծանոթ պատգամավորի հետ մշտական կապի մեջ էի՝ փորձում էի հասկացնել իրականությունը։ Հենց այստեղ էր, որ գիտակցեցի՝ մեծ քաղաքականությունն ուրիշ պլաններ ունի։ Հիշում եմ զգացողությունս, թե անօգուտ է աշխատանքը, որով զբաղվում էի։

Մենք նաև  հրատարակչություն ունենք։ Այդ ընթացքում գրքերի վաճառքից պարբերաբար փոխանցումներ էինք անում ֆոնդին։ Այստեղ էր, որ  համարեցի ամենաճիշտը՝ ուժերի ներածի չափով անել այն, ինչ կարող ենք։

Ես հիշում եմ նաև նոյեմբերի 10-ը, երբ լուրեր տարածվեցին Շուշի քաղաքն հանձնելու մասին։ Այդ օրը ես ևս աշխատանքի էի։ Պետք էր համակարգողի գործը կրկին իմ հսկողության տակ առնել, բայց թևաթափ, չգոյության վիճակ էր։ Ես ապագա չէի տեսնում, անընդհատ հարց էի տալիս՝ ինչ ապագա պիտի տամ երեխայիս այս պայմաններում։

Երբ այս մտածմունքների մեջ էի, նկատեցի, թե աշխատակիցներից մեկն ինչպես է համակարգչի առաջ նստած լաց լինում, ասելով, թե հրաժարվում է հավատալ այդ իրականությանը։ Այժմ չեմ հիշում, թե ինչպես կարողացա ինձ հավաքել և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու ինձ հատուկ զսպվածությամբ ասացի, թե պետք է հավաքվել և աշխատել։ Խոստավանում եմ, ինքս էլ դրան չէի հավատում, սակայն այդ պայմաններում միակ խելամիտ քայլն էր։ Վշտակցելու ոչ մի խոսք, միայն գրկեցի և փորձեցի անզգայություն ցույց տալ։ Գրասենյակում այդ օրերին բոլորին  աշխատելու «տրամադրում էր» այն միտքը, որ դրսից գումար ենք բերում Հայաստան, հիմնադրամներին փոխանցումներ կատարում ․ դա այն էր, ինչով փաստացի կարող էինք  օգնել  Հայաստանին։

Հիմա, երբ հետհայացք եմ գցում այս օրերին, ևս մեկ անգամ հիանում եմ մեր աշխատակազմով։ Շատ արագ կարողացանք ինքնակազմակերպվել և հանգանակեցինք առելի մեծ գումար, որը նախատեսված էր այլ նպատակների համար։ Մենք  կազմակերպված օգնության արկղեր էին հավաքվում, իսկ տնօրինությունը  ըմբռնումով էր  մոտենում յուրաքանչյուր աշխատակցի անձնական ապրումներին։ Կազմակերպության ներսում մենք ունենք «feel good» համայնք, որը զբաղվում էր  աշխատակիցների առօրյան թեթևացնելով։ Հիշում եմ,  որ այդ օրերին ոչ միայն զինվորի համար էին  քաղցրավենիք հավաքվում, այլ գեղեցիկ փաթեթներով քաղցրավենք էին բաժանում աշխատակիցներին, որպեսզի  իրանք էլ ավելի լավ զգան իրենց և շարունակեն աշխատել։ Սա մանրուք է թվում, բայց աշխատանքային միջավայրում շատ բան է փոխում՝ նախևառաջ ստեղծելով առողջ միջավայր։

Ես պատերազմից առաջ էլ, հետպատերազմյան շրջանում էլ չեմ փոխվել. ես առիթից առիթ ռազմական վերլուծաբան չեմ դառնում, ես պատերազմից առաջ էլ լեզվաբան-գրականակագետ-թարգմանիչ էի, հետո էլ։ Ես այժմ էլ մնում եմ այն համուզմունքին, որ ամեն մեկը մեծագույն նվիրումով և առանց ալարտոկության, գլուխը կախ իր գործը պետք է անի։

Ես փորձում եմ որևէ քաղաքական սադրանքի չտրվել, չեմ վիճում կամ քննարկում, թե ինչպես և ինչ եղավ։ Ես կրկին այն համուզմունքին եմ, որ քաղաքականությունը հիմար բան է։ Չպետք է բանավիճել՝ ուղղակի գնալ աշխատանքի և բարեխեղճ անել պարտականություններդ։

Կանայք ՝ պատերազմական իրավիճակում 

Եթե շատ անկեղծանամ, ապա կասեմ՝ չգիտեմ, թե ինչպես եմ կարողացել պատերազմի ամբողջ ընթացքում հավաքվել և աշխատել։ Ես հետծննդաբերական սթրես ունեի, անհանգիստ էի երեխայիս համար, սակայն շարունակում էի աշխատել։ Չեմ կարող ասել, թե կանանց ներգրավվածությունը այս պատերազմում որքան է եղել։ Սակայն այն, որ կանայք օժտված են անասելի ուժով՝ դա փաստ է։ Այս պատերազմում ինձ համար կնոջ ամենաուժեղ կողմն այն էր, որ նա  կարողացել է պատերազմ ուղարկել իր մի մասնիկին՝ զավակին։ Չեմ ստի և կասեմ, որ այդ ուժը ես իմ մեջ չունեմ։ Անկախ իմ կատարած աշխատանքից, ես ինձ այդչափ վախկոտ զգացած չկայի։

Պիտի նշեմ, որ բացառելով մարդու ֆիզիկական սեռը, պատերազմի ընթացքը կարող էր փոխվել այն հանգամանքը, որ տարիներ շարունակ կին թե տղամարդ չլինեին կաշառակեր և պաշտոնական դիրք չարաշահող, բացառվեր բարեկամական կապերով աշխատանքի այցնելը, և փոխարենը լավ կադրեր ստեղծվեին և զարգանալու հարթակներ տրամադրվեին։

Ես առանձնահատուկ խորհուրդ չունեմ կանանց, սակայն կուզենայի կրկին նշել հանգամանքը, որ յուրաքանչյուրը նախևառաջ պետք է աշխատի սեփական անձի զարգացման վրա։ Կանայք ունեն բավարար ներուժ՝ ապացուցելու իրենց կարողությունները տարբեր ոլորտներում, սակայն այս ամենի կողքին կարևոր է զգալը մայրության բերկրանքը՝ ասես աստվածային ուժ ունես, երբ զրոյից օգնում ես մարդու ստեղծմանն ու ձևավորմանը։ Այնպես որ, սիրելի աղջիկ, ամուր կանգնի´ր ոտքերիդ և աշխատի´ր ուժերիդ ներածի չափով։

Շուշան Փափազյան

4-րդ կուրս

Կիսվել