Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում արդեն տիկնիկագործ, գոբելենագործ և կարպետագործ աղջիկներ կան։ Գյուղի դպրոցի հասարակագիտության ուսուցչուհին՝ Ժաննա Սարգսյանը, ստեղծել է խմբակ, որտեղ տեղի երեխաներին սովորեցնում են տիկնիկագործություն, կարպետագործություն և գոբելեն: Զրուցեցինք նրա հետ։
Ժաննա Սարգսյանը նախ խմբակի բացման մասին պատմեց. «Գյուղերում մշակութային տները վաղուց չեն գործում, և երեխաները մշակութային կյանքին մասնակից են լինում այնքանով, ինչքանով դպրոցն է մասնակից դարձնում։ Ես հասկացա, որ կարելի է անձնական նախաձեռնությամբ երեխաների համար սիրողական խմբակներ բացել, սակայն դրա համար ես ինքս պիտի մասնագիտանայի կամ մասնագետ գտնեի: Արդյունքում ես հիմնեցի «Կանանց և երիտասարդների աջակցման կենտրոն» ՀԿ-ն և գտա գործընկերներ, որոնք երեխաներին լրիվ անվճար սովորեցրին տիկնիկագործություն, կարպետագործություն և գոբելեն»:
Արդեն մեկ ու կես տարի է, ինչ խմբակը գործում է։ «Մենք մեկ ու կես տարվա պատմություն ունենք, որն ուղղորդվել է պատերազմով և համավարակով,-ասում է խմբակի հիմնադիրը: – Այս պահին նոր թիմ չենք հավաքում. դեռևս նպատակահարմար չենք համարում նոր երեխաներ հավաքել։ Երկրի վիճակը կարծես բոլորիս մոտ տրամադրության անկում է առաջացրել»։
Խմբակում ընդգրկված է 13 տարեկանից բարձր տարիքի 20 երեխա։ Տիկին Ժաննայի խոսքով՝ փոքրերին չեն ընդգրկում, քանի որ թելերը շատ են փչացնում։ Հարցին, թե որտեղից են ձեռք բերում անհրաժեշտ նյութերը, նա պատասխանեց, որ հումքն ամբողջությամբ ինքն է ձեռք բերում:
Պարապմունքները շաբաթական երկու օր են, իսկ դասընթացը տևում է 3 ամիս։ Ստեղծագործ ուսուցչուհին պատմում է, որ սկզբնական շրջանում համայնքում փոքրիկ արհեստանոց են ունեցել, սակայն համավարակով պայմանավորված՝ փակել են արհեստանոցը և սկսել են աշխատել համացանցի միջոցով։ Այդպիսով երեխաները միմյանց հետ կապ են հաստատում, խորհրդակցեով, սխեմաներ փոխանցելով՝ յուրաքանչյուրն իր տանից աշխատում է:
Տիկին Ժաննայի խոսքով՝ պատվերներ դեռ չեն ընդունում, քանի որ հիմա իրենք են ընտրում, գործում և հավաքում իրենց տեսականին, մասնակցում ցուցահանդեսների։ «Դեռևս մեկ ցուցահանդեսի ենք մասնակցել։ Սևանում երաժշտական փառատոն էր կազմակերպվել, մենք այդ փառատոնին մեր տեսականիով մասնակցել ենք, անցկացրել ենք նաև վարպետաց դաս։ Փորձում ենք ճանաչում ձեռք բերել, իսկ հետագայում կգտնենք շուկա, որտեղ կկազմակերպենք մեր ապրանքների վաճառքը»,- ասաց մեր զրուցակիցը: Ծրագրերի թվում է նաև ձեռնարկություն հիմնելը։
Տիկին Ժաննան շատ է սիրում իր աշակերտներին: Ասում է՝ նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատելը հաճելի է և հետաքրքիր. «Կա երեխա, որի մոտ հեշտ է ստացվում, կա երեխա, որը մեծ ջանքեր է գործադրում, բայց արդյունքի չի հասնում, երեխա էլ կա՝ ծույլ է, մի քանի օր գալիս է, հետո էլ չի գալիս։ Ինձ համար հեշտ է նրանց հետ աշխատելը, քանի որ ես մանկավարժ եմ և ունեմ արդեն 25 տարվա աշխատանքային փորձ»:
Զրույցի ավարտին արվեստասեր ուսուցչուհին մի զվարճալի դեպք հիշեց, երբ աշակերտուհիներից մեկը տիկնիկն ամբողջովին ավարտած բերել է, ու պարզվել է, որ գործել է սխալ գործվածքով, սակայն այնքան գեղեցիկ է եղել, որ հիմա տիկնիկների մեծ մասը հենց այդ եղանակով են գործում։
Ալվարդ Բաղդասարյան
2-րդ կուրս