Գորգագործը՝ գորգերի վերականգնման և մշակման արվեստի մասին

Գորգագործը՝ գորգերի վերականգնման և մշակման արվեստի մասին

651

-Երբ որ Թուրքիա ծնա, չէի գիդեր, որ Ֆրանսիա պիտի էրթամ, հետո Ամերիգա պիտի էրթամ ու չէի գիդեր, որ հոս պիտի գամ:

-Հոս ըսածը`հայրենի՞ք:

-Այո՛, հայրենիք։

Սա գորգագործ Հայկ Օլթաչու եւ ներքոնշյալ միջոցառման մասնակիցներից մեկի զրույցի մի հատվածն էր։

Երեւանում դեռ շարունակվում է «Շուշիի գորգերի թանգարանից» գորգերի շարքի ցուցադրությունը։ 10 տարվա պատմություն ունեցող թանգարանից հոկտեմբերի վերջին ստիպված էին տարհանել գորգերը։ Երեւանում առաջին ցուցադրությունը եղավ փետրվարի 20-ին, որից անմիջապես հետո, տեսնելով թեմայի շուրջ հանրության հետաքրքրությունը,  «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված գորգերի վերականգնման և մշակման արվեստին։

Գորգերի վերականգնման մասնագետը՝ Կոստանդնուպոլսում ծնված Հայկ Օլթաչին, մասնակիցների հետ կիսվեց սեփական փորձով։ Միջոցառմանը նա նախ պատմեց, որ գորգերի վերականգնման մասնագետ որոշել է դառնալ, երբ տան գորգերից մեկը տարել էին նորոգելու։ Երբ գորգը վերադարձնում են, Հայկը չի հավանում ու որոշում է`ինքը պետք է սովորի։

Գորգերի վերականգնումը նախ եղել է հոբբի, հետո մշտական գործ․

1970-ականներին, երբ նա գնում է Ֆրանսիա, սկսում է հետաքրքրվել անտիկ գորգերով։ 10 տարի անց Նյու Յորքում հոբբին դառնում է մշտական գործ և արհեստ։ Ասում է` այն, ինչը չի գտել և չի արել Ստրասբուրգում, 30 տարվա ընթացքում արել է Նյու Յորքում։

 Գորգագործն առանձին անդրադարձ կատարեց միջոցառման մասնակիցներին առանձնապես հուզող հարցին` գույներ ստանալուն։

Պարզվում է՝ Հայաստանում կարելի է ստանալ դեղինի ամենալավ երանգները նռից, անթառամից, սոխից, քրքումից, որը, սակայն, արևին լավ չի դիմանում։

Քննարկումն ավելի բուռն ծավալվեց, երբ հերթը հասավ կապույտ գույնին։

Հայկը շեշտեց, որ կապույտը Հայաստանում դժվար է ստանալ, սակայն կաղամբով կարելի է ստանալ դրան մոտ երանգ։ Զրուցակիցները, սակայն, հավելեցին, որ ըստ իրենց տեղեկությունների՝ 19-րդ դարում Գանձակի Կոբալտ գյուղում ինդիգո էին աճեցնում՝ դրա շնորհիվ ստանալով կապույտ գույնը։ Ըստ նրանց՝ այս տարբերակը հիմա էլ կարելի է չբացառել։

Գույնի ամրացման տարբերակներից խոսելիս 61-ամյա մասնագետը շեշտում է աղի եւ շիբի կարևորությունը։ Ընդգծում է, որ ամեն մարդ չի կարող դա անել․ նախ սիրել է պետք։

Սեդա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել