Ինքնասպանության փորձերն աճել են, մահվան ելքովները՝ նվազել

Ինքնասպանության փորձերն աճել են, մահվան ելքովները՝ նվազել

909

21-ամյա Ա. Ա.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով փորձել է նետվել կամրջից։ Նրա խոսքով՝ նա այդ քայլին  դիմել էր նախ կենցաղային ծանր պայմանների, ապա նաև հասարակության կողմից օտարված ու միշտ թիրախավորված լինելու պատճառով։ Ա.Ա. հիշում է, որ այդ պահին նա իրեն միայնակ էր զգում ու անիմաստ համարում իր կյանքը։ Բարեբախտաբար, ոստիկանության աշխատակիցները նկատել էին նրան, և կանխել դեպքը։ .«Աչքերս փակել էի, որ ոչինչ չտեսնեմ, որովհետև ես վախենում էի թե՛ ապրելուց, թե՛ մահից։ Լսում էի կողքից գոռում էին, փորձում էին հանգստացնել ու ետ պահել։ Երբ կանգնել էի կամրջին, կյանքս ավելի էի արժևորում, բայց պահի տակ նորից իմ մեջ ասես սատանան արթնանար ու հիշեցներ իմ անիմաստ լինելը»։

Ա.Ա.-ն մեկն է աշխարհում ապրող այն միլիոնավոր մարդկանցից, ովքեր երբևէ փորձել են վերջ դնել իրենց կյանքին ինքնասպանության միջոցով։ Ամեն 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամ շատ: Այս թվերը տարեց տարի ավելանում են։

Ինքնասպանությունը (սուիցիդ) անձի ինքնարտահայտման ձև է, վարքային դրսևորում և ախտաբանական վիճակ։ Ռիսկի գործոններից են հոգեկան խանգարումները, ալկոհոլիզմը, սթրեսային վիճակները, ֆինանսական դժվարությունները, միջանձնային հարաբերությունները և այլն։ Հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։

«Journalist.am»-ին տրամադրած Ոստիկանության  տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականին հունվարի 1-ից մինչև մարտի 31 գրանցվել է ինքնասպանության 45 դեպք, իսկ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 645 դեպք, որից 125-ը մահվան ելքով: 

Այս ընթացքում կամրջից նետվելու մի քանի դեպքերից հետո լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ թեմային՝ որոշ դեպքերում հիշելով 2015-ին քննարկված՝ կամուրջները ցանկապատելու առաջարկը: Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ կամրջից նետվելու հետևանքով գրանցված մահվան դեպքերը ընդհանուրի 12․7 տոկոսն են: Ոստիկանության՝ մեզ տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ինքնասպանությունների շուրջ 65 տոկոսը (88դեպք) իրականացվել է կախվելու միջոցով, 23 դեպք բարձրությունից նետվելու(օրինակ՝ տանիքից), իսկ 19 դեպք կամրջից նետվելու միջոցով: 

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ «Journalist.am»-ին փոխանցած տեղեկատվության՝ 2019-ին գրանցվել է ինքնասպանության փորձի 613 դեպք, որից 153-ն ավարտվել է մահով: Մահացածների թվում մեծամասնություն են կազմել 35-65 տարեկան անձինք, 53 անձ՝ 65-ից բարձր տարիքի: 2019 թվականին ինքնասպանություն է գործել մեկ անչափահաս: Ինքնասպանություն գործելու հիմնական միջոցը կրկին եղել է կախվելը՝ 58 տոկոս, իսկ բարձրությունից նետվելու միջոցով կյանքին վերջ է տվել 16 տոկոսը կամ 25 հոգի:

2018-ին գրանցված ինքնասպանության և ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը եղել է 606։ 2018-ին՝ 2019-ի համեմատ, մոտ 17 տոկոսով ավելի է եղել մահերի թիվը՝ 179, մահացածներից 7-ը անչափահաս են եղել: 2017-ին գրանցվել էր ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 562 դեպք, որոնցից 157-ը՝ մահվան ելքով։ 

Բոլոր երեք տարիներին ինքնասպանություն ավելի շատ գործել են տղամարդիկ: 2019-ին ինքնասպանություն գործած տղամարդկանց քանակը ավելին էր՝ մոտ 83 տոկոս:

Հոգեբան Նաիրա Սուքիասյանը մեզ հետ զրույցում խոսեց ինքնասպանություն գործելու մարդկանց ցանկության և հիմնական դրդապատճառների մասին՝ նշելով, որ երբ մարդիկ խոսում են, որ ինքնասպանություն կգործեն, դա միայն նրա համար է, որ իրենց վրա ուշադրություն գրավեն: Հոգեբանը մարդուն ինքնասպանությունից հետ պահելու համար կարող է դիմել տարբեր հոգեբանական հնարքների: Նաիրա Սուքիասյանն ասում է, որ մարդը, ով մեկ անգամ փորձ է արել ինքնասպանության, նորից կկրկնի այն։Նրա խոսքով՝ մարդիկ հիմնականում դիմում են այդ քայլին թե՛ կենցաղային, թե՛ հոգեբանական ընկճվածության ժամանակը, և պատահական չէ, որ մեծ թիվ են կազմում տղամարդիկ, քանի որ նրանք հիմնականում ամեն ինչ պահում են իրենց ներսում և հոգեբանական ճնշման տակ դիմում նման քայլի։

Կամրջին նետվելու փորձ արած Ա.Ա.-ն, սակայն, չի պատրաստվում կրկնել այդ արարքը։ Նա այսօր բավականին մեծ հաջողություններ ունի սպորտի(բոքս) բնագավառում և նրա խորհուրդը հետևյալն է. «Միշտ մութ սենյակում լույսի մի շող երևալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը. պետք է լինել ուժեղ ու ամուր կամքի տեր, ու եթե մարդիկ ուզում են նման քայլի դիմել, թող հիշեն միայն իրենց կյանքում ապրած դրականը»։

Հոգեբան Նաիրա Սուքիասյանը նշում է նաև, որ մարդու կամքն է՝ որոշել, թե ինչպես ինքն ապրի: Սրա հետ մեկտեղ ոչ ոք չի կարող զրկել նրան սեփական ցանկությամբ  մահանալու իրավունքից: Շատ հաճախ հայտնվելով անելանելի դրության մեջ` իր կարծիքով մարդը ընտրում է ամենահեշտ ելքը` չպայքարել կյանքի համար, այլ՝ հեռանալ։

Մենք զրուցեցինք նաև կենսաբան Սուսաննա Սահակյանի հետ, ով  նշեց, որ ինքնասպանությունը կարելի է կանխորոշել արյան անալիզի միջոցով։ «Որոշված է 2 գեն, որի մուտացիան կապված է ինքնասպանություն գործելու հակվածության հետ մարդկանց մոտ: Շուտով մարդիկ հնարավորություն կունենան նախօրոք որոշել իրենց մեջ ինքնասպանություն գործելու հակումը: Գալիս ես բժշկի մոտ, արյան անալիզ հանձնում, ստուգում են ԴՆԹ-ն, գտնում մուտացիա: Չի բացառվում, որ ապագայում այսպիսի ԴՆԹ-ի թեստերը պարտադիր դառնան հատուկ հաստատություններում, ձեռնարկություններում` կապված բարձր պատասխանատվությամբ աշխատանքների հետ»։

Անահիտ Քարամյան

2-րդ կուրս

Կիսվել