Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում դեռ կան արտադրող տնտեսվարողներ, որոնք չեն պահպանում մակնշման օրենքի կանոնները։
Սննդամթերքի մակնշումը (կարգավորվում է ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենսգրքի, հոդված 9) օրենսդրական պահանջ է՝ հիմնականում ուղղված արտադրանքի անվտանգության և սպառողների իրազեկվածության իրավունքի ապահովմանը։ Ամբողջական և ճշգրիտ մակնշումը նպաստում է արտադրանքի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հաղորդմանը և օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել արտադրանքների միջև։ Մակնշման համար առաջնային գործոններ են՝ տառատեսակը, տառատեսակի չափը, տեքստի գույն(եր)ը, ֆոնը, շարահյուսությունը, թղթի առաձնահատկությունները: Տեղեկատվության մատչելիությունը կախված է ոչ միայն տառատեսակի չափից, այլ նաև տեքստի գույն(եր)ից: Տեղեկատվությունը կարող է տպագրվել մեկ կամ մի քանի գույնով, որը, սակայն, պետք է հստակորեն առանձնացնի տեքստը ֆոնից:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այն, ինչ վաճառվում է, օրինակ, «թթվասեր» անվան տակ, լիովին համապատասխանում է մակնշմանը։ Մակնշված կեղծ տեղեկությունների միջոցով որոշ արտադրողներ փորձում են հանրությանը մոլորեցնել և այդպիսով անբարեխիղճ մրցակցություն դրսևորել: Օրինակ, երբ մակնշված է «թթվասեր» կամ «պանիր», սակայն ապրանքների մեջ օգտագործվել է բուսական յուղ, ինչն օրենքի խախտում է։
«Թթվասեր» կաթնամթերքի օրինակով փորձեցինք հարցում անցկացնել՝ սպառողների իրազեկվածությունը ստուգելու համար։ Հարցումն իրականացվեց 20 անձանց շրջանում, որոնցից 19-ը «թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված կաթնամթերք» մակնշված ապրանքը գնում է որպես «թթվասեր»։ Պատճառն այն է, որ տնտեսվարողը խախտում է օրենքը՝ «թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված կաթնամթերք» նախադդասության մեջ «թթվասեր» բառը գրելով ավելի մեծ տառաչափով և այլ գունավորմամբ, այսպիսով, խուսափելով պատասխանատվությունից և մոլորեցնելով հանրությանը։ Նոր արտադրանքի հանդիպելիս որոշ սպառողներ հետևողական են կարդալու արտադրանքի անվանումը, քանի որ սպառողի մոտ չկա վստահություն արտադրողի բարեխիղճ աշխատանքի նկատմամբ։ Սակայն մեծամասնությունն առաջնորդվում է տարածված տեսակետներով։
Հայաստանի Հանրապետությունում գործում է «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգը (հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ):
Բացի «Սննդամթերքի մակնշման մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգից, որոշ սննդամթերքների դեպքում մակնշման համար գործում են ԵՏՄ հավելյալ տեխնիկական կանոնակարգման պահանջներ: Մասնավորապես՝ կաթնամթերքի համար գործում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը (հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2013 թ. հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ):
Հայաստանում կաթնամթերքի արտադրության ընթացքը կարգավորվում է. 2017թ.-ին «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա։ Համաձայն այդ փոփոխությունների՝ արտադրողը պարտավոր է տեղեկություններ նշել կաթնային յուղի փոխարինողի ավելացմամբ կաթ պարունակող մթերքում բուսական յուղերի առկայության մասին: Պետք է հստակ լինի մթերքի անվանումը։ Օրինակ՝ չի թույլատրվում թթվասեր գրել այն մթերքի տարայի վրա, որի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ։ Այս դեպքում մթերքը կարող է կոչվել օրինակ՝ կաթնային յուղի փոխարինող պարունակող մթերք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, ընդ որում տառատեսակի գույնը պետք է հակադրվի դաշտի գույնին:
Բուսական յուղը հագեցած է ճարպաթթուներով և նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Այդուհանդերձ, արտադրանքի բաղադրությանն ու մակնշմանը ներկայացվող պահանջները ոչ միշտ ու ոչ բոլոր ընկերություններն են պահպանում։ Դրա մասին են վկայում Կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերած խախտումները։ Կեղծ մակնշումների բազմաթիվ դեպքեր հայտնաբերել են նաև ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի աշխատակիցները։
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ որոշ տնտեսվարողներ չարաշահում են «Էկո» կամ «Էկոլոգիապես մաքուր մթերք» արտահայտությունները։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում ուղղեցինք ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին։
Մեզ ուղղված պատասխանում մասնավորապես ասվում է՝ «Էկո» և «Էկոլոգիապես մաքուր մթերք» անվանումները կանոնակարգվում են «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին 1.1 մասերով՝ ըստ որի «օրգանական» կամ «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը թույլատրվում է օգտագործել այն դեպքում, երբ վերջինս օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված արտադրանք է, և արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով։ ՀՀ-ում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսվարողների և այլ անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել նշյալ արտահայտությունները։
Հատկապես սակավ տեղեկատվություն կա հարցման առաջին՝ մակնշման օրենքի խախտումների վերաբերյալ հատվածին, որի համար մասնավորապես ասվում է՝ խախտումներով սննդամթերքի հայտնաբերման ժամանակ Տեսչական մարմնի կողմից տրվում են պարտադիր կատարման հանձնարարականներ, կիրառվում են վարչական տույժեր, և նշյալ հարցը մշտական գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության ներքո։
Մեր հարցին լիարժեք պատասխան ստանալու նպատակով գրավոր հարցում ուղղեցինք ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված պատասխանում մասնավորապես ասվում է՝ 2020թ.-ին հարուցված վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը թվով 15 տնտեսվարող սուբյեկտների կողմից կաթնամթերքի շուկայում հասարակությանը մոլորեցնող մակնշում իրականացնելու վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս առումով կամ արդյո՞ք արդյունավետ են գործարկված միջոցառումները, ասվում է՝ Հանձնաժողովի կողմից իրականացվել են աշխատանքներ մի շարք խոշոր առևտրային ցանցերում կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը կաթնային մթերքից առանձին դարակաշարերում ներկայացնելու ուղղությամբ։ Վերջինս նաև հավաստիացրել է, որ վերոնշյալ միջոցառումները կրում են շարունակական բնույթ, իսկ ոլորտում նկատելի է դրական տեղաշարժ. նվազել են հասարակության մոլորեցման՝ անբարեխիղճ մրցակցության գործողությունները։
Մենք այցելեցինք 10 մարզային խանութներ, որոնցից ոչ մեկում առանձնացված չեն կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը կաթնային մթերքից։
Փորձը ցույց է տալիս, որ նշյալ խնդիրն այսօր ևս արդի է, իսկ լուծումն՝ առկախ։ Թեև պատասխանատուները վկայակոչում են ոլորտում դրական տեղաշարժերը, այնուամենայնիվ հանրության շրջանում հարցումներն այլ բան են ցույց տալիս։ Լուծումն իրական գործողություններ են, որի մասին դեռ 2020թ.-ի օգոստոսին Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանն էր հայտարարել։ Կանխող միջոցառումներ, իհարկե, իրականացվել, իրականացվում են, սակայն այլ խնդիր է վերջինիս համատարած կիրառումն ու կանոնակարգված վերահսկողությունը։
Քնարիկ Վարդանյան
2-րդ կուրս