Համակարգչային խաղեր խաղա՞լ, թե՞ ոչ. ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ երեխայի...

Համակարգչային խաղեր խաղա՞լ, թե՞ ոչ. ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ երեխայի վրա

1388

Ինը տարեկան Անին կրում է ակնոց. պատճառը համակարգչային խաղեր շատ խաղալն է: Չնայած հիմա ակնոց է կրում և փորձում է քիչ խաղալ, բայց միևնույն է՝ այն մնում է իր ամենասիրելի զբաղմունքը։ Անի մայրը՝ Գայանե Ա.-ն «Journalist.am»-ին պատմեց. «Երբ դպրոցում դասղեկը երեխաներին շարքով է նստեցրել, Անին խնդրել է իրեն առաջին շարքում նստեցնել, քանի որ հեռվից լավ չի տեսնում գրատախտակին գրվածները: Անին երբեք չի գանգատվել, որ վատ է տեսնում. այս պատմություն էլ ինձ պատմել է Անիի դասղեկը, որից հետո դիմեցինք ակնաբույժին: Ճիշտ է՝ Անին հիմա էլ է սիրում համակարգչային խաղեր խաղալ, բայց պայմանավորվել ենք, որ կես ժամ է խաղալու»:

Անիի նման երեխաները շատ են, ոմանք անգամ տեսողության վատացման մասին չեն ասում տանը, ոմանք չեն էլ գիտակցում, որ տեսողության խնդիր ունեն: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Վահան Պապոյանից հետաքրքրվեցինք, թե որ տարիքային խմբի երեխաներն են հիմնականում ունենում տեսողության խնդիր: Ակնաբույժը նշեց. «Տեսողության խնդիր հիմնականում ունենում են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները, շատ հաճախ երեխաները չեն գանգատվում ծնողներին, որ տեսողության խնդիր ունեն»:

Հոգեբանական կենտրոնի հոգեբան Աննա Լևոնովնան նշում է, թե որն է հիմնական պատճառը, որ երեխաները չեն ցանկանում կիսվել իրենց ծնողների հետ:  «Երեխան վախենում է ասել, քանի որ մտածում է, որ ծնողները կարգելեն խաղալ համակարգչային խաղեր, կամ բժիշկը կսահմանափակի համակարգչի մոտ անցկացնելու ժամերը: Շատ հաճախ երեխան չի ուզում հայտնվել իրական աշխարհում, քանի որ նա արդեն իրեն գտել է վիրտուալ աշխարհում»:

Պարզեցինք նաև, թե որն է երեխաների տեսողության վատացման հիմնական  պատճառը: Ակնաբույժ  Վահան Պապոյանի խոսքով՝ երեխաների ակոմոդացիոն մկանը(մկան, որով մենք կարողանում ենք ֆիքսել հեռու և մոտ գտնվող առարկանները) դեռ զարգացած չէ, և երբ երեխան մոտիկից կլանված նայում է հեռախոսին կամ երկար ժամանակ անցկացնում է համակարգչի դիմաց, այդ մկանը մնում է կայուն սպազմի մեջ, և երբ երեխան վեր է կենում, որպեսզի նայի հեռուն, մկանը չի թուլանում և մնում է կծկանքի մեջ, որը հետագայում կարող է բերել կարճատեսության, աչքերի ցավի, կարմրության:

Իսկ ակնաբույժ Գոհար Բիշարյանը նշեց. «Եթե երեխայի խնդիրը բնածին չէ, ապա հիմնական խնդիրը դպրոցահասակ տարիքում առաջացող կարճատեսությունն է»: Ակնաբույժ Վահան Պապոյանն էլ ասում է, որ և՛ ակնոց կրող երեխաները, և՛ չկրողները ամենաշատը կարող են անցկացնել համակարգչի դիմաց 1 ժամ, այն էլ այդ մեկ ժամվա ընթացքում պետք է լինեն ընդմիջումներ, որպեսզի աչքերը հանգստանան: «Եթե երեխան խաղում է համակարգչային խաղեր, կլանվում է այդ խաղերի մեջ, սկսում է աչքերը քիչ թարթել, որն էլ հանգեցնում է աչքի չորության երևույթին՝ արցունքը գոլորշիանում է, որի հետևանքով երեխան սկսում է գանգատվել աչքերի ցավից»,- նշում է մասնագետը:

Ակնաբույժ Գոհար Բիշարյանը խորհուրդ է տալիս կիրառել երեք 20-երի կանոնը. «20 րոպե անդադար աշխատելուց հետո 20 վայրկյանների ընթացքում 20 անգամ թարթել աչքերը»:

Ըստ հոգեբան Աննա Լևոնովնայի՝ բացի տեսողական խնդիրներից, վաղ տարիքից համակարգչային խաղերով զբաղմունքը կարող է հանգեցնել խոսքի խանգարման, ագրեսիվ վարքի: Նա նաև հավելեց. «Մատների շարժումները, էկրանին սահելով, խանգարում են խոսքի պրոցեսնների զարգացմանը: Շատ հաճախ դեռահաս տարիքում համակարգչային և հեռախոսային խաղերը բերում են անվստահության, և երեխան սկսում է իրեն դրսևորել համակարգչային խաղերում»:

Իսկ հոգեբան Էլոննա Ավետյանը կարծում է, որ համակարգչային խաղերը երեխաների վրա շատ ավելի ուժեղ և բացասական ազդեցություն ունեն, քան մենք կարող ենք  պատկերացնել. «Երեխաները, ովքեր պարբերաբար խաղում են համակարգչային խաղեր, դառնում են ավելի դյուրագրգիռ, նյարդային, անկառավարելի: Նկատվում է նաև քնի խանգարում, նվազում է սոցիալական շփումը: Ամենադաժան արարքների և սպանությունների համար համակարգչային խաղերի հերոսները պատասխանատվություն չեն կրում. այս վարքագծի մոդելը փոխանցվում է երեխային, և այսպիսի խաղերը սպանում են աշխատելու, արդյունքի հասնելու և ջանքեր գործադրելու ունակությունը»:

Արդյո՞ք համակարգչային խաղերը ունեն դրական կողմ. հոգեբան Աննա Լևոնովնան նշում է. «Կան համակարգչային խաղեր, որոնք զարգացնում են ուշադրությունը, սովորեցնում են արագ որոշումներ կայացնել: Կան նաև խաղեր, որոնք սովորեցնում են  ստեղծել սոցիալական կապեր։ Դրանք այն խաղերն են, որտեղ երեխան պետք է ստեղծի իր թիմը և դաշնակիցներ գտնի՝ ընդհանուր նպատակին հասնելու համար»:

 Իսկ հոգեբան Էլոննա Ավետյանը կարծում է, որ համակարգչային խաղերի դրական կողմը երեխաների բացասական հույզերը համակարգչային խաղերով հանելն է: «Կարևոր է, որ  բացասական հույզերը հանելուց հետո երեխան չմնա այդ խաղերում և անցնի իր բնականոն կյանքին: Նման խաղերը նաև օգնում են  թեթևացնել լարվածությունը»,- ասում է հոգեբանը:

Իսկ ինչպե՞ս այսքանից հետո համոզել երեխաներին մի փոքր կտրվել համակարգչային խաղերից, և  ինչպե՞ս չվնասել տեսողությունը։ Այս հարցերին ակնաբույժ Վահան Պապոյանը պատասխանեց. «Կարևոր է, որ ծնողները չխառնվեն, եթե երեխան ունի տեսողական խնդիր, քանի որ ժամանակին հետազոտման դեպքում ոչ մի խնդիր չի լինի, կարևոր է զբաղվել երեխաներով, թույլ չտալ երեխաններին շատ  ժամանակ անցկացնել համակարգչի կամ հեռախոսի դիմաց»:

Ըստ հոգեբան Աննա Լևոնովնայի՝ որպեսզի երեխաները մի փոքր կտրվեն համակարգչային խաղերից, պետք է զբաղված առօրյա ունենան.  «Պետք է նաև սովորեցնել դրական հույզեր և տպավորություններ ստանալ վիրտուալ աշխարհից դուրս՝ զբոսանքներից, թանգարաններից, տեսարժան վայրերից, սպորտից, հասակակիցների հետ շփումից: Արգելել երեխաներին համակարգչային խաղեր խաղալ պետք չէ, քանի որ երեխան կգնա խաղալու ընկերոջ տանը: Պետք է ուղղակի սահմաննել կանոններ»:

Հոգեբան Էլոննա Ավետյանը խորհուրդ է տալիս ծնողներին թույլ չտալ, որ համակարգչային խաղերը դաստիարակեն երեխաներին ծնողների փոխարեն. «Պետք է հետաքրքրվել երեխայով, ավելի շատ ժամանակ հատկացնել նրանց հետ, ցույց տալ երեխաններին, որ կան ուրիշ այլ ձևեր ժամանցի՝ սպորտ, գրքեր և այլն»:

Ստեֆանի Օհանջանյան

2-րդ կուրս

Կիսվել