«Հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է». Լեոնիդ Ենգիբարյան

«Հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտոնների նշանակելը շատ սխալ է». Լեոնիդ Ենգիբարյան

757

Ցանկացած գործ անելիս պետք է մինչև վերջ նվիրվել դրան, և պաշտոն կարելի է ստանձնել ցանկացած մասնագիտությամբ` կախված, թե որքանով ես դրան տիրապետում:

Կրկեսի դերասան, մնջախաղաց, ՀԽՍՀ ժողովրդական ատիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել էր 1935 թվականի մարտի 15-ին: Հայ էր, ով դեպքերի բերումով ծնվել էր Մոսկվայում: Նա մեծ հռչակ է վայելել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: Նա իր տաղանդի շնորհիվ կարողացել է ավելի բարձր մակարդակի հասցնել մնջախաղացի, կրկեսի ծաղրածուի արվեստը՝ հանրության լայն շրջանակին հնարավորություն տալով էլ ավելի հարգել և սիրել այդ մասնագիտությունները: Կրկես տանող ուղին սկսվել է 1955թ., երբ ընդունվել է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժինը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի կրկեսում: Ինը տարի եղել է ռինգում, փոխել բազմաթիվ մասանագիտություններ և արդեն 22 տարեկանում, ինչպես ինքն էր ասում, իրեն մնացել էր արտիստ դառնալ:

Լ. Ենգիբարյանը 1964 թ. Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին: Նկարահանվել է ֆիլմերում: Ուշագրավ է իր մասին պատմող «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը: Գրել սկսել է  ակամա. ոչ մի գրող չի ցանկացել համագործակցել իր հետ, և ստպված սկսել է ինքն իր համար սցենարներ գրել` սարսափով մտածելով, որ հանկարծ չհայտնվի իրական սցենարիստը: Սիրել է ծով, աշուն, Վան Գոգին, վախեցել բարեկեցիկ կյանքից, որը այդպես էլ չի ապրել, կարևորել է պատասխանատվությունը և լուրջ մոտեցել իր շուրջը կատարվող ամեն ինչին:

Մինչև օրս «ծաղրածու» ասելիս մենք տեսողական բաղադրիչների ստանդարտ հավաքածու ենք պատկերացնում` ցայտուն գրիմ, կարմիր քիթ, գունավոր մազեր, մինչև ականջները ձգված ժպիտ, քրքիջ. այն ամենը, ինչ ոմանց մոտ ծիծաղ է առաջացնում, մյուսների մոտ՝ քոուլրոֆոբիա (վախ ծաղրածուներից)։ Եվ ահա 60-ականների սկզբին կրկեսաբեմում հայտնվում է մեկը, ով կոտրում է վերոհիշյալ կարծրատիպերի ոչ միայն տեսողական, այլև բովանդակային կապերը։ Երկար շարֆ կամ վզի թաշկինակ, թավշե պիջակ, նեղ շալվար, ճակատին ընկնող մազեր․ Ենգիբարյանը փարիզյան բոհեմային ոճային տղայի էր նման, որին այն ժամանակաշրջանի կրկեսում ընկալում էին ոչ որպես նորաձև, այլ որպես «պոնտային»։ Ճիշտ այնպես, ինչպես լիովին տեսողական պատմության և բանաստեղծական մարմնաշարժման վրա հիմնված էտյուդներն ընկալվում էին որպես նորարարություն: Ենգիբարյանը գեղեցկություն էր գտնում յուրաքանչյուր չնչին բանում` գեղարվեստական պատկերներ ստեղծելով սովորական, գրեթե կենցաղային երևույթներից ու իրերից: Նա լիրիկայով էր լցնում ավանդական կատակներն ու գրոտեսկային տեսարանները, և դարձավ բանաստեղծական-ինտելեկտուալ կլոունադան ստեղծող խորհրդային ծաղրածուներից մեկը։ Նա ստիպեց հանդիսատեսին ոչ միայն ծիծաղել, այլև մտածել։ Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը` սկզբնավորելով ինքնատիպ, նոր`«ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք կիրառել է նաև կրկեսում:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1971 թվականին Մոսկվայի իր բնակարանում: Չնայած ապրեց կարճ կյանք, սակայն իր պարգևած ժպիտներով և ծիծաղներով վստահաբար երկարացրեց շատ կյանքեր: Կյանքից հեռացավ անսպասելի, նույնքան անսպասելի, որքան բեմում էր, շարժման մեջ:

Գոհրիկ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել