Քեզ բացակա չենք դնի․ Արտյոմ Ավագյան

Քեզ բացակա չենք դնի․ Արտյոմ Ավագյան

860

Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր։ Բնավ չէի ցանկանա Արտյոմի մասին անցյալով խոսել և կսկիծով նկարագրել հիշողությանս մեջ տպավորված այն պահերը, որոնք անցկացրել եմ նրա հետ բանակում։ Ես և Արտյոմը ծառայել ենք Վարանդայում՝(ֆիզուլի), տանկային զորամասում՝ 2015-ից մինչև 2016-ի ամառ։

Արտյոմ Արեգի Ավագյանը ծնվել է 1996 թվականի Ապրիլի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակարտում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, ԲՈՒՀ-ն ավարտել է կարմիր դիպլոմով։

Արտյոմի հետ ծանոթությունը սկսվել է բանակային կյանքից։ Նրան ճանաչել եմ առաջին իսկ օրվանից որպես հայրենասեր, ուշիմ, խելացի, լուրջ, չափի զգացողությամբ օժտված և դաստիարակված տղայի։ Շատ մեծ հոգի ուներ մեր Արտյոմը, նրա հետ ունեցած զրույցները մինչ օրս լավ եմ հիշում։ Ամեն նախադասության մեջ խորը իմաստային ասելիք կար։  Սերժանտ էր Արտյոմը, հետախուզական դասակի՝ ջոկի հրամանատար, գնդացրորդ։ Գերազանց տիրապետում էր իր կրակային պատրաստությանը, ինչպես նաև հետախույզին բնորոշ ֆիզիկական պատրաստությանը։

Մեկ տարի ենք ծառայել իրար հետ, սակայն հասցրեցինք պատերազմի միջով անցել միասին։ Ապրիլի 1-ի գիշեր լույս 2-ի առավոտյան, ֆիզիկական պատրաստվածությունից 5 րոպե առաջ, 7։40-ին մեզ վրա սկսեցին արկեր շպրտել, ամեն ինչ ավերակի էր վերածվել զորամասում։ Տագնապով դուրս եկանք մեր բնագծերը, կատարեցինք մեր առջև դրված խնդիրները։ Պատերազմը տևեց 4 օր, սակայն մենք դիրքերում մնացիքն 3 ամիս։ Արդեն հունիս ամիսն էր. ամսի 8-ից սկսվել էին զորացրումները, ամսի 10-ին Տյոմը զորացրվում էր։ Այդ ժամանակ ես ՀԱԿ-ի հերթապահ էի, բոլորին այդ օրը ես էի վերջի բարեմաղթանքները ցանկանալով ճանապարհում տուն։ Վերջին անգամ մեր Արտյոմին այդտեղ եմ տեսել ու հրաժեշտ տվել՝ խոստանալով հանդիպել իրեն արդեն քաղաքացիական կյանքում։ Սակայն  44-օրյա պատերազմը մեր պատմությունը կիսատ թողեց։

Պատրաստվում էր ընտանիք կազմել, սակայն պատերազմը փոխեց կյանքի հունը, Արտյոմը մեկնեց առաջնագիծ հենց առաջին օրը ՝ Սեպտեմբերի 27-ին։

Արտյոմի մայրը՝ Ռոզա Ավագյանը ցավով է հիշում ու ներկայացնում Սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը․

«Օրը Կիրակի էր։ Արթնացա, միանգամից գնացի Արտյոմին արթնացրեցի, պատուհանից դուրս նայեց ու ասեց՝ պատերազմ է։ Զինվորական համազգեստը հագավ ու գնաց։ Կանչեցի հետևից՝ ասելով՝ Արտյո՛մ հետ կգաս, չէ՞, եթե գնալու լինելես տաք շոր վերցնես, ասեց՝ անպայման։ Ես մինչ օրս սպասում եմ»։

Արտյոմի բարության ու ընկերասիրության դրսևորումներից մեկն էլ հիշում է նրա զարմուհին՝ Լարիսա Ավագյանը․

«Միշտ բոլորին հասնում էր։ Գումար էր հավաքում իր համար, որպեսզի իր երազած մեքենան գնի։ Հետո իմացավ, որ ծանոթներից մեկի երեխային վիրահատություն է հարկավոր, եկավ կասը ջարդեց, միջի հավաքած գումարը հանեց ու տվեց երեխայի ծնողներին։ Ուրիշի ցավը նա իրենից ավելի էր գերադասում, դրա համար տվեց ամենաթանկը»։

Նա առաջիններից էր, որ նետվեց դեպի պատերազմը, գնաց, որ իր բաժին կռիվը տա, հաղթի ու հաղթած տուն գա։ Մասնակցեց Հադրութի և Ֆիզուլիի  թեժ մարտերին, տեսավ դաժան պատերազմ, կռվեց մինչև վերջին շունչը, խփեց անօդաչուներ, ընկավ թշնամու կրակոցից Հոկտեմբերի 3-ին Ֆիզուլիում։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Արցախի  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և քաջության  համար պահեստազորի ավագ սերժանտ Արտյոմ Ավագյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» համար մեդալով։

Արտյոմի կյանքը հարյուրավոր կիսատ մնացած պատմություններից մեկն է, որն այդպես էլ չունեցավ իր բարի ավարտը։ Ճանաչենք մեր հերոսին։ Քեզ բացակա չենք դնի։

Նարեկ Աղաջանյան

5-րդ կուրս

Կիսվել