Երկու եղբայր մեկ մասնագիտություն

Երկու եղբայր մեկ մասնագիտություն

1017

Երևանցի երիտասարդ կահույքագործ Էդմոնդ Սարգսյանը ու նրա եղբայրը՝ Լավրենտը, ով ևս կահույքագործ է, համատեղ ջանքերով ստեղծել են արհեստանոց, որտեղ ստեղծված իրերում համատեղվում են հարմարավետությունը և գեղեցկությունը: Կահույքագործության ու երազելու մասին էլ խոսեցինք հարցազրույցի ընթացքում:

-Ի՞նչպես հասունացավ արհեստանոց ունենալու գաղափարը, և ինչպե՞ս արեցիք առաջին քայլերը կահույքագործության  ոլորտում։

-Փայտը հետաքրքիր ձգողականություն ունի, երբ սկսում ես դրանով աշխատել, այլևս չես կարողանում պոկվել, սպասում ես, թե հաջորդ անգամ երբ ես նորից սկսելու աշխատել փայտի հետ։ Մենք էլ այդպես վարակվեցինք և որոշեցինք զբաղվել կահույքագործությամբ։ Երկուսս էլ նկարչությամբ ենք զբաղվել ու որոշել ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ողջ կյանքում կահույքագործությունն ու նկարչությունը միասին զարգացնենք։ Փորձում ենք ամեն տեսակ ճաշակի մարդու սրտով աշխատանքներ ունենալ մեր էջում, արհեստանոցում։

-Ինչո՞ւ հենց փայտ, որո՞նք են փայտի ամենագրավիչ հատկությունները Ձեզ համար։

-Կյանքն ինքն է մեզ մոտեցրել փայտի հետ առնչություն ունենալուն։ Մենք ենք ընտրում, թե ում հետ ընկերություն անենք, այդպես մեզ գրավեց  ու ցանկացանք ընկերանալ նրա հետ։ Մեզ դուր է գալիս այն, որ փայտը թույլ է տալիս արարել անսահմանափակ երևակայությամբ։ Չկա ոչ մի սահման, կարող ես ստեղծել այն, ինչ միտքդ կտրի և սիրտդ ցանկանա։

-Ի՞նչն է Ձեզ ոգևորում արհեստանոցում և օգնում ավարտել աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ շատ հոգնած եք։

-Երբ արածդ աշխատանքը քեզ հաճույք է պարգևում, երբ մարդիկ գնահատում են այն, երբ գիտես, որ ինչ-որ մեկը քո աշխատանքներով փորձելու է ուրիշ մեկի մոտ դրական հույզեր առաջացնել, սկսում ես մոռանալ հոգնածության մասին, անգամ գիշերվա ժամը հազարին։

 -Դուք հաճախ ե՞ք փորձարարություններ անում  և ներկայացնում տարբեր աշխատանքներ, որո՞նք են Ձեր ամենասիրելիները և ինչո՞ւ։

-Այո , մենք սիրում ենք ստեղծագործել։ Անընդատ մտածում ենք, թե ինչպիսի նոր աշխատանքներ կարող ենք պատրաստել, ուսումնասիրում ենք պահանջարկը։ Այս գործի մեջ հենց այդ է լավը, որ երբեք չես ձանձրանա՝ միշտ ստեղծագործելու և սովորելու տեղ կա։

-Եղե՞լ են արդյոք մարդիկ, ովքեր աջակցել են, ամեն կերպ հավատացել են Ձեր գաղափարին։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել նրանց աջակցությունը։

-Միանշանակ եղել են և կան։ Մեր առաջին ուսուցիչը՝ վարպետ Սամվելը, ինչպես նաև շատ  ընկերներ և հարազատներ, ովքեր ամեն կերպ աջակցում են, որպեսզի տարածեն և տեղեկացնեն մեր մասին։ Մեր բոլոր ընկերները, ովքեր իրենց օգտագործման համար կահույք գնելիս օգտվում են մեր ծառայություններից։ Շատ շատերն են մեզ աջակցել և աջակցում․ այս փաստը անասելի շատ ոգևորում և վստահություն է տալիս մեզ։ Շնորհակալ ենք բոլորին։

 -Ինչպե՞ս եք կարողանում համատեղել կահույքագործությունն ու նկարչությունը։

-Մեր կարծիքով՝ կաhույքագործությունն ու նկարչությունը շատ նման են միմյանց։ Բոլոր կահույքագործ վարպետները գիտեն և նշում են, որ փայտի հետ աշխատելիս պետք է ամբողջովին խաղաղվես և համբերությամբ անես քո գործը, հակառակ դեպքում կձախողես և աշխատանքները պարզապես չեն ստացվի։ Այսպես է նաև նկարչության ոլորտում․ չես կարող առանց խաղաղվելու, առանց համբերատարության գեղեցիկ նկարներ նկարել։

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հասկակիցներին, ո՞րն է երազանքն իրականություն դարձնելու Ձեր կարգախոսը։

-Մեր հասակակիցներին  խորհուրդ կտանք մտածել անկաշկանդ և ստեղծագործել սրտի ուզածի չափ։ Բոլոր խոչընդոտները միայն մեր մտքում են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել, եթե ունենք կամք։

Նարեկ Աղաջանյան

5-րդ կուրս

Կիսվել