Հարցազրույց՝ բասկետբոլիստ Գոռ Գյագունցի հետ

Հարցազրույց՝ բասկետբոլիստ Գոռ Գյագունցի հետ

688

Հասակը  177 սմ

Ակումբը  ԳրանդՍպորտ

Գոռը  իր առաջին քայլերը կատարել է Երևանի N 191 դպրոցում բացված բասկետբոլային  ակումբում: Զբաղվում է պրոֆեսիանալ  բասկետբոլով 2011 թվականից: Այժմ հանդես է գալիս «Գրանդ Սպորտ» ակումբում:

-Գոռ,  նախ կցանկանայի մի փոքր պատմեիր քո մասին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր հենց բասկետբոլը։

-Ամենասկզից ես բասկետբոլի պարապմունքների հաճախում էի առողջ ապրելակերպի և հասակիս աճի համար: Հետո արդեն, սիրահարվելով այդ սպորտաձևին,  ինձ շատ  հետաքրքրեց բասկետբոլը, նրանում կատարվող շոուն և այն, որ կարողանում  էր գրավել մարզադաշտում նստած հանդիսատեսին: Սերը, ձգտումը դեպի բասկետբոլը մեծացավ ինձ հետ, տարիների ընթացքում ավելի ամրապնդվեց և դարձավ իմ ապրելակերպը, առանց  որի իմ կյանքը չեմ պատկերացնում:

-Կպատմե՞ս Գրանդ Սպորտի կազմում  անցկացրած անցած մրցաշրջանի ելույթներից:

-Բասկետբոլում լինում են և՛ վերելքներ, և՛ անկումներ, բայց  դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու և ցույց  չենք տալու գեղեցիկ խաղ, որում  լինելու են բազմաթիվ հաղթանակներ: Գրանդ սպորտում անցած մրցաշրջանում ստացած վնասվածքից հետո բաց թողեցի որոշակի ժամանակահատված, սակայն վերադարձս շատ սպասեցնել  չտվեց: Շնորհիվ  քրտնաջան պարապմունքների՝ արագ վերադարձա և  կարողացա օգնել  թիմին տանել բազում հաղթանակներ:

Դու բարձրագույն խմբում հանդես գալու արդեն բավականին փորձ ունես, ինչպե՞ս ես տրամադրվում առաջնության խաղերին:

-Յուրաքանչյուր խաղին մոտենում եմ շատ լուրջ և պրոֆեսիոնալ:  Անկախ  նրանից՝ խաղը կլինի ընկերական, թե պաշտոնական, ես մտնում եմ դաշտ հաղթանակի և  դիտարժան  բասկետբոլ  խաղալու  համար:

-Դու  խաղադաշտում  կարողանում ես գործել մի քանի դիրքերում, այնուամենայնիվ, ո՞ր դիրքում ես քեզ առավելագույնս լավ զգում։

-Բասկետբոլում կա իմ հասակին համապատասխան երեք դիրք. 1-ինը՝ խաղարկող, 2-րդը՝ հիմնական հարձակվող, 3-րդը՝ թեթև հարձակվող: Ես  ինձ առավել  լավ զգում  եմ  խաղարկողի  դիրքում՝ չմոռանալով պաշտպանության  մասին:

-Ո՞ր ակումբում կցանկանայի՞ր հանդես գալ հետագա կարիերայում։

-Կան շատ պրոֆեսիոնալ եվրոպական ակումբներ որտեղ կցանկանամ հանդես գալ: Նպատակ ունեմ խաղալու մասնավորապես իսպանական «Գռան Կանարիա» ակումբում:

Նարեկ Աղաջանյան

5-րդ կուրս

Կիսվել