N21 ավտոբուսները լիարժեք չեն ապահովում քաղաքացիների տեղաշարժն ու չվացուցակով նախատեսված պայմանները

N21 ավտոբուսները լիարժեք չեն ապահովում քաղաքացիների տեղաշարժն ու չվացուցակով նախատեսված պայմանները

599

Երևանի կենտրոն համայնքը սպասարկող  N21 ավտոբուսները լիարժեք չեն ապահովում քաղաքացիների հուսալի տեղաշարժվելու իրավունքը։ Երթուղի են դուրս գալիս ոչ պատշաճ, հաճախ նաև անսարք։ Ուղևորները դժգոհում են երթևեկությունից։

50 ուղևորների շրջանում մեր անցկացրած հարցման ընթացքում 35 քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին սպասարկման որակից։ Նրանք նշում են, որ անկանոն երթևեկության պատճառով հաճախ ուշանում են աշխատանքից կամ դասից։ Ոմանք դադարել են օգտվել N21 ավտոբուսից, որը Սարի թաղը քաղաքի մյուս հատվածներին կապող միակ հանրային տրանսպորտն է։ Այլ հանրային տրանսպորտ այստեղ չի գործում։ N21-ն էլ 30 րոպեն մեկ է դուրս գալիս երթուղի, լինում են շատ դեպքեր, երբ անսարքության պատճառով, իսկ ձմռանը նաև ճանապարհների մերկասառույցի պատճառով ստիպված են լինում ժամերով սպասել։

Տրանսպորտի վատ աշխատանքը հատկապես խնդրահարույց է ուսանողների համար։

«Այստեղ անտանելի է երթևեկությունը։ Եթե մի օր 5 րոպե ուշանաս, դասի գնալը պարզապես կձախողվի։ Ձմռանն էլ ստիպված տաքսիով ենք գնում, հերիք չի սովորելու համար ենք վճարում, հիմա էլ պիտի կրկնակի գումար նախատեսենք երթևեկելու համար, ինչ է՝ ավտոբուսների հարցը չեն լուծում։ Կամ դուռը չի բացվում, կամ կես ճանապարհին փչանում է», – պատմում է Աննան, ով ամեն օր երկու քաղաքային ավտոբուս է փոխում քոլեջ հասնելու համար։

 N21 ավտոբուսի վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց էլ դուր չի գալիս, թե ինչ պայմաններում են աշխատում և սպասարկում քաղաքացիներին. «Մեզ էլ դուր չի գալիս այսպիսի երթևեկությունը, բայց ի՞նչ անենք, էս ա հնարավորությունը։ Էս էն տվել, էս էլ քշում ենք։ Շատ դեպքերում, երբ անսարք է լինում ավտոբուսը, մենք՝ վարորդներս ենք սարքում»։

Բնակիչներն ասում են, որ բազմաթիվ անգամներ դիմել են քաղաքապետարան, Տրանսպորտի և կապի վարչություն, բայց միշտ ստացել նույն պատասխանը՝ շուտով կբարելավենք։

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրված մեր հարցմանը ի պատասխան գրեցին, թե խնդիրը պատասխանատուների օրակարգում է։ «Երևանում քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծվում է ըստ անհրաժեշության հերթականությամբ, հերթը Սարի թաղի ավտոբուաներին էլ կհասնի»,- պատասխանեցին քաղաքապետարանից։

Նարե Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել