«Տեքստը կարող է գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել իրականությունը, բայց խաբելու իրավունք չունի». Ռուբեն...

«Տեքստը կարող է գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել իրականությունը, բայց խաբելու իրավունք չունի». Ռուբեն Կարոյան

1113

Ստացված գովազդի գաղտնիքներից մեկն էլ թերևս մշակված տեքստն է։ Վաճառել տեքստի միջոցով ( քոփիռայթինգ ) ՝ մարքեթինգի այս նոր ճյուղը մեծ դեր ու նշանակություն ունի գովազդի շուկայում։

Տեքստային բանակցությունների մասնագետ, PR մասնագետ, HRKaroyan ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Կարոյանի հետ զրուցել եմ վաճառող տեքստերի և դրանց կարևորության մասին։

-Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք քոփիռայթինգով։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։  

-Տեքստային բանակցություններով զբաղվում եմ շուրջ 20 տարի, որի բաղկացուցիչ մասն է քոփիռայթինգը։ Առհասարակ մեր ընկերությունը միակն է Հայաստանում, որ կազմակերպում և անցկացնում է դասընթացներ քոփիռայթինգի թեմայով։

Հեշտ է արդյո՞ք վաճառել տեքստի միջոցով։

-Վաճառելն առհասարակ  հեշտ է, երբ ճանաչում ես գնորդին, գիտես իր խնդիրը և գիտես քո առաջարկը որքանով կարող է լուծել այն։ Նույնն է տեքստերով վաճառքի դեպքում, եթե մենք ճանաչում ենք մեր գնորդին։

-Տեքստի ծավալը կարո՞ղ է վանել ընթերցողին։

-Այստեղ էլ խնդիրը նորից  գնորդին, թիրախային լսարանին ճանաչելու մեջ է։ Երբեմն պրոդուկտը պահանջում է, որ տեքստը լինի ծավալուն,  անկախ նրանից՝ գնորդը ինչպիսին է։ Ես հաճախ օրինակ եմ բերում  սովորական, փոքր մարտկոցի և արևային էներգիայի գովազդի մասին գրված տեքստերը։ Այս երկու տեսակի ապրանքները չեն կարող նույն ծավալի տեքստ ունենալ։ Առաջինը 100դր է, իսկ երկրորդի արժեքն սկսվում է $10.000-ից։ Հետևաբար  տեքստի ծավալը պետք է արդարացված լինի, հակառակ դեպքում կարող է վանել գնորդին կամ դառնալ անվստահելի։

-Տեքստի միջոցով վաճառք իրականացնողի հանդեպ վստահություն առաջացնող ի՞նչ միջոցներ են օգտագործվում։ Ինչո՞ւ հավատալ տեքստին։

-Այս հարցի պատասխանը ներառում է մի ամբողջ դասընթաց, որը մենք անցկացնում ենք հնգօրյա ժամկետում, բայց կփորձեմ կարճ մեկնաբանել։ Տեքստում մենք պարտավոր ենք գրել գնորդի վերջնական շահը. այն, թե ինչ է ունենալու գնման կամ պատվիրելու արդյունքում, ոչ թե այն, ինչ ենք մենք ուզում։ Իր արդյունքը պարտավոր ենք ներարկել գնորդի  մեջ տեքստի օգնությամբ, որպեսզի ընթերցելով տեքստը՝ պատկերացնի իր խնդրի լուծումը, մեր ապրանքը կամ ծառայությունը գնելուց հետո։

-Այն հաղորդագրությունը, որը տեքստի միջոցով հասնում է սպառողին, համապատասխանո՞ւմ  է իրականությանը։

-Տեքստը և ընդանրապես մարքեթինգը իրավունք չունեն խաբելու։ Մարքեթինգը շուկայագիտությունն է, որը պարտավոր է ուսումնասիրել գնորդի խնդիրը և առաջարկել լուծում, ոչ թե խաբել վերջինիս։ Նույնը տեքստերի դեպքում է։ Այն կարող է գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել իրականույթունը, բայց խաբելու իրավունք չունի։

-Խոսենք այն հարթակի մասին, որը  շատերի համար կարելի է ասել աշխատավայր է դարձել։ Ի՞նչ է տալիս մեզ սոցիալական մեդիան, ինչքանո՞վ է այն նպաստում մարկեթինգի այս ճյուղի զարգացմանը։

-Բիլ Գեյթսի հայտնի խոսքը մեջբերեմ. «Եթե քո բիզնեսը չկա ինտերնետում, ուրեմն դու չկաս բիզնեսում»։ Շատ ճիշտ է ասված, որովհետև մեր օրերում ամեն բան օնլայն հարթակում է, ամեն ինչ պատվերով, առաքումով։ Մենք բոլորս գնում ենք դեպի հեշտն ու արագը։ Այնպես որ, ցանկացած բիզնես, եթե ուզում է գոյատևել շուկայում, պարտավոր է հիմնվել  նաև օնլայն հարթակի վրա։

-Ինչպե՞ս պետք է ճիշտ օգտագործել սոցցանցերը, որպեսզի այն չդառնա ժամանակի անիմաստ կորուստ։

-Ճիշտ օգտագործելու համար  պարզապես պետք է դադարել հետևել այն մարդկանց պրոֆիլներին կամ էջերին, որոնց գրառումները ոչ մի արժեքավոր բան չեն տալիս մեզ, այլ խլում են մեզ համար ամենաթանկը՝ ժամանակը։

-Պատկերացնո՞ւմ եք ձեր աշխատանքն առանց սոցցանցերի։

-Այսօր յուրաքանչյուր գործունեության  առաջխաղացման և ճանաչելիության բարձրացման համար  հիմնական հարթակը սոցիալական ցանցն է։ Հետևաբար ինչպես ես, այնպես էլ մեկ այլ մասնագետ  չի կարող պատկերացնել գործունեությունն առանց սոցցանցերի, եթե իհարկե ուզում է շուկայում գոյատևել։ Սոցցանցերը այսօր դոմինանտ դիրքում են, այնպես որ, առանց իրենց ոչ մի գործառույթ չենք կարող կատարել ճիշտ ժամանակին։

Սյուզան Ղազարյան

5-րդ կուրս

Կիսվել