Հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պատասխանատուները շուրջօրյա ռեժիմով...

Հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պատասխանատուները շուրջօրյա ռեժիմով պատասխանում են լրատվամիջոցների բանավոր հարցերին

1335

Ոստիկանության դերը հասարակության մեջ անգնահատելի մեծ է։ Հասարակական պահանջով ձևավորված  կառույցն ամեն օր և ամեն ժամ ծառայություններ է մատուցում հասարակությանն ու ժողովրդին։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ամենօրյա համակարգված աշխատանքը ապահովում է ՀՀ քաղաքացու անվտանգությունը, հասարակական կարգի պահպանումը և օրինականության հաստատումը։ Քաղաքացիների հետ շփման, տեղեկատվության փոխանակման՝ ոստիկանության մատուցած ծառայությունների լուսաբանման գործում անչափ կարևոր է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության դերը։

Վարչության ստեղծման, կայացման դերի ու նշանակության, ինչպես և այլ մանրամասների շուրջ զրուցել եմ  ՀՀ ոստիկանության  ՀԿԼ վարչության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանի հետ։

Պարո՛ն Վանյան, ոստիկանության ՀԿԼ վարչությունը գործում է 20 տարուց ավելի:  Կխնդրեի խոսել վարչության ստեղծման դժվարությունների ու ձեռքբերումների մասին։

 -1990 թվականի սկզբին, դեռ խորհրդային կարգերի ժամանակ, ներքին գործերի  նախարարությունում ստեղծվեց լրատվական խումբ: Բացվեցին «02» հաղորդաշարը, «02» թերթը, «Ռադիո-02-ը»։ Հանրապետությունում, այն էլ ուժային կառույցում, առաջին անգամ էր նման ծառայություն ստեղծվում: Եվ լրատվական խումբը ստիպված էր փորձ ու փորձառություն ձեռք բերել սեփական աշխատանքով։ Հետո՝ երկրաշարժ, անկախություն, պատերազմ:  Եվ ՆԳՆ լրատվականն ամեն տեղ էր` աղետի գոտում, սահմաններին:  Լուսաբանում էր գրեթե ամեն ինչ, մինչև կստեղծվեին ու ոտքի կկանգնեին հանրապետության մյուս կառույցները՝ իրենց լրատվական ծառայություններով։ Իսկ 1994 թվականին, երբ ՆԳՆ  ծառայության լրատվականը արդեն կարող էր իրեն թույլ տալ միայն իր գործառույթներով զբաղվելու շռայլությունը, ծառայությունը դարձավ վարչություն։ Եվ 1994 թվականի մարտի 15-ին  ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեց հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, որն արդեն 27 տարեկան է։

Այսօր, վարչության աշխատակիցների ջանքերով ամեն շաբաթ եթեր են հեռարձակվում «02» և «Կիրակնօրյա հերթապահ մաս» հեռուստահաղորդումները, «Հերթապահ մասի» ամենօրյա թողարկումները, շաբաթը մեկ հանրային ռադիոյի եթերում  «Ռադիո 02-ն» է: Հանրության հետ շուրջօրյա կապի  մեջ է police.am  ինտերնետային կայքը: Սրան զուգահեռ` վարչության  ծառայողները ամեն օր ու ամեն ժամ ոստիկանական տեղեկատվություն են փոխանցում լրատվամիջոցներին և քաղաքացիներին։

Որո՞նք են այն կարևոր խնդիրները, որոնք լուծում է վարչությունը։

-Ինչպես յուրաքանչյուր ոստիկանական ստորաբաժանման, այնպես էլ ՀԿԼ վարչության առանցքային խնդիրն է հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը։ Վարչությունը բաղկացած է երեք բաժիններից` հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժին, հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժին և տպագիր և էլեկտրոնային մամուլի բաժին, որոնցից յուրաքանչյուրը հանցավորության դեմ պայքարում իր գործառույթներն ունի:

-Հեռուստառադիոհաղորդումների թողարկումների բաժինը ինչ բնույթի հաղորդումներ է պատրաստում և ինչի՞ վրա է շեշտադրումը: 

Հաղորդաշարերում ընդգրկված նյութերը հիմնականում տեղեկատվական և տեղեկատվական-վերլուծական բնույթի են։ Վարույթն իրականացնող մարմնի թույտվությամբ իրականացվում է հանցագործությունների բացահայտման, հետաքննության և նախաքննության լուսաբանում: Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջոցով հասարակությունն իրազեկվում է ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Տեղեկատվական բնույթի տեսանյութերում ներկայացվում են ոստիկանությանն առնչվող պաշտոնական լուրերն ու միջոցառումները, այդ թվում՝ լուսաբանվում են ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցությանն առնչվող ընդունելություններն ու այցելությունները (հրապարակումները՝ տեսանյութերով և լուսանկարներով, զետեղվում են նաև ոստիկանության կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնում): Հեռուստադիտողին է ներկայացվում օրվա հանցագործությունների քրոնիկոնը, ինչպես և հանցագործությունների բացահայտմանը միտված հայտարարութուններ՝  անհետ կորել է, հետախուզվում է, կողոպուտի  կամ գողության մեջ է կասկածվում և այլն։ Իսկ տեղեկատվական-վերլուծական բնույթի տեսանյութերը միտված են հասարակության իրավագիրտակցության բարձրացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը։ Թեմատիկ անդրադարձեր են կատարվում սեփականության, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններին, քննվում են հասարակական կարգի խախտման, հանցանքի ու զանցանքի տարբեր դեպքեր, տրվում խորհուրդներ: Օրինակ՝  ինչպես հաղորդում ներկայացնել, ինչպես չդառնալ թրաֆիքինգի, շորթման կամ խարդախության զոհ, որ զենքն է համարվում սառը զենք, ինչ է սուտ մատնությունը: Կանխարգելիչ խորհուրդներ են տրվում բնակարանային գողություններից, կողոպուտից, գրպանահատությունից խուսափելու համար: Խոսվում է թմրանյութի օգտագործման վնասակարության, ապօրինի զենք-զինամթերքը հանձնելու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անչափահասներին վերաբերող խնդիրները: Նպատակը հանցավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն է, անվտանգության ապահովումը, հանցավոր հակումներից զերծ պահելը: Աշխատանքն իրականացվում է տարբեր եղանակներով՝ դպրոցական տեսուչի ծառայությունից մինչև անչափահասների ճանաչողական այցելություններ ոստիկանության ստորաբաժանումներ, ոստիկանության զորքերի զորամասեր, կրթահամալիր: Նշված բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվում են ՀԿԼՎ-ի կողմից:

Ինչպես է ընտրվում, թե հաղորդումները որ լրատվամիջոցներով պետք է եթեր գնան: Գուցե՞ եթերաժամով է պայմանավորված:  

-Հաղորդումները հիմնականում հանրապետության չորս վարկանիշային հեռուստաընկերություններով են հեռարձավկում, խոսքը` «Հերթապահ մաս»-ի ամենօրյա թողարկումների, «Կիրակնօրյա հերթապահ մաս»-ի, «02»-ի և «1-02»-ի մասին է, իսկ եթերաժամը հեռուստաընկերություներն են որոշում։

Վարչությունը համալրվա՞ծ է  ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ավելի մեծ հնարավորություններ են տալիս աշխատանքի իրացման գործում։

-Վարչությունը բավարար կերպով համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Վերջին տարիներին  վերասարքավորվեց հեռուստատաղավարը, որը հնարավորություն է տալիս ավելի ներկայանալի երևալ մեր հանրությանը:  Զուտ տեխնիկական հագեցվածության առումով` վերազինվել են մոնտաժային սարքավորումները` հնարավորություն ընձեռելով հետաքրքիր և դիտարժան տեսանյութեր պատրաստելու։

-Նախկինում կասկածյալների դեմքերը չէին  քողարկվում, հիմա մոտեցումը փոխվել է, ինչո՞վ է պայմանավորված:  

-Ժամանակի թելադրանքն էր: Անմեղության կանխավարկածից  ելնելով`  որոշվեց, որ կասկածյալների դեմքերը չցուցադրվեն, նաև անձնական տվայալներ չենք հրապարակում, այն պարզ պատճառով, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

-Սովորաբար ինչպիսի՞ հարցեր են հետաքրքում, զանգվածային լրատվամիջոցներին ու քաղաքացիներին, որոնք զանգահարում են ոստիկանության ՀԿԼ վարչություն:

-Հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պատասխանատուները շուրջօրյա ռեժիմով պատասխանում են լրատվամիջոցների հարցումներին՝ օրենքի շրջանակում տրամադրելով սպառիչ պարզաբանումներ: Օրինակ` ԶԼՄ-ներից և այլ շահագրգիռ կազմակերպություններից ու անձանցից ՀԿԼ վարչության հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժին են ստացվում հարցեր, որոնք վերաբերում են տարբեր հանցատեսակների վիճակագրությանը, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, պետական պահպանության գլխավոր վարչության գործունեությանը, թրաֆիքինգին, թմրաբիզնեսին և թմրամոլությանը, անձնագրերի փոխանակման գործընթացին, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությանը և դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործություններին և այլ թեմաների, որոնց կապակցությամբ տրամադրվում են լիարժեք  ու սպառիչ պատասխաններ:

Ինչպիսի՞ն  է վարչության մոտեցումն ու համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ։

-Բավականին սերտ համագործակցություն կա ԱՊՀ երկրների ՆԳՆ լրատվական ծառայությունների հետ, նաև համագործակցում ենք եվրոպական երկրների  իրավապահ կառույցների լրատվական ծառայությունների հետ:  Փորձի փոխանակման նպատակով բազմիցս այցեր են եղել եվրոպական երկրներ: 2020 թվականին՝ Ղրղզստանի հանրապետության ՆԳՆ նախարարության լրատվական ծառայության աշխատակիցները եկան Հայաստան և ծանոթացան մեր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվակության վարչության գործունեությանը։ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ «Վահան և գրիչ» ամենամյա մրցույթի համար այժմ տեսաֆիլմ ենք պատրաստում: Ի դեպ մասնակցելու ենք հենց, «Համագործակցություն» անվանակարգով։ ՀԿԼ վարչությունը համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կառույցների հետ:

Այսպիսով, ոստիկանության ՀԿԼ վարչությունն ավելին է, քան պարզապես զանգվածային լրատվական կառույց: Վարչությունը ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից է։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունների ճշգրիտ և օպերատիվ իրազեկում, տեղեկատվական վերլուծական հաղորդումներով հասարակության իրավագիտակցության բարձրացում, փաստերի ճշգրիտ ներկայացում, պետականամետ գործունեություն։ Ոստիկանության ՀԿԼ վարչության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացու իրավունքների իրացման պարզաբանմանը, ծանուցումներին և պաշտպանությանը։ ՀԿԼ վարչության կողմից հրպարակված նորությունները բացառապես պաշտոնական են, կանոնակարգված պետական մարմինների կողմից, առանց որևէ քաղաքական և այլ ենթատեքստերի, վայել ոստիկանին և նրա գործունեությանը, ահա սրանով է, որ տարբերվում է ոստիկանության լրատվականն այլ լրատվամիջոցներից։ Այսօր,  ժամանակակից մարտահարավերներից ու լրատվության կայծակնային արագությամբ տարածվելուց ելնելով, դժվար է պատկերացնել ՀՀ ոստիկանության անխափան և օպերատիվ աշխատանքը առանց ՀԿԼ վարչության։

Ալիկ Հովհաննիսյան

5-րդ կուրս

Կիսվել