«Հատկապես 2018թ.-ից հետո ատելության խոսքի տարածումը սկսեց իրականացվել խիստ նպատակաուղղված ձևով». Անահիտ...

«Հատկապես 2018թ.-ից հետո ատելության խոսքի տարածումը սկսեց իրականացվել խիստ նպատակաուղղված ձևով». Անահիտ Հակոբյան

1063

Սոցիալական մեդիան վերստին փոխել է հաղորդակցության եղանակն ու ձևը։ Նոր սերնդի այս հաղորդակությունը դարձել է մեր առօրյան, ազդել մեր վարքի ու ապրելակերպի վրա։ Եթե հանրության համար սոցցանցերը հաղորդակցվելու միջոց են, ապա կառավարությունն այն հաճախ օգտագործում է հասարակությանը կառավարելու համար։ Սոցիալական մեդիայի, սոցցանցերում կառավարության դրսևորած վարքի և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել եմ սոցիոլոգ, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի դասախոս Անահիտ Հակոբյանի հետ։

-Արդյո՞ք սոցիալական մեդիաներում մենք ունենք բավարար մեդիագրագիտություն։

-Հաշվի առնելով այն ծավալներն ու արագությունը, որով այսօր սոցիալական մեդիաներում տարածվում են կեղծ լուրերը, կարծում եմ, բավարար մեդիագրագիտություն հասկացությունն այդքան էլ տեղին չէ։ Twitter սոցիալական ցանցում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կեղծ լուրերն այստեղ տարածվում են վեց անգամ ավելի արագ, քան ճշմարիտ լուրերը։ Բացի այդ, մենք չափից շատ ենք կախված դարձել սոցիալական մեդիաներից այն իմաստով, որ դրանք դարձել են տեղեկատվության ստացման առաջնային աղբյուր։ Հայաստանում վերջին տարիներին անցկացված հարցումները ևս այդ մասին են վկայում։ Սա կեղծ ինֆորմացիայի սպառման տեսանկյունից բացասական միտում է, քանի որ սոցիալական ցանցերում նորությունների սպառումն ունի մի շարք առանձնահատկություններ, որով այն էապես տարբերվում է այլ մեդիաներից՝ հեռուստատեսություն, տպագիր մամուլ և այլն։ Այս հարթակներում տեղեկատվության տարածումը խիստ բևեռացված է. օգտատերերը հակված են իրենց շրջապատել սեփական կարծիքը հաստատող տեսակետներով, իսկ ալգորիթմները նրանց ցույց են տալիս այն էջերի և օգտատերերի հրապարակումները, որոնց տեսակետը կրկին հաստատում է այդ կարծիքը։ Այս ամենից զատ, սոցիալական ցանցերում նորությունների մեր սպառումը շատ մակերեսային է. մարդիկ հիմնականում ոչ թե կարդում են բովանդակությունը, այլ ընդամենը սկանավորում են այն՝ առանց խորանալու և այն ստուգելու։ Արդյունքում մենք ստանում ենք մեծ թվով տեղեկատվություն 24/7 ռեժիմով, սակայն մեզ մնում է նվազագույն իմաստ և բովանդակություն։ Եթե նշվածին ավելացնենք, որ այսօր կեղծ լուր կամ fake news են համարվում ոչ միայն բացահայտ սուտ տվյալներ պարունակող նյութերը, այլ նաև մանիպուլացնող վերնագրերը, կոնտեքստից դուրս մեջբերումները, հին ինֆորմացիայի՝ որպես նորի ներկայացումը, ապա պատկերը կդառնա շատ ավելի տխուր։ Նշված կետերից կարող ենք եզրակացնել, որ խնդիրը սերտորեն առնչվում է կրթության կամ մեդիագրագիտության հետ, սակայն չի սահմանափակվում դրանցով: Կարևոր է հաշվի առնել նաև սոցիալ–հոգեբանական և տեխնոլոգիական գործոնները, ինչպես նաև այն ձևաչափն ու ծավալները, որով սոցիալական մեդիաներում ներկայացվում և տարածվում են նորությունները։ Սա, կարելի է ասել, ունիվերսալ միտում է բոլոր հարթակների համար Հետևաբար, նման պայմաններում նույնիսկ մեդիագրեգետ և կթված խմբերը երբեք չեն կարող ապահովագրված լինել կեղծ լուրերին հավատելուց կամ դրանք տարածելուց։

-Հասարակությունը սոցիալական մեդիայի միջոցով ճի՞շտ է կառավարվում։

-Եթե խոսքը քաղաքական ուժերի մասին է, ապա կառավարվում է արդյունավետ, սակայն զուտ իրենց տեսանկյունից, այսինքն՝ տարբեր ուժեր կարողանում են ներգործել զանգվածային գիտակցության վրա՝ ի օգուտ սեփական նպատակների։ Նշեմ, որ այսօր վիրտուալ հարթակներում հանրության կառավարումը պայմանավորող առանցքային գործոններից են անորոշությունն ու վստահության ցածր մակարդակը, որոնց ազդեցությունը երկակի է։ Մի կողմից, որքան ավելի անորոշ է իրականությունը, այնքան ավելի հեշտ է ուղղորդել մարդկանց գիտակցությունն ու վարքը՝ տարբեր կարծրատիպերի, առասպելների, դավադրապաշտական տեսությունների միջոցով։ Մյուս կողմից, այսօր մեր հասարակությունում առկա է վստահության խորը ճգնաժամ՝ հատկապես պաշտոնական տեղեկատվության հանդեպ, ինչը կարող է պրոյեկտվել այլ աղբյուրների վրա՝ վերածվելով ապատիայի և ունիվերսալ անվստահության ցանկացած տեղեկատվության հանդեպ։ Այս երկակի ազդեցությունն ունի լուրջ ուսումնասիրության կարիք, եթե նպատակ ունենք վերականգնելու այդ վստահությունը և ձևավորելու կոնստրուկտիվ տեղեկատվական միջավայր։

-Սոցիալական դիրքորոշումների ձևավորմանը նպաստում են պատիժն ու խրախուսումը։ Ո՞րն ավելի շատ պետք է կիրառվեր ըստ Ձեզ։

-Ես ավելի շատ հակված եմ խրախուսող մեխանիզմների կիրառմանը, քանի որ դրանց ազդեցությունը մարդու վարքի վրա կարող է լինել շատ ավելի մեծ ու երկարաժամկետ։ Եթե հարցը դիտարկենք ատելության խոսքի տարածման համատեքստում, բացասական սանկցիաները կարող ենք ավելի խորացնել իրավիճակը, քանի որ բացասական ազդակը ավելի մեծ հավանականությամբ առաջ կբերի նմանատիպ արձագանք, և արդյունքում մենք կբազմապատկենք այն՝ նվազեցնելու փոխարեն։ 

-Իշխանության վարքը սոցիալական ցանցերում կարո՞ղ է նպաստել հասարակության վարքի ձևավորմանը, արդյո՞ք ատելության խոսքը խրախուսվել էր Հայաստանում։

-Ներկայիս իշխանությունները մեծ դեր ունեցան ատելության խոսքի տարածման գործում, ինչը բնականաբար դրսևորվեց հենց սոցիալական մեդիայում և իրականացվեց այս հարթակների միջոցով։  Հատկապես 2018թ.-ից հետո ատելության խոսքի տարածումը սկսեց իրականացվել խիստ նպատակաուղղված ձևով։ Սա բնական էր՝ հաշվի առնելով, որ նոր իշխանության հռետորաբանությունը գլխավորապես հիմնված էր «նախկինների» հանդեպ ատելություն գեներացնող դիսկուրսի վրա։ Ցավոք, այս ամենը ավելի խորացավ պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչև օրս։ Այս ընթացքում ատելության խոսքի ամենացավալի դրսևորումներից էր արցախցիների հանդեպ ատելության նպատակաուղղված տարածումը սոցիալական ցանցերում, որն իրականացվում էր կեղծ էջերի միջոցով արվող մեկնաբանությունների և մանիպուլյատիվ բնույթի կոնտենտի միջոցով։ Արդյունքում մեր հասարակությունն այսօր ավելի բևեռացված է, քան նույնիսկ 2018թ.-ին էր, և այդ բևեռացումը ավելի ու ավելի է խորանում ոչ միայն սոցիալական մեդիաներում, այլ նաև դրանցից դուրս։ Իմ սեփական դիտարկումները ցույց են տալիս, որ օնլայն և օֆլայն միջավայրերի միջև սահմանը դարձել է շատ լղոզված։ Եթե նախկինում կար հստակ տարբերություն այս երկու միջավայրերում առկա մթնոլորտի և դիսկուրսների միջև, ապա այսօր, ցավոք, նույն թունավոր մթնոլորտն ու բևեռացված դիսկուրսները սկսել են ավելի հաճախ հանդիպել նաև սոցիալական մեդիայից դուրս։

-Սոցիալական մեդիան ի՞նչ դեր ու նշանակություն ունի տեղեկատվական պատերազմներում, Հայաստանում այն ճի՞շտ է օգտագործվում։

Բնականաբար շատ մեծ դեր ունի։ Ցավոք, տեղեկատվական պատերազմի հարցում վերջին 30 տարիների ընթացքում մենք զիջել ենք թշնամիներին․ չի եղել այն համակարգված և ռազմավարական մոտեցումը, որը, օրինակ, կա Ադրբեջանում։ Մեր գործողությունները տեղեկատվական դաշտում հիմնականում եղել են ռեակտիվ և թշնամու քայլերին արձագանքող։ Այս վիճակն ակնառու կերպով դրսևորվեց վերջին պատերազմի ընթացքում։ Բավական է նշել, որ մեր տեղեկատվական գործողությունները միջազգային հարթակներում իրականացվում էին հիմնականում կամավորականներից կազմված խմբերի կողմից։ Ֆեյսբուքում ձևավորվել էին մի քանի այդպիսի խմբեր, որոնց անդամակցում էին հազարավոր հայ օգտատերեր՝ ձևավորելով յուրատեսակ վիրտուալ բանակ։ Սակայն, նախևառաջ, այդ խմբերը գործում էին անկախ և տարածում տարբերվող և նույնիսկ իրար հակասող հաղորդագրություններ, ինչի արդյունքում վիրտուալ հարթակներում մեր պայքարը ոչ պրոֆեսիոնալ էր և չհամակարգված։ Մենք միաժամանակ տարածում էինք «Recognize Armenia» և «Artsakh is Armenia» միմյանց հակասող հաղորդագրությունները, ինչը հաղորդակցության տեսանկյունից սխալ էր, և միջազգային լսարանների մոտ կարող էր թյուրըմբռնում առաջացնել։ Չնայած այդ կամավորական խմբերի դերը մեծ էր տեղեկատվական պատերազմում, սակայն հարկ է հաշվի առնել, որ եթե հաղորդակցությունն իրականացվում է սխալ ձևով, այն կարող է ավելի շատ վնաս բերել, քան օգուտ։ Այս առումով ցավալի է, որ անցած յոթ ամիսների ընթացքում նշված խնդիրները պատշաճ ուշադրության և քննարկման այդպես էլ չարժանացան, և այսօր էլ մեր տեղեկատվական ռազմավարությունն ունի լուրջ վերանայման ու բարելավումների կարիք, քանի որ պատերազմը չի ավատրվել, և նույնիսկ «հետպատերազմական» համարվող այս փուլում պայքարը տեղեկատվական դաշտում շատ ավելի կենսական նշանակություն ունի։ 

-Եվ վերջում, ո՞րն է Ձեր տեսակետը սոցիալական ցանցերում կառավարության գործունուեության վերաբերյալ (ի՞նչ է արել, որ չպետք է աներ և ի՞նչ չի արել, որ պետք է աներ):

-Ինչպես արդեն նշեցի, ներկայիս իշխանությունը մեծ դեր ունի սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման և բևեռացման խորացման գործում։ Սոցիալական մեդիաների բոլոր հնարավորություններն այս նպատակով արդյունավետ կերպով կիրառվում են, և հասարակության տարբեր շերտեր, սպառելով տեղեկատվությունը մակերեսային և էմոցիոնալ կերպով, հեշտությամբ կարող են տրվել տարբեր մանիպուլյացիաների։ Սակայն, այստեղ հարկ եմ համարում նշել, որ նույն գործիքներն ու տեխնոլոգիաները՝ ֆեյքեր, կեղծ լուրեր, մանիպուլյատիվ կոնտենտ և այլն, կիրառվում են նաև որոշ ընդդիմադիր ուժերի և մեդիաների կողմից, ինչն էլ ավելի է պառակտում հասարակությունը։ Թերևս ամենակարևորը, ինչը չպետք է արվեր, քաղաքական դիսկուրսի և գործընթացների տեղեփոխումն էր վիրտուալ տիրույթ։ 2018–ից հետո պաշտոնյաների մեծ մասը սկսեց հանրության հետ հաղորդակցվել սոցիալական մեդիաներում։ Առաջին հայացքից սա դրական քայլ էր, քանի որ նախկինում պաշտոնյաները հանրության հետ գլխավորապես հաղորդակցվում էին միջնորդավորված կերպով։ Սակայն, ինչպես տեսանք այս երեք տարիների ընթացքում, հաղորդակցությունը սոցիալական մեդիայում առավելապես մնաց միակողմանի, պետություն–հասարակություն լիարժեք երկխոսություն այդպես էլ չձևավորվեց, իսկ հանրության կողմից ստացվող հետադարձ կապն այդպես էլ չունեցավ այն կարևորությունը, որը ենթադրաբար պետք է ունենար։ Ավելին, մի շարք պաշտոնյաներ տարբեր տեսակետներ լսելու և հաշվի առնելու փոխարեն իրենց պահում են հասարակ օգտատերերի նման՝ հեռացնելով բացասական մեկնաբանությունները կամ արգելափակելով դրանց հեղինակներին։ Չնայած սոցիալական մեդիայում հանրության արձագանքը մի շարք խնդիրների կարևորման կամ լուծման առումով ունեցել է որոշակի ազդեցություն, սակայն այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին էր, օրինակ, պատերազմը, սոցիալական մեդիայում ակտիվ հանրությունը այդպես էլ մնաց որոշումների կայացումից օտարված։ Պատերազմի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շատ էր գրում այն մասին, թե որքան կարևոր է յուրաքանչյուր հայի ներդրումը և պատասխանատվությունը հաղթանակի հարցում, քաղաքացին ներկայացվում էր որպես այդ հաղթանակի գլխավոր սուբյեկտ ու դերակատար։ Սակայն, ինչպես տեսանք նոյեմբերի 9–ին և դրանից հետո, մենք այնքանով էինք հանդիսանում պատերազմի սուբյեկտ, որքանով մասնակցում էինք կամավորական նախաձեռնություններին՝ շատ դեպքերում փոխարինելով պետական կառույցներին, կամ տարածում պաշտոնական ապատեղեկատվությունը։

Սյուզան Ղազարյան

5-րդ կուրս

Կիսվել