«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում ծրագրերը շարունակվում են

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում ծրագրերը շարունակվում են

1381

Սոցիալական ծրագրերի պատասխանատու  Տաթև Հարությունյանի հետ զրուցեցինք Սյունիք զարգացում ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ու դրանց արդյունավետության , ինչպես նաև համայնքների զարգացման մասին։

Հարցին, թե Ինչո՞ւ է ՀԿ-ն անվանվել Սյունիք զարգացում Տաթև Հարությունյանը պատասխանեց, որ ՀԿ-ն կոչվում է Պատմական Սյունյաց աշխարհի անունով և հանդես է գալիս տարբեր զարգացնող ծրագրերով։

«ՀԿ-ի գլխավոր գաղափարը կայուն, զարգացող, համամարդկային սկզբունքներին հավատարիմ, 21-րդ դարի պահանջներին ու մարտահրավերներին (սոցիալական,  տնտեսական, մշակութային, հասարակական, բնապահպանական և այլն) պատրաստ հասարակության կայացմանն աջակցելն է»։

25 տարիների ակտիվ գործունեության շնորհիվ ՀԿ-ն դարձել է հարավային  Հայաստանում ամենամեծ հասարակական  կազմակերպություններից մեկը: Այսօր ՀԿ-ն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ համայնքային զարգացում՝ ներառելով գյուղատնտեսությունը  և զբոսաշրջությունը, սոցիալական և երիտասարդական զարգացում համապատասխան որակավորված աշխատակազմով։   

Խոսելով ծրագրերի մասին՝ Տաթև Հարությունյանը ընդգծեց  նաև, որ ՀԿ-ն զարգացման ծրագրերին զուգահեռ ակտիվորեն իրականացնում է  նաև արտակարգ իրավիճակներով պայմանավորված ծրագրեր։

«ՀՀ-ում համավարակի առաջին հաստատված դեպքի մասին պաշտոնական հայտարարությունից հետո, ՀԿ-ի կողմից ստեղծվեց համավարակի դեմ պայքարի արագ արձագանքման խումբ։ Օպերատիվ կերպով մշակվեցին համավարակի դեմ պայքարի ռազմավարական և տակտիկական պլաններ, որոնց համաձայն ՀԿ-ն, Վայոց ձորի հիմնական դերակատարների հետ խորհրդակցությամբ, արտակարգ ռեժիմով սկսեց աշխատել երկու կարևոր ուղղություններով՝ համավարակի տարածման կանխարգելում ու համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացման նախաձեռնությունների իրականացում։ Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացրել ենք անհատական պաշտպանիչ դիմակների արտադրություն և բաժանում բուժաշխատողներին ու թիրախային բնակչությանը, գյուղական 5 բուժական կենտրոններ զինել ենք առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, պաշտպանիչ դիմակներով, դիմավահաններով ու ախտահանիչ նյութերով», -ասում է Տաթևը՝ հավելելով, որ համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացման նախաձեռնություններից նաև եղել են կարտոֆիլի և գարու որակյալ սերմացուի ձեռքբերումն ու բաժանումը, տնկիների տրամադրումը մարզի խոշորացված համայքների և տարբեր բնակավայրերի տնտեսություններին, մարդասիրական օգնությունը, սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրումը Վայոց ձորի սահմանապահ համայնքների ավելի քանի 600 սոցիալապես խոցելի ընտանիքներին։

Շարունակելով ծրագրերի թեման, Տաթև Հարությունյանը միարժամանակ հավելեց.

«Արցախից տեղահանվածների հետ մենք ակտիվ աշխատանքներ սկսեցինք վերջին պատերազմի առաջին իսկ օրերից, գրեթե բոլոր կատեգորիաների հետ։ Ներկայումս էլ այդ աշխատանքները շարունակվում են Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Պատերազմի առաջին օրերին Սյունիք-Զարգացում ՀԿ-ն Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար մարզի թեմապատկան ճամբարում հյուրընկալեց Արցախից տեղահանված մոտ 150 անձանց և կարգավորեց երեխաների կրթության հարցը։ Մարդասիրական օգնության շրջանակում 2060 երեխաների տրվեցին ամանորյա նվեր-փաթեթներ, 150 հոգու՝ հագուստ, Արցախի, Սյունիքի և Վայոց ձորի 1221 ընտանիքի՝ 1700 տուփ հիգիենայի պարագաներ, 400 ընտանիքի՝ սննդի փաթեթներ։ Այժմ Վայոց ձորում ապաստանած արցախահայերի և մարզի վիրավոր ու զոհված ընտանիքների համար իրականացվում են զբաղվածությանը, ինքնազբաղվածությանն ուղղված ծրագրեր։ Շուտով կբացենք նաև հատուկ մանկապարտեզ Եղեգիս համայնքում, որտեղ կներգրավեն նաև Արցախից տեղահանված ընտանիքների մոտ 60 երեխաներ։  Ծրագրերը շարունակական են»։

Վայոց Ձորի մարզում, ՀԿ-ի ստեղծումից հետո նկատելի փոփոխությունների մասին Տաթև Հարությունյանը դժվարանում է մտաբերել ամենը, բայց առանձնացրեց մի քանիսը:

«Մասնագիտական մոտ 35  վերապատրաստումներ ենք իրականացրել 420 մասնակցի համար։ Վերապատրաստումները եղել են գյուղատնտեսների, խոհարարների, սպասարկման ոլորտի աշխատողների, զբոսաշրջության ոլորտի աշխատողների համար։ Տարբեր խմբակների միջոցով փորձել ենք ապահովել երիտասարդների, կանանց ինքնազբաղվածության խնդիրը։ Առանձնացնեմ մի քանիսը՝ պատանի ճարտարապետներ խմբակը, որը նաև իր սաների մասնագիտական կողմնորոշմանն օժանդակելու նպատակ ունի, տվել է մոտ 80 շրջանավարտ, որից 30%-ն անվճար հիմունքներով ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Շոշափելի հաջողություններ ունեն տարբեր ձեռագործ աշխատանքների խմբակները (վիտրաժ, բատիկա, ասեղնագործություն, ուլունքագործություն), որոնց սաները մեզ մոտ ձեռք բերած հմտությունների շնորհիվ իրենց ընտանիքների համար հավելյալ եկամտի աղբյուր են ստեղծում»,-ասում է Տաթևը։

2014թ.-ից Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համագործակցաբար Վայոց ձորի կենտրոնը տվել է ընդհանուր անգլերենի 1420 շրջանավարտ, երեխաների համար անգլերենի 686 շրջանավարտ, մասնագիտական զարգացման կուրսերի 612 շրջանավարտ։

Մարզի մոտ 60 երիտասարդ հնարավություն է ունեցել մասնակցելու «Աշխատանքային պրակտիկա» ծրագրին։ Առաջին աշխատանքային փորձը ձեռք բերելով՝ կարողացել են մուտք գործել աշխատաշուկա։ 

«Գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի 10 համայքներում անցկացվել են ոռոգման ջրագծեր, հիմնվել է ավելի քան 750 հա պտղատու այգի, տեղացիներին բաժանվել են ավելի քան 250,000 տնկիներ, հինգ փոքր չրանոցային տնտեսություններ ստացել են համապատասխան օժանդակություն, հիմնվել է 80 տ տարողությամբ նորագույն սարքավորումներով հագեցած սառնարանային տնտեսություն, վերապատրաստվել են ավելի քան 2500 այգեգործներ, մասնակցել փորձացուցադրությունների և փոխանակման այցերի, Եղեգնաձորում հիմնվել է մարզի առաջին ինտենսիվ տնկարանն ու փորձացուցադրական ինտենսիվ այգին, 36 ընտանիքներ ստեղծել են իրենց մեղվանոցները»։

Կազմակերպության հիմնադրումից (1995թ) ի վեր կազմակերպվում են ամենամյա բազմազգ ճամբարներ։

«Նորոգվել և բարեկարգվել են մի շարք պատմական հուշարձաններ, տեղադրվել են մեծ ու փոքր աղբահաններ, իրականացվել են անտառատնկումներ Նորավանքի ձորում»։

Եվ ի վերջո, ՀԿ-ն նաև մարզում մի քանի տասնյակ աշխատատեղեր է ապահովում։ Այսօր ՀԿ-ի տարբեր ծրագրերում աշխատում է 44 հոգի։ Տաթև Հարությունյանը պատմեց նաև վերջերս ՀԿ-ի կողմից բացված «Թարգմանչաց դպրոց »-ի և դրա նպատակների մասին.

«Նախորդ տարվա իրադարձությունները մեզ լրջագույն մարտահրավերի առջև են կանգնեցրել։ Մեր գոյության պահպանման բանալին կրկին գիրն ու գրականությունն են, գիտելիքն ու գիտելիքահեն հասարակությունը։ Թերևս պատահական չէ, որ հենց այս օրերին «Թարգմանչաց դպրոցի» հիմնումը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կարևորագույն ծրագրերից մեկը դարձավ։ Նախաձեռնության նպատակը թարգմանչական դպրոցի լավագույն ավանդույթների պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը և տեղացի որակյալ թարգմանիչներ պատրաստելն է։ Շուտով լույս կտեսնի «Թարգմանչաց դպրոցի» անդրանիկ գործը՝ արձակագիր Օ. Հենրիի պատմվածքների ժողովածուն, որը թարգմանել են վայոցձորցի թարգմանիչները։  Հետագայում թարգմանվելու են սիրված, հայտնի ու ոչ հայտնի, տարբեր ազգությամբ հեղինակների, գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններ»։

Վերջում Տաթև Հարությունյանն ավելացրեց, որ թարգմանիչների խումբը ընդլայնվելու և շարունակական գործունեություն ծավալելու միտում ունի։

Սյուզան Ղազարյան

5-րդ կուրս

Կիսվել