Պարեկային ծառայողների առաջին հոսքի ուսումնառությունը գտնվում է ավարտական փուլում

Պարեկային ծառայողների առաջին հոսքի ուսումնառությունը գտնվում է ավարտական փուլում

1727

Հայաստանում ոստիկանության բարեփոխումների գործընթացը սկսված է։ Մինչև Երևան քաղաքում կգործարկվի նոր պարեկային ծառայությունը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունվարի 18-ից սկսված պարեկային սովորողների ուսումնավարժական պարապմունքները ընթացքի մեջ են։

Ուսումնական պրոցեսի կազմակերպման ընթացքի մասին զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանի հետ։

-Պարո՛ն Մարկոսյան, որքա՞ն ժամանակ է նախատեսված պարեկային ծառայողների ուսումնառության համար։

-ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և դրա հիման վրա պետական կրթական չափորոշիչի և ուսումնական պլանի համաձայն՝ պարեկային ծառայողների ուսումնառության տևողությունը 5 ամիս է:

-Ի՞նչ ուսումնական պարապմունքների են մասնակցում պարեկային ծառայողները։

-Ոստիկանական ոլորտի կրթությունը պետք է լրջորեն կապակցվի ոստիկանության ծառայության առջև դրված մարտահրավերներին և իրական ու անաչառ գնահատված կարիքներին։ Ըստ այդմ, ուսումնական պլանը մշակելիս մենք կենտրոցել ենք այն գիտելիքների և կարողությունների վրա, որոնք իրապես և այդ ծավալով անհրաժեշտ են պարեկային ծառայությանը։ Բանն այն է, որ ժամանակակից ոստիկանության առջև դրվող խնդիրները շատ բազմաշերտ ու բարդ են, ուստի պահանջում են ավելի զարգացած ու ավելի նեղ մասնագիտական կարողություններ ու հմտություններ, հատուկ սարքավորումների ու տեխնիկական միջոցների հագեցում, ժամանակակից ոստիկանությունը պահանջում է առավելապես խնդիրներ լուծելու, սթրեսային բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու, արագ որոշումներ կայացնելու և քննադատական մտածողության կարողություններ։ 

Մասնավորապես, ուսումնական պլանում մեծ տեսակարար կշիռ են կազմում այնպիսի մոդուլները, ինչպիսիք են՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, արտակարգ իրավիճակներում ավտոտրասպորտային միջոցների վարումը, հատուկ ֆիզիկական պատրաստականությունը, կրակային պատրաստականությունը, ծառայության իրականացման մարտավարությունը, ոստիկանության ծառայողների էթիկան և բարեվարքությունը, մասնագիտական հոգեբանությունը և հաղորդակցման հմտությունները, ոստիկանության և հասարակության փոխհամագործակցությունը:

-Այժմ ո՞ր փուլում է պարեկային ծառայողների ուսումնառությունը։

-Պարեկային ծառայողների առաջին հոսքի ուսումնառությունն այժմ գտնվում է ավարտական փուլում: Սովորողներն ուսումնասիրել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներն ու մոդուլները, ներկայումս նրանք անցնում են վարժախաղերի փուլը, որին հաջորդելու է ուսումնառության ավարտական փուլը՝ ամփոփիչ պետական ատեստավորումը:

-Այս  նոր ձևավորվող պարեկային ծառայությունը  բացառիկ է կանանց ներգրավվածությամբ, արդյո՞ք կանայք  հավասարապես ներգրավված են ուսումնավարժական պարապմունքներին։

-Նոր պարեկային ծառայության կազմավորման հայեցակարգային դրույթներից մեկը հավասար պայմանների ապահովումն էր բոլոր նրանց համար, ովքեր համապատասխանում են ոստիկանությունում ծառայության անցնելու՝ օրենքով սահմանված պահանջներին, անկախ սեռից: Կրթահամալիրը հայտարարել էր ընդունելության բաց մրցույթ, որին հավասար հիմքունքներով մասնակցում էին թե՛ արական և թե՛ իգական սեռի ներկայացուցիչները, թե՛ գործող ոստիկանության ծառայողներ, և թե՛ քաղաքացիական անձինք: Ցանկանում եմ նշել նաև, որ ընդունելության ստուգումների անցողիկ շեմը հաղթահարած և հարցազրույցից դրական եզրակացություն ստացած բոլոր իգական սեռի դիմորդները ընդունվել են կրթահամալիր՝ պարեկային ծառայության ուսուցման համար:

-Նոր ձևավորվող պարեկային ծառայությունը բացառիկ է նաև նրանով, որ   բացի ոստիկանության ծառայողներից  ուսանելու և կարճ ժամանակահատվածում  ոստիկանության շարքերը համալրելու հնարավորություն է տրված քաղաքացիական անձանց։  Ինչպե՞ս է բալանսավորվում պարապմունքների ընթացքը, և արդյո՞ք քաղաքացիական անձինք չեն մնում փորձառու ոստիկանների ստվերում, նրանք ստանու՞մ են բավարար գիտելիքներ, թե՞ ոստիկանության ծառայողների ներգրավվածությունը ինչ-որ չափով խանգարում է։

-Ինչպես արդեն նշեցի, ընդունելության մրցույթը իրականացվել է բացարձակապես հավասար պայմաններում և այժմ մեր ուսումնական խմբերում նույն բովանդակությամբ ուսումնական պլանով սովորում են թե՛ ոստիկանության գործող ծառայողներ, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդպիսի ոչ միատարր ուսումնական խմբերի ձևավորումը ոչ միայն չխոչընդոտեց ուսումնական գործընթացին, այլև՝ էապես նպաստեց դրա արդյունավետության բարձրացմանը: Գործող ոստիկանության ծառայողները ուսումնական պարապմունքների ընթացքում բերում էին կոնկրետ օրինակներ իրենց աշխատանքային փորձից, ինչը հնարավորություն էր տալիս դասախոսներին թեմաները լուսաբանել նաև այդ պրակտիկ իրավիճակների տեսաբնկյունից: Դրա շնորհիվ ուսումնական խմբի մյուս սովորողները արդեն ուսումնառության գործընթացում էին ծանոթանում այն տիպային, խնդրահարույց իրավիճակներին, որոնց իրենք կարող են հանդիպել ծառայության ընթացքում, և սովորում էին գործողությունների այն ալգորիթմը, որը օրինականության և մարտավարարության տեսանկյունից պետք է կիրառվի տվյալ իրավիճակում:

-Ինչպիսի՞ն է սովորողների տրամադրվածությունը և մասնակցությունը  ուսումնական պարապմունքներին։

-Կրթահամալիրի ղեկավարությունը մշտապես կապ է պահպանում սովորողների հետ, պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ սովորողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ հանդիպումներից ստացած տպավորությունը միանշանակ է. բոլոր սովորողները շատ մոտիվացված են, ոգևորված և անհամբերությամբ սպանում են այն օրվան, երբ իրենք դուրս կգան Երևան քաղաքում պարեկային ծառայության՝ մարմնավորելով ոստիկանի նոր, բարեվարք կերպարը:

-Պարո՛ն Մարկոսյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հնգամսյա  վերապատրաստումը կտա այն արդյունքը, որ կուրսանտները ստանում էին կրթության շրջանակներում՝ հաշվի առնելով, որ պրոցեսին ներգրավված են նաև քաղաքացիական անձինք  և հասարակությունը կտեսնի՞ այն ոստիկանին, ում սպսասում է։

Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարեկային ծառայությունը լինելու է շատ արդյունավետ և մեր համաքաղաքացիները շուտով հնարավորություն կունենան համոզվելու, որ ի դեմս նոր պարեկային ծառայողների՝ իրենք տեսնելու են ոչ թե ուժային կառույցի ներկայացուցչի կերպարով, այլ՝ հասարակությանը ծառայություն մատուցող ծառայողի կերպարով ոստիկանին:

Շուտով, Երևան քաղաքում կտրվի պարեկային նոր ծառայության մեկնարկը։ Մինչև այդ, պարեկային սովորողները և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմը 5 ամիս իրենց  ուժերը ներդրեցին նոր պարեկային ծառայության կայացման գործին՝ համոզված լինելով, որ ի դեմս նոր պարեկային ծառայողների, ՀՀ քաղաքացին կտեսնի  հասարակությանը ծառայություն մատուցող ոստիկանի կերպար։

Ալիկ Հովհաննիսյան

5-րդ կուրս

Կիսվել