Անչափահասները և նրանց հետ կապված խնդիրները մշտապես պետության և հասարակության ուշադրության կենտրոնում...

Անչափահասները և նրանց հետ կապված խնդիրները մշտապես պետության և հասարակության ուշադրության կենտրոնում են

1763

Անչափահասները և նրանց հետ կապված խնդիրները մշտապես պետության հոգացության ներքո են։ Անչափահասներն են պետության և հասարակության  ապագան, և նրանց կրթության, դաստիարակման, սոցիալականացման գործընթացը ուղիղ համեմատական է  այդ հասարակության ապագային։ Միևնույն ժամանակ, բավականին խոցելի խումբ է, որտեղ, չնայած տարվող բազմաթիվ աշխատանքներին, առկա են բացեր։ Անչափահասների կայացման հիմքում ընկած  է ընտանիքը, և ընտանեկան բռնությունները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում անչափահասների զարգացման վրա։ Չնայած տարվող դաստիարակման և կանխարգելման բազմաթիվ  աշխատանքներինայսօր, նույնիսկ զարգացած երկրներում և մեր երկրում էլ հանդիպում ենք անչափահասների հանցավոր խմբերի։ Այս երկու կարևոր  հիմնահարցերի, դրանց շուրջ ծառացած խնդիրների լուծման, հանցավորության դրդապատճառների, հանցավորությանը նպաստող գործոնների, հանցավորության շարժընթացի, կանխարգելման մասին զրուցել եմ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի՝ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։

Վերջերս հրապարակեցիք «Անչափահասների խմբային հանցավորություն» մենագրությունը։ Ինչի՞ մասին է  խոսվում մենագրությունում։

-Աշխատությունը իմ հինգ տարիների հետազոտության արդյունքն է։ Հետազոտություն, որին նվիրվել եմ ամբողջությամբ` ներդնելով  սեր և ոգի։

Անչափահասները և նրանց հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են պետության և հասարակության ուշադրության կենտրոնում։ Չէ՞ որ աճող սերնդից է կախված երկրի ապագան։ Բացի այդ, անչափահասների շրջանում տեղի ունեցող գործընթացներից կարելի է  մեծ հավանականությամբ կանխատեսել նաև  հանցավորության ապագան։

Անչափահասների հանցավորության վերաբերյալ կան որոշակի հետազոտություններ, որոնք կատարվել են տարբեր հետազոտողների կողմից։ Նրանց ուսումնասիրություններում հանդիպում է  անդրադարձ`  անչափահասների խմբային հանցավորության վերաբերյալ` որպես անչափահասների հանցավորության բնութագրիչ առանձնահատկություն։ Ուսումնասիրելով անչափահասների հանցավորության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը` պարզեցի, որ մոտավոր՝ ըստ միջինացված ցուցանիշի անչափահասների հանցավորության 25-30%-ը կազմում է խմբային հանցավոր գործունեությունը, և հետաքրքրություն առաջացավ այն ուսումնասիրելու։

Հետազոտությունը իրականացրել եմ՝ վերլուծելով անչափահասների խմբային հանցավորության վերաբերյալ 2013-2018թթ. վիճակագրական տվյալներ, 292 քրեական գործեր` անչափահասների խմբերի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, ուսումնասիրվել է խմբի կազմում հանցանք կատարած 516 անչափահասի անձ, խմբի կազմում հանցանք կատարած և պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող 100 անչափահասների շրջանում իրականացված  սոցիոլոգիական հարցումների տվյալները, 150 անչափահասների գործերով տեսուչների շրջանում իրականացված փորձագիտական հարցման տվյալները։

Մենագրությունը բաղկացած է երկու գլխից, որոնք ներառում են յոթ պարագրաֆներ։

Մենագրությունում քննարկվում է անչափահասների խմբային հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը` արտացոլելով  վիճակը, շարժընթացը, կառուցվածքը, խմբի կազմում հանցանք կատարած անչափահասների կրիմինալոգիական բնութագիրն ըստ սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական հատկանիշների։

Տիկին Խաչատրյան,  ասացիք, որ մենագրությունում քննարկվում է նաև անչափահասների հանցավոր խմբերի տիպաբանությունը։ Ի՞նչ ասել  է«անչափահասների հանցավոր խմբերի տիպաբանություն»։ Կխնդրեի մեկնաբանել։

-Անչափահասների հանցավոր խմբերն ուսումնասիրելիս՝ առանձնացրել ենք մի  մի քանի դասակարգում կամ տիպ։ Նախ և առաջ մաքուր խմբեր և խառը խմբեր (չափահասների մասնակցությամբ): Վերջիններս առավել տարածված են և վտանգավոր, քանի որ չափահասների հետ հանցավոր գործունեությունը  առավել վտանգավոր բնույթ է կրում` շահադիտական հանցանքներն իրենց տեղը զիջում են բռնի հանցագործություններին։ Այնուհետև փոքր (2-3 հոգուց բաղկացած) և մեծ (4 և ավելի) խմբեր, որտեղ առավել տարածված են փոքր խմբերը։ Ըստ կայունության աստիճանի առանձնացրել ենք անկայուն, համեմատաբար կայուն և կազմակերպված հանցավոր խմբերը։ Այս տիպաբանության մեջ էլ լայն տարածում ունի անկայուն տիպը` չնայած որ նկատվում է կայունացում։ Ինչ վերաբերվում է կազմակերպված խմբերին, ապա մեր հետազոտության համար ընտրված ժամանակաշրջանում շատ փոքր տեսակարար կշիռ ունի. ընդամենը չորս խումբ ենք առանձնացրել, որոնք ունեին կազմակերպվածության բարձր մակարդակ։

Այսինքն՝ գործ ունե՞նք անչափահասների կազմակերպված խմբերի հետ։ Որո՞նք են դրդապատճառները  և հանցավորությանը նպաստող գործոնները։

-Դրդապատճառները տարբեր են` կապված անձի սոցիալականացման ինստիտուտների գործունեության բացթողումների հետ։ Մասնավորապես, առաջին հերթին ընտանիքը` որպես անձի սոցիալականացման ամենաառաջին ու կարևորագույն ինստիտուտ, որտեղ կա բացասական ազդեցություն անչափահասների վրա, չէ՞ որ  անչափահասները, որպես կանոն, միշտ իրենց աչքի առաջ ունենում են իրենց ծնողների օրինակը` որպես օրինակ, որոնք տեղ են գտնում արդեն սեփական վարքագծում։ Ի դեպ,  ընտանիքում  բացասական ազդեցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ։ Մեծապես կապված է ընտանիքի նյութական ապահովվածության վիճակի հետ։ Ընտանիքները կդասակարգենք բարենպաստ և անբարենպաստ ընտանիքների, այսինքն՝ այստեղ բացասական ազդեցությունը արտահայտվում է նրանում, որ անչափահասները ընտանիքում ունենում են զուտ նյութական խնդիրներ՝  հագուստի հետ կապված, սննդի հետ կապված, դպրոցական պարագաների հետ, և ծնողները չեն կարողանում երեխաների համար ապահովել կենսակերպի ամենատարրական միջոցները և դա շատ հաճախ անչափահասներին դրդում է փողոց, և նրանք փորձում են փողոցում գտնել այն, ինչ  չեն ստանում ընտանիքում։ Շատ դեպքերում ծնողները շատ հետևողական են և մեծ ցանկություն ունեն իրենց երեխայի վրա դրական ազդելու, բայց շրջապատի ազդեցիկ դերը  խանգարում է, շատ հաճախ ծնողը բախվում է երեխային դաստիերակելու անկարողության խնդրի հետ։  Բացի այդ, սոցիալապես ապահովված ընտանիքներում,  որտեղ անչափահասը չի ունենում նյութական ապահովվածության խնդիր և նրան ոչ մի հարցում չեն մերժում, այլ հանդիսանում է ընտանիքի կուռքը, այս անչափահասների մոտ էլ անհատականացման գործընթացը ոչ այնքան դրական է ընթանում,  քանի որ նրանց մոտ  չի ձևավորվում չափի զգացողությունը, պատասխանատվության զգացողությունը։  Նրանց մոտ ձևավորվում է ավելի շատ եսասիրական պահանջմունքները և եթե նախկին ընտանիքների դեպքում, որտեղ անչափահասները ունեն նյութական խնդիրներ և նրանց վարքագծում, այսպես ասած, գերակշռում է շահադիտական բռնի հանցանքները, ապա բարեկեցիք ընտանիքներից դուրս եկած անչափահասների դեպքում՝ առավել հաճախ բախվում ենք նրանց կողմից բռնի հանցանքների կատարման հետ՝ մասնավորապես խուլիգանությունների,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  սպանության հետ կապված դեպքերի։ Այստեղ, մասնավորապես, քրեաբանական և սոցիալական օգնությունը ծնողներին կարող է մեծ նշանակություն ունենալ երեխայի դաստիարակման պարտականությունները կատարելու համար։

Անձի սոցիալականացման երկրորդ  կարևոր ինստիտուտը հանդիսանում է ուսումնական հաստատությունը, որը բացի անձին կրթելուց նաև դաստիարակչական գործառույթ է իրականացնում։

Մանկավարժներն են հանդիսանում այն կարևորագույն սուբեյկտները, որոնք ունակ են վեր հանելու իրենց սաների վարքագծային շեղումները։ Ոսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ անչափահասների հանցավոր խմբերի ճնշող մեծամասնությունը ձևավորվել է բակում կամ ուսումնական հաստատություններում,  որտեղ իրենք սովորել են, և մի փոքր զանգված էլ ձևավորվել է ժամանցի վայրերում։ Հետևաբար, եթե անչափահասների հանցավոր խումբ է ձևավորվում, սա արդեն վկայում է տվյալ ուսումնական հաստատության բացթողումների մասին։ Տնօրենները հաճախ կարգապահական տույժի չենթարկվելու համար  ամեն ինչ անում են, որպեսզի այդ փաստը չբացահայտվի։ Այս զանգվածն էլ մնում է անպատիժ,  անչափասների մոտ ստեղծվում է անպատժելիության պատրանք և նրանց մոտ վարքագծային շեղումները ավելի վտանգավոր են դառնում հետագայում։

Մյուս կարևոր գործոնը անչափահասների հանցավորության դրանց մերձավոր շրջապատն է և այստեղ մեջբերեմ ժողովրդական հայտնի խոսքը` «ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու», կամ«նմանը նմանին է գտնում», և շատ կարևոր է՝ անչափահասը ինչպիսի՞ միջավայրում կհայտնվի։ Հայտնվելով այդ շրջապատում՝  անչափահասը կամա թե ակամա կրելու է այդ միջավայրի սոցիալական արժեքները ու նորմերը։

Ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով է իրականցվում անչափահասների հանցավոր խմբերի հանցավորության կանխարգելումը։  Արդյո՞ք դրանք իրականցվում են ամբողջ ծավալով։

-Ուսումնասիրել եմ այն հատուկ սուբեյկտները, որոնք, այսպես ասած, պատասխանատու են  անչափահասների հանցավորության վերարտադրության համար կամ հանցավորության կանխարգելման կարևոր խնդրի համար։ Ոսումնասիրել եմ ոստիկանության գործունեությունը՝  որպես հատուկ մասնագիտացված սուբեյկտ իր մասնագիտացված ստորաբաժանման գործունեության առումով՝ իրականացնելով ներքին դիտարկում, ինչպես նաև զուտ հետազոտողի աչքերով՝  ելնելով առկա խնդիրներից, ուսումնասիրել եմ պրոբացիոն ծառայողական գործունեությունը՝ անչափահասների հետ առնչվող մասով, ուումնասիրել եմ նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը՝  պայմանավորված արդեն հանցանք կատարած և դատապարտյալների  ուղղման վերաբերյալ և վեր եմ հանել նրանց գործունեությունում առկա  տեսանելի և շոշափելի այն խնդիրները, որոնք  բացասաբար են անրադառնում  անչափահասների ուղղման և առհասարակ անչափահասների հանցավորության կանխարգելմանը։

Հաջորդը  քրեակատարողական ոլորտն է,  որը ոչ միայն անչափահասների ուղղման,  այլ նաև ընդհանուր հանցավորության կանխարգելման համար  կարևորագույն ոլորտ է։ Ինքս 2018 թվականի ապրիլի 3-ին այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու անչափահաս դատապարտյալների հետ տարվող աշխատանքների բնույթին և մեթոդին։ Բնականաբար, ցանկությունս այն աշխատակիցների հետ զրուցելն էր, ովքեր առնչվում են  անչափահաս դատապարտյալների հետ՝  մասնավորապես հոգեբան,  իրավաբան,  սոցիալական աշխատող։

Հաջորդ ոլորտը դա պրոբացիայի ծառայությունն է,  որը  բոլորվին վերջերս է ձևավորվել ՀՀ-ում։ Որպես նոր ձևավորվող կառույց՝ խնդիրները կապված են կադրերի ընտրության և պատրաստվածության հետ։ Այստեղ շատ լուրջ խնդիր էր հանդիսանում այն, որ  պրոբացիոն ծառայողների քանակը բավականին  պակաս էր, քան պրոբացիոն շահառուներինը։ Մեկ պրոբացիոն ծառայողի վարույթում  գտնվում է մինչև նույնսիկ 500 վարույթ։

Խնդիր եմ տեսել նաև պրոբացիոն ծառայողի  մասնագիտացված ուղղության հետ,  քանի որ միևնույն ծառայողը սպասարկում է և՛ անչափահաս շահառույի, և՛ կին պրոբացիոն շահառույի, և՛ տղամարդ,  և՛ ռեցեդիվ թույլ տված անձանց, որը պահանջում է ուղղակի կարողություններ հմտություններ,  և մեկ անձ չի կարող ձեռք բերել այդ հմտությունները բոլոր շահառուների հետ աշխատանքում։

Ինչ վերաբերվում է անչափահասների հանցավորության քրեաիրավական ասպեկտին, հանցանք կատարած  անչափահասների մեծամասնությունը դատապարտելով ազատազրկման՝ դատարանը,  նրանց նկատմամբ կայացնում է որոշում՝  պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ և նրանց նկատմամբ նշանակվում է փորձաշրջան ու անչափահասը հաշվառման է վերցվում պրոբացիոն ծառայությունում։ Շատ անգամ դատարանը նրանց նկատմամբ կիրառում է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, և դատարանը այդ պարտականությունը դնում է  ծնողների կամ վարչական շրջանի վրա։  Այս մեթոդը արդյունավետ չի  կարող լինել, քանի որ ծնողը արդեն իսկ իրականացնում է այդ պարտականությունը այնպես, ինչպես կարողանում է։  Ինքս իմ գիտական աշխատություններում նշել եմ հատուկ դաստիերակչական հիմնարկի ստեղծման անհրաժեշտությունը։

-Խոսենք անչափահասների հանցավոր խմբերի շարժընթացի մասին։ Հանցավորության ո՞ր տեսակներն են գերակշռում անչափահասների հանցավոր խմբերի մոտ։

-Զարգացման միտումները բավականին մտահոգիչ են, որովհետև,  եթե նախկինում, խոսելով անչափահասների հանցավորության՝ այդ թվում անչափահասների խմբային հանցավորության մասին, նկատի ենք ունենում շահադիտական բնույթի հանցանքները՝ ընդորում շահադիտական բնույթի հանցանքների մեջ էլ 90%-ը կազմում են գողությունները։ Նկատվում է բացասական միտում  շահադիտական հանցանքից բռնի հանցանքի անցման, այսինքն՝  անցում է կատարվում այնպիսի  հանցագործությունների, որոնք նախկինում  բնորոշ էին չափահասներին։ Սա բավականին լուրջ մտահոգվելու առիթ է։  Անչափահասները ներգրավվում են այնպիսի հանցագործությունների մեջ,  ինչպիսիք են՝ զենքի  ապօրինի շրջանառությունը, մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը, մարդկանց առևանգման դեպքերը,  որոնք նախկինում բնորոշ էին բացառապես չափահաս հանցագործներին։

Բացի այդ, որպես շարժընթացի բացասական միտում՝ անչափահասների խմբի հանցավորությանը  բնորոշ է նաև գաստրուրյալ խմբերի ավելացումը, այսինքն՝ այն խմբերի, որոնք որ հանցանք կատարելու համար  իրենց բնակության վայրից դուրս են գալիս, կիլոմոտրերով գնում են և կատարում այդ հանցագործությունը, իսկ նախկինում հանցագործությունը կատարվում էր  իրենց նեղ սոցիալական միջավայրում։ Անչափահասների հանցավորությունների գերակշիռ մասը  կատարվում է Երևան քաղաքում, քանի որ  այստեղ է  կենտրոնացված առևտրի, ժամանցային, տնտեսական  և այլ խոշոր կազմակերպություններ։

-Ի՞նչ է ցույց տալիս փորձը, անչափահասները պատիժը կրելուց հետո ինչպե՞ս են ինտեգրվում հասարակությանը։

-Մեր ամբողջ քրեաիրավական քաղաքականությունը  թևակոխվում է բարեփոխումների շատ լուրջ փուլ, և  մենք պատժողական քաղաքականությունից անցում ենք կատարում դեպի վերականգնողական արդարադատության, և այս առումով առաջնային պլան են մղվում վերասոցիալականացման խնդիրները։ Փորձում են ստեղծել գործուն մեխանիզմներ և միջոցներ,  հուսանք, որ ամեն ինչ բարեխիղճ կլինի, և ավելի շատ անձի կտրվի ուղղման և հասարակությունում իրեն վերագտնելու հնարավորություն։

Խոսենք ընտանեկան բռնության մասին, նախ փորձենք հասկանալ՝  ի՞նչ է նշանակում բռնություն ընտանիքում, ի՞նչ բռնության ձևեր կան, և ո՞վ կարող է համարվել ընտանիքում բռնության զոհ։

_-Ընտանեկան բռնության զոհ կարող է դառնալ ընտանիքի ցանկացած անդամ։  Խոսելով ընտանեկան բռնության մասին՝ չգիտես ինչու  հասարակության կողմից միշտ ընկալվում է տղամարդու բռնությունը կնոջ նկատմամբ՝ ամուսինների միջև, այնինչ,  պրակտիկայում հանդիպում է նաև կնոջ կողմից բռնություն տղամարդու նկատմամբ, ինչու չէ, նաև կնոջ կողմից բռնություն անչափահասի հանդեպ և հակառակը՝ անչափահասի կողմից  բռնություն ծնողների նկատմամբ։  Նախ պետք է հասկանանք,  թե  ո՞վքեր են համարվում ընտանիքի անդամ, այսինքն՝  ընտանեկան բռնության իրավահարաբերության սուբեյկտների շրջանակը, որը հստակ սահմանված է օրենքով։

Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի անդամներ են համարվում`

ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,

բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը։

 –Որո՞նք են այն էական պատճառներն ու պայմանները, որոնք ծնում են ընտանեկան բռնություններ:

-Կրիմինալոգիայում գոյություն ունի մի տեսություն, որը կոչվում է մշակույթների բախման տեսություն։ Կարծում եմ՝ ընտանեկան բռնության դեպքում պատճառները տարբեր մշակույթների բախման մեջ է։ Այս տեսությունը ներկայացնելիս՝ ես միշտ  բերում եմ այս օրինակը .

Ընտանիքը իր համար խաղաղ գոյատևում է, և մի օր հանկարծ տղային ամուսնացնում են ու հարս են բերում։  Առհասարակ, ինչպե՞ս է ստացվում՝ մարդիկ, կազմելով ընտանիք, ունենում են ընտանիքի վերաբերյալ իրենց սուբեյկտիվ  պատկերացումներն ու ընկալումները, և երկու տարբեր անձինք՝  ունենալով տարբեր  պատկերացումներ, ապրելով մեկ հարկի տակ, տեղի է ունենում այդ պատկերացումների բախում:  Բախումը արդեն իսկ մարդու զարգացվածության,  մարդու կրթվածության, ինտելեկտուալ մակարդակով է պայմանավորված, փոխզիջման,  փոխընկալման, փոխադարձ հարգանքի շնորհիվ կարողանում են իրենց հարաբերությունները կարգավորել։  Իհարկե,  ընտանեկան բռնության մասին խոսելիս՝ շատ-շատ պատճառներ կարելի է առանձնացնել՝  սկսած նյութական ապահովվածությունից և տնտեսական խնդիրներից,  զբաղվածության հարցերից,  նույնքանով շատ տարածում ունի ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ կատարված բռնությունները։

-Ո՞վքեր են ավելի հաճախ ընտանիքում բռնության զոհ դառնում, և կանխարգելման ի՞նչ միջոցներ են իրականացվում։

-Ընտանիքում բռնության զոհ կարող է հանդիսանալ ընտանիքի ցանկացած անդամ՝ սկսած ամուսնու ծնողներից,  ամուսիններից, երեխաներից, տվյալ ընտանիքի ցանկացած անձ։ Առավել տարածված են  տղամարդու կողմից կնոջ նկատմամաբ բռնությունները և ավելի հաճախ հենց հասարակության ընկալումն է այդպիսին։  Առհասարակ,  ընտանեկան բռնությունները օժտված են բավականին բարձր լատեյնտայնությամբ, որովհեռև դա նեղ  անձնական ոլորտ է և ոչ բոլոր անձինք են պատրաստ հանրայնացնելու իրենց անձնական կյանքն ու անձնական խնդիրները և ծայրահեղ դեպքերում են դիմում համապատասխան  մարմիններին։

Որպես կանխարգելման միջոց`Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության հաստատման մասին օրենքով նախատեսված  միջոցները. դրանք երեքն են ՝ նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը և պաշտպանության որոշումը։

Ոլորտի խնդիրներից մեկն էլ այն է, որ անչափահասների խմբային հանցավորության  և անչափահասների հանցավորության կանխարգելման դաշտում առկա օրենսդրական բացերը ռեալ հնարավորություններ չեն տալիս ոլորտի խնդիրներով զբաղվող մարմիններին ՝ արդյունավետ լուծելու այդ խնդիրները։ Հատկանշական է  իրավահամակարգի նոր բարեփոխումների ընթացքը, որը հնարավորություն է տալիս ավելի մեղմ,  այսպես ասած՝ ժողովրդավարական քաղաքականություն վարել հանցագործություն կատարած անձանց նկատմամբ՝ հնարավորություն ընձեռնելով անձին վերափոխվելու և իրեն գտնելու հասարակությունում։

Օրենսդրական առումով այլ է պատկերը ընտանեկան բռնությունների կանխարգելման  դաշտում։ Այստեղ 2017 թվականին ընդունված՝ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին օրենքը հնարավորություն է ընձեռնում իրավակիրառ մարմիններին ավելի արդյունավետ իրականացնել իրեենց առջև դրված խնդիրը։

Ալիկ Հովհաննիսյան

5-րդ կուրս

Կիսվել