Ֆրանսիական փոփ երաժշտության արքան

Ֆրանսիական փոփ երաժշտության արքան

1026

Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ` այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց։ «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,- ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը։ Եվ նա գրավում է աշխարհը։ Ֆրանսիացի մանկաբարձուհու կողմից Շառլ կնքված, բայց իրականում Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը տարիներ անց պետք է  անվանվեր  «ֆրանսիական փոփ երաժշտության արքա»։ 

Մանուկ Շահնուրից, ով գունատ, բայց լիքը այտերով,  հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով էր, հասուն Շառլին, որպես ընդհանուր գիծ,  մնացել էր բերանի դժգոհ արտահայտությունը միայն ու մեկ էլ ծալված շուրթերը։

Մանկությունից եկած աշխույժության  ու լավատեսության, հույսով և հավատով լի մարդ լինելու համար ասում է` միայն ու միայն ծնողների ուրախ բնավորությանն է պարտական։

Մինչ ապագա դերասաններ պատրաստող դպրոց ընդունվելը փորքիկ Շարլը, անհուսորեն թակարդն ընկածի պես,  թափառելու, փողոցները չափչփելու և ուշանալու հնարեր էր փնտրում, որպեսզի դասի չնստի։ «Թափառաշրջիկ դերասան եմ ես` իր ամբողջ շքեղությամբ». այսպես էր իրեն նկարագրում ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչը։ «Ծնվել եմ միայն խաղալու համար։ Դուք ինձ բեմ տվեք, թեկուզև՛ անշուք, կտեսնեք ինչեր կարող եմ անել»։  Ազնավուրի համար միշտ էլ հարցից դուրս է եղել ուրիշ մասնագիտություն ունենալը, և ինչպես ինքն էր ասում` «Կան կոչումներ, որոնք կպչում են մարդուն դեռ չծնված»։

Եվ դեռ վաղ տարիքից լինելով երկչոտ՝ հավերժական սիրո երգիչը, հայնվելով բեմին, հրճվում էր իրենով ու կարիք էր զգում իրեն ցուցադրելու։

«Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան։ Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին։ Չէ որ դու ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքիր դառնա»։

Չնայած չսիրելով իր ծննդյան տարեդարձը` մաեստրոն չէր վախենում մահից։ Ֆաուստի պես չէր խնդրում երիտասարդություն, այլ ցանկանում էր մնալ այնպիսին,  ինչպիսին կար։ Նա պատրաստ էր ևս 1000 տարի հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ պատճառում էր տարիքը, միայն թե տեսներ, թե ինչպիսին է աշխարհը երրորդ հազարամյակում։

Ամբողջ կյանքում նա երգեց սիրո մասին, գրեց սիրո մասին, խաղաց սիրո մասին ու ապրեց սիրո մասին։ Սիրառատ ու նրբազգաց, ուժեղ ու բռնկուն, բարի ու զուսպ. ամեն ինչ կար նրա մեջ` ասում են բոլոր նրանք, ովքեր ապրել, երգել, շնչել են նրա հետ։

«Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է»,-այսպես է հիշում Շառլին նրա կենսագիր Իվ Սալը։

Շառլ Ազնավուր` անուն-ազգանուն, որ շարունակում է հնչել աշխարհի ցանկացած անկյունում և որով շարունակում ու շարունակելու են տարվել բոլորը։

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել