«Այն, ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է»․ Արամ Հայրյան

«Այն, ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է»․ Արամ Հայրյան

172

«Մի օր քեզ էնքան բան կպատմեմ պատերազմի մասին»,- ասեց Արամը` ի պատասխան իմ այն հարցին, թե՝ մասնակցե՞լ է պատերազմին։ Արամի կազմած ուսումնական ծրագրի նկարագրության բաժնում կարդացել էի, որ Հադրութից է և պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Քանի որ ես էլ պետք է մասնակցեի ծրագրին, տեսազանգով քննարկում էինք մեր դասընթացների ծրագրերը, քիչ ժամանակ էր, ինչ համագործակցում էինք։ Ես անհամբեր սպասում էի լսել այն պատմությունները, որոնք կպատմեր Արամը պատերազմի մասին. երևի լրագրողական հետաքրքրասիրությունս էր պատճառը: Ասել էի, որ այդ թեմայով ուզում եմ հոդված գրել, սպասում էի՝ ինքը պատմի․ ինքս էթիկորեն ճիշտ չեմ համարում մարդուն հարցեր տալ իր համար ծանր թեմայի մասին։
«Երեք ամիս էր, Երևան էի տեղափոխվել, մինչ այդ Արցախում հողագործությամբ էի զբաղվում։ Պատերազմը սկսվեց, հենց առաջին օրը վերադարձա Արցախ, և մեկնեցի մարտական գործողությունների գոտի։ Երբ մարտերը մոտեցան Հադրութին, հասկացանք, որ օրեր անց թիրախում մեր գյուղն է լինելու, բոլոր հնարավոր տարբերակներով զենք էինք հասցնում գյուղ»,- պատմում է Արամը։


«Պաշտպանված լինելու առումով գյուղը հարմար դիրքում էր, միայն տեխնիկայով հարձակման դեպքում պետք կլիներ գյուղ մտնող երեք ճանապարհները պահել, եթե իհարկե գյուղացիք չփախնեին,- այս մասին խոսելիս Արամի ձայնի մեջ այնքան մեծ ափսոսանք կար,- Հոկտեմբերի քսանմեկի գիշերը, ՀՀ խաղաղապահ բրիգադի անձնակազմից մի ստորաբաժանման կազմի հետ ստիպված եղանք նահանջել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մատույցներից դեպի Մեծ Թաղեր։ Գյուղը երեք կողմից շրջափակման մեջ էր, հերթով թակում եմ դռները, պարզվում է գյուղում ոչ ոք չկա, մարդիկ թողել ամեն ինչ ու փախել են»։
Մեծ Թաղերի պաշտպանության վերջին ժամերին, գյուղի բնակիչներից Արամն էր, նրա հայրը, եղբայրներն ու ևս երկու հոգի, 1990 ականների Արցախյան պատերազմի մասնակիցներից։
«Գյուղը կորցնելուց հետո Արցախի աշխարհազորի մնացորդների կազմում մասնակցեցինք Սղնախ ու Ավետարանոց գյուղերի և Շուշիի մարտերին։ Նոյեմբերի իննին գտնվում էինք Շոշ գյուղի վերևում, և մեր խնդիրն արդեն Ստեփանակերտն ու Կարմիր շուկան կապող ճանապարհը պաշտպանելն էր, երբ մեզ հետ կապի դուրս եկան և հաղորդեցին խայտառակ հրադադարի լուրը։ Դրանից հետո,- շարունակում է Արամը,- ևս մի շաբաթ գտնվում էինք նույն դիրքերում և ամեն օր տեսնում էինք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները բարելավում իրենց դիրքերը ճանապարհի հակառակ կողմում, մեզնից մոտ յոթ հարյուր մետր հեռավորության վրա։ Այդ շաբաթվա ընթացքում ևս եղան մի քանի փոքր բախումներ։ Թուրքերը նպատակադրվել էին առաջ գալ ու վերցնել ճանապարհը, ինչը Կարմիր Շուկայում գտնվող մեր հայրենակիցներին կզրկեր Արցախի մնացած մասի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունից։ Հոկտեմբերի տասնհինգին մեզ փոխարինելու եկան ռուս խաղաղապահները, և ես հաջորդ օրը վերադարձա Երևան»։


Արամի հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն պատերազմում ցուցաբերած խիզախությամբ, այլ նաև կարիքի մեջ գտնվող մարդկանց անվճար կրթությամբ ապահովելուն ուղղված ծրագրի իրականացմամբ։
Պատերազմի աղետալի օրերը թվում է, թե անցան՝ որպես հետևանք թողնելով բազմաթիվ խնդիրներ։
«Այն ինչ հիմա պետք է մեր երկրին՝ կրթված հասարակությունն է։ Միայն գիտելիքի ուժով կկարողանանք դիմակայել ժամանակի աղետներին»,- այս համոզմունքով Արամը և թիմի մյուս անդամները, պատերազմից անմիջապես հետո, որոշեցին այցեր կազմակերպել դեպի դպրոցներ և տարբեր ուսումնական հաստատություններ՝ կիբերանվտանգության դասընթացներ անցկացնելու նպատակով։
«Այցելում էինք դպրոցներ, ուսումնական հաստատություններ և երեխաների հետ զրուցում կիբերանվտանգության մասին, բացատրում, թե որքան կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաներից ճիշտ օգտվելը և անձնական տվյալների ճիշտ պահպանումը։ Միաժամանակ էլ սկսեցինք քայլեր ձեռնարկել մեր դպրոցը հիմնելու ուղղությամբ»։
Արամը համոզված է՝ գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորի համար, ֆինանսական խնդիրները չպետք է կրթություն չստանալու պատճառ դառնան։ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև կիբերանվտանգության և ծրագրավորման ոլորտներում ստացած գիտելիքն ու փորձը Արամը փոխանցում է աշակերտներին․ «Սիրում եմ իմ ունեցած գիտելիքը փոխանցել բոլոր ցանկացողներին,-ասում է ու ժպիտով հավելում,- եթե ինձ հարցաքննության էլ կանչեն, գիտելիքի մասին եմ խոսելու,- հարցնում եմ՝ գուցե՞ հարցազրույցի,- չէ, հարցաքննության,- դուք մութ գործերով եք զբաղվու՞մ,- ոչ, մենք միայն լուսավոր գործերով ենք զբաղվում»։
«Մենք ստեղծում ենք դպրոց, որտեղ պատերազմական գործողություններից տուժած, ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդկանց անվճար կրթություն կտրամադրենք։ Իրենց տարածքներից տեղահանված մարդիկ հիմա հայտնվել են միջավայրում, որտեղ բոլորովին նոր պայմաններ են։ Մեր գործողություններն ուղղված են օգնելու, որ նրանք հեշտությամբ հարմարվեն նոր պայմաններին»։

Թամարա Ավագյան

Կիսվել