Կայացավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը

Կայացավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը

779

Սեպտեմբերի 16-ին` ժամը 20։00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում կայացավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը այս տարի նվիրված էր ՀՀ անկախության 30 ամյակին։ 

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի և ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ և այլք։ Արարողությանը հրավիրված էին նաև համալսարանական զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների անդամները:

Իրենց ելույթի խոսքերով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը և ԵՊՀ  ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննսիյանը։ Նրանք շնորհավորեցին առաջին կուրսեցիներին համալսարանականներ դառնալու կապակցությամբ, խոսեցին կրթության կարևորության մասին, հորդորեցին լավ սովորել, որովհետեև, ինչպես նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը,  անվտանգության  բոլոր բաղադրիչներից ամենահզորը կրթությունն է։ Այն ձևավորում է ճիշտ մտածողություն, ինչի արդյունքում էլ կայացվում են ճիշտ որոշումներ։


Միջոցառումը սկսվեց  ԵՊՀ-ի հիմնով` ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ, որի խմբավարն էր Ռուբեն Կարասեֆերյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը  ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը։
Կատարման ընթացքում 44-օրյա արցախյան պատերազմի մասնակից ուսանողներ Գուրգեն Գևորգյանը և Մարտուն Պապիկյանը բարձրացրին ՀՀ և ԵՊՀ դրոշները։

Երդման տեքստը կարդացին իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Միշա Շախտանյանը, Նարե Խանդանյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Քնարիկ Հովհաննիսյանը և արևելագիտության ֆակուլտետի ուսանող Գոռ Հովհաննիսյանը։

Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես եկան ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախումբը, աղջիկների պարային համույթը, «YSU band»-ը, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, ինչպես նաև
մեներգիչներ Անի Քոչարյանը, Անուշիկ Ավետիսյանը, Ռաֆայել Մնացականյանը, Անահիտ Չոբանյանը, Գայանե Թադևոսյանը, Գևորգ Գինոսյանը և հանրապետական ու միջազգային բազմաթիվ  մրցույթների դափնեկիր Մարիցա Թիլիքյանը։ 

Նշենք, որ նույն օրը ժամը 16։00-ին ԵՊՀ ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ այցելել է ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակ՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելու, այնուհետև՝ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմահ հերոսների հիշատակին։

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել