Ինքնավստահություն, գումար, հոգնած աչքեր․․․Աշխատող ուսանողները

Ինքնավստահություն, գումար, հոգնած աչքեր․․․Աշխատող ուսանողները

503

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը կարծում էր, որ կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալին է։ «Կրթվել, աշխատել, այդպիսով ազատ լինել»,- հավելում ենք մենք ու գնում աշխատող ուսանողների հետքերով։ Ինչպե՞ս են կարողանում կառավարել իրենց ազատությունն ու ժամանակը ուսանողները, որոնք որոշել են թե՛ կրթվել և թե՛  աշխատել։

15 ուսանողի շրջանում արած մեր փոքրիկ հարցման մասնակիցներից 9-ն աշխատում են մասնագիտությամբ, 6-ը՝ հիմանականում սպասարկման ոլորտում։ Զրուցակիցներիցս Մերին սովորում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում և աշխատում որպես թարգմանչուհի։ Նշում է, որ աշխատանքը լսարանում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հիանալի հնարավորություն է ընձեռում։

Ապագա բժիշկ Մուշեղն իր աշխատանքային գործունեությունն սկսել է դեղատներից ու հասել բժշկի օգնականի հաստիքի։

 Ըստ զրուցակիցներիս` աշխատանքը հնարավոր է դարձնում առավել ճիշտ պլանավորել օրը, բաց չթողնել ու հասցնել ամեն ինչ։  «Միակ թերությունը ժամանակիս սղությունն է. չեմ հասցնում ժամանակ տրամադրել ընկերներիս ու ընտանիքիս,- նշում է Մերին և փոքր դադարից հետո ժպիտով հավելում.- դե, բայց առավելություններն անհամեմատ ավելի են»:

Երիտասարդներն աշխատում են ոչ միայն իրենց մասնագիտության, այլև այլ ոլորտներում։ Մյուս զրուցակիցս Արփին է, որն ուսման գումարը վճարելու, մարզից հեռու` Երևանում վարձով բնակվելու համար ստիպված է աշխատել վաճառատանը։ «Շատ եմ հոգնում, բայց աշխատանքս  ոչ միայն ֆինանսական վիճակս է բարելավում, այլև օգնում է ինձ որպես անհատ կայանալ»,- ասում է Արփին` կիսաքնած, հոգնած աչքերով։

 Ըստ Սոֆիի, ով սովորում է մագիստրատուրայում և արդեն 3 տարի աշխատում մասնագիտությամբ, միայն կրթությամբ կամ միայն աշխատանքային փորձով լավ մասնագետ դառնալն անհնարին է․ սրանք պետք է համատեղել։ Իսկ Մանուշակն աշխատանքն ու ուսումը համատեղելու դրական կողմերին զուգահեռ հիշեցնում է նաև բացասական կողմերը․ «Ամեն վայրկյան զգում ես ժամանակի պակաս․ դասից դուրս ես գալիս, վազում աշխատանքի, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն, ու այդպես ամեն օր։ Այս ամենի հետ էլ ամենօրյա հոգնածությունը․ հասնում ես տուն ու քնելուց բացի ոչինչ անել չես ուզում․ արդյունքում դասերը տուժում են»։

Հաճախ ուսանողներին դժվարությամբ են աշխատանքի ընդունում․ կես դրույքով ընդունել հիմանակում չեն համաձայնում, համաձայնելու դեպքում էլ պահանջում են աշխատանքային փորձ ունենալ, իսկ սրա բացակայությունը բերում է գործատուների՝ երկար ժամանակ անվճար պրակտիկա անցնելու պահանջին։ Եվ այդուամենայնիվ, մեր հարցին, թե ինչ է տվել և ինչ է տարել ուսումն ու աշխատանքը համատեղելը, ուսանողները հիմնականում որպես դրական կողմ նշեցին ֆինանսապես անկախանալն ու առավել ինքնավստահ դառնալը, իսկ ամենաբացասական կողմը համարեցին ժամանակի սղությունը։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել