Դանիել Երաժշտի ծննդյան 75 ամյակին տոնեցին նաև նրա ստեղծագործական 50 ամյակը

Դանիել Երաժշտի ծննդյան 75 ամյակին տոնեցին նաև նրա ստեղծագործական 50 ամյակը

471

Սեպտեմբերի 23-ին Կոմիտասի թանգարան-ինտիտուտում հայ ջութակահար, դիրիժոր և երաժշտագետ Դանիել Երաժշտի ծննդյան 75 և ստեղծագործական 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ անցկացվեց։

Հնչեցին Դանիել Երաժշտի հեղինակած հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ` «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ։

Միջոցառումը բացեց երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։  Իր ելույթի խոսքում նա նշեց, որ հարկ չի համարում ներկայացնել Դանիել Երաժշտին, քանի որ վստահ է` երաժշտագետը այն երջանիկներից է, որ երաժշտական աշխարհում ունի իր հավատարիմ ունկնդիրը, և այդ ունկնդիրն է դահլիճում նստած։ 

Առաջին կատարումը եղավ  Կոմիտաս Աղցեցու «Անձիք նվիրյալք» շարականը` Կոմիտաս վարդապետի մշակմամբ։ «Այս շարականի մեջ երկու հանճարեղ սիրտ է բաբախում», – համերգը վարելու ընթացքում իր խոսքում նշեց Դանիել Երաժիշտը:

Հաջորդած բոլոր կատարումները մշակել կամ բազմաձայնել է ինքը` Երաժիշտը։
Հնչեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության «Ողորմեա ինձ Աստուած», Ս. Մովսես Խորենացու Աստվածահայտնության  «Լոյս, լուսոյ մայր», Անանիա Շիրակացու «Վասն մերոյ փրկութեան» և միջնադարյալ այլ հայտնի ու անհայտ  հեղինակների շարականներ։

Աշխարհիկ և ժողովրդական երգերի մշակումներից հնչեցին Պետրոս Ղափանցի «Առաւօտեան քաղցր և անոյշ հովերըն» տաղը, ապա` «Գորանի» և «Սասմա կելլեր բարակ ծուխ», «Յարուկ մ’ունիմ» և «Մատիս մատնիքը» երգերը։

Երաժիշտը նշեց, որ ըստ երաժշտական բաղադրիչի` որոշ շարականեր շղթայել է միմյանց. «Այդպես հաճախ էր անում Կոմիտասը։ Բնույթով կոնտրաստային երկու երգ միացնում էր և ստանում գեղեցիկ կոմպոզիցիա»։ 

Դանիել Երաժիշտը իր ստեղծագործական գործունեության ընթացքում 400-ից ավելի երաժշտագիտական հոդվածներ ու էսսեներ է  տպագրել Հայկական հանրագիտարանում, «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Նոր դար» «Հայաստանի Հանրապետություն» և այլ թերթերում ու հանդեսներում։ 

Լավագույն հրապարակախոսական հոդվածի համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին։ 2012թ. լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը, իսկ 2013 թ.` «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել