«Իսլանդական ծափերի» ներքո՝ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց

«Իսլանդական ծափերի» ներքո՝ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց

571

Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 7-րդ խաղում Հայաստանի հավաքականը Ռեյկյավիկի «Լաուգարդասվոլլուր» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կային փոփոխություններ։ Թիմում իր նորամուտն էր նշում ամերիկյան Կոլումբուս Քրյու ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Զելարայանը։ Առաջին անգամ մեկնարկային կազմում էր Էդուարդ Սպերցյանը, որը կիսապաշտպանության կենտրոնում էր խաղում Հենրիխ Մխիթարյանի կողքին։ Խաղն սկսվեց անձրևի ներքո։ Գնդակը կենտրոնից խաղի մեջ մտցրեցին Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Խաղի մեկնարկային 15 րոպեների ընթացքում թերություններ կային Հայաստանի հավաքականի պաշտպանությունում, բայց տղաներին հաջողվեց հավասարակշռել խաղը։ Խաղի սկզբում մարզադաշտում ակտիվացան Իսլանդիայի հավաքականի երկրպագուները և կատարեցին հայտնի «իսլանդայան ծափը»։ 20-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը, եզրից կատարած հարվածով, վաստակեց անկյունային հարված։ Խաղի 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականի գերազանց գրոհի արդյունքում թիմի նորեկ Լուկաս Զելարայանի փոխանցումից հետո եզրային պաշտպան Կամո Հոնհաննիսյանը բացեց խաղի հաշիվը։

37-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց անկյունային հարված, սակայն չկարողացավ վերածել գոլի։ Առաջին խաղակեսում շատ էին անկյունայինները. Հայաստանի հավաքականն իրացրեց 9 անկյունային հարված՝ Իսլանդիայի 2 անկյունայինի դիմաց։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։1 հաշվով ՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնը միանգամից կատարեց 2 փոխարինում։ Հայաստանի հավաքականի գրոհներով սկսվեց 2-րդ խաղակեսը։ 50-րդ րոպեին Հայաստանի հիանալի հակագրոհի ժամանակ Տիգրան Բարսեղյանի հարվածը անցավ դարպասաձողի վրայով։ 64-րդ րոպեին փոփոխություն տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի կազմում՝ դաշտ մտավ Խորեն Բայրամյանը՝ Լուկաս Զելարայանի փոխարեն, որը հավաքականում անցկացրած առաջին խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 69-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականի պաշտպան Սայվարսսոնը ստացավ դեղին քարտ՝ Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի նկատմամբ խաղի կանոնները խախտելու համար։ Դեղին քարտից հետո իսլանդացի երկրպագուները սկսեցին սուլել։ Խաղի 70-րդ րոպեին խաղադաշտում լսելի էին նաև հայ երկրպագուները, որոնք բարձրաձայն գոռում էին «Հայաստան»։ Էդուարդ Սպերցյանը 74-րդ րոպեին ստացավ դեղին քարտ։  76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի վտանգավոր գրոհն ավարտվեց Բարսեղյանի բարձր հարվածով։ Այս դրվագից հետո Իսլանդիայի հավաքականը ձեռնարկեց գրոհ, որի արդյունքում Բիրկիր Սայվարսսոնի փոխանցումից հետո Իսակ Յոհաննեսսոնը, գրավելով Դավիթ Յուրչենկայի դարպասը, խաղի հաշիվը հավասարեցրեց։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը միանգամից 2 փոխարինում կատարեց՝ Սպերցյանի և Ադամյանի փոխարեն դաշտ   դուրս բերելով Արտակ Գրիգորյանին և Ալեքսանդր Կարապետյանին։ 88-րդ րոպեին Հայաստանը վաստակեց տուգանային հարված, սակայն Մխիթարյանի հարվածը բարձր ընթացավ։ Մրցավարը խաղին ավելացրեց 3 րոպե, բայց այդպես էլ խաղում նոր գոլեր չգրանցվեցին և խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը իսլանդացի լրագրողի այն հարցին, թե արդյոք հաշիվը արտացոլում էր ընդհանուր խաղային պատկերը, պատասպանեց՝ ասելով, որ ֆուտբոլում արդարությունը վերջնական արդյունքն է, բայց Հայաստանն ավելի շատ գոլային պահեր ստեղծեց։ Նա նաև ասաց, որ խաղում յուրաքանչյուր դիպուկ հարված պետք է դառնա գոլ, իսկ Իսլանդիան իր միակ իրական գոլային հնարավորությունը վերածեց գոլի։

J խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականը  12 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական՝ տեղը զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, որը 0։4 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին։ Իսլանդիայի հավաքականը 5 միավորով մնաց 5֊րդ հորիզոնականում։ Աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը, որն ունի 18 միավոր։


Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Ռումինիայի հավաքականն է։ Խաղը կկայանա հոկտեմբերի 11֊ին՝ Ռումինիայում։

Բոլոր լուսանկարները վերցված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել