«Հայրենիքը սկսվում է Եռաբլուրից». Արթուր Սուքիասյան

«Հայրենիքը սկսվում է Եռաբլուրից». Արթուր Սուքիասյան

545

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին նվիրված միջոցառում: 

Միջոցառմանը ներկա էին Արթուրի ընտանիքի անդամները, մարզիչը, ընկերները և դասախոսները:

Միջոցառման սկզբում խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը: Նա նշեց, որ վերջին ժամանակներում զգալիորեն ավելացել են պատերազմի և պատերազմի հերոսների մասին գրքերը հայ գրականության մեջ: Իսկ հերոսների կյանքը ոչ միայն վեպերում ու պատմվածքներում պետք է գրվի, այլ պետք է օրինակի ուժ ունենա բոլորիս համար:

Այնուհետև խոսեցին Արթուրի դասախոսները: Նրանք նշեցին, որ Արթուրը եղել է չափազանց բարի, հետաքրքրասեր ու հայրենասեր, սիրել է կարդալ և ունեցել է հիշողության մեջ տպվող ժպիտ: 

Իսկ Արթուրի կարատեի մարզիչը չկարողացավ ավարտել խոսքը հուզմունքի պատճառով:

Հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության ամբիոնի վարիչ Ջրբաշյան Աշխենը նշեց. «Շատերն ասում են, որ այս երեխաները իզուր զոհվեցին: Ո՛չ: Երբեք չմտածեք, թե իզուր են զոհվել: Պետք է ընդունենք, որ վերջին տարիներին բոլորը ապրում էին նյութական արժեքներով, և այս պայծառ տղաները եկան՝ մեզ հասկացնելու, որ կյանքում ուրիշ արժեքներ կան, և փոխեցին բոլորիս կյանքը»: Վերջում խոսեց Արթուրի ընկերներից մեկը. «Արթուրը միշտ ասում էր, որ հայրենիքը սկսվում է Եռաբլուրից: Մենք Արթուր ու Արթուրներ ունենալով՝ այսօր ունենք անկախություն և չպետք է մոռանանք սրա մասին»:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ Արթուր Սուքիասյանի անվան լսարանի բացումը:

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել