Սեպտեմբերի 16–ին Երևանում կայացավ Պեչա-Կուչա հերթական երեկոն: Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ասել-խոսել») երեկոները 2010 թվականից ժամանել են Հայաստան: Այդ երեկոների ընթացում քննարկվում են տարբեր ոլորտների վերաբերող հարցեր, ներկայացվում են հետաքրքիր պատմություններ, ինչպես նաև մարդիկ փոխանակվում են գաղափարներով:
Այս անգամ թեման ապատեղեկատվությունն էր: Հյուրերի շարքում էին ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: Իսկ պատվավոր հյուրը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էր, որի ողջույնի խոսքով սկսվեց 41-րդ Պեչա-Կուչա երեկոն:
Երեկոյի ընթացքում ութ բանախոսներ ներկայացրին մի շարք ուսումնասիրություններ, հետաքրքիր պատմություններ, ինչպես նաև առաջարկներ Քովիդ-19–ի, սոցիալ-մշակութային խնդիրների, գենդերային հավասարության, կլիմայի փոփոխության, քաղաքացիական հասարակության վերաբերյալ:
41-րդ Պեչա-Կուչա երեկոյի բանախոսներն էին քաղաքագետ Իրինա Ղափլանյանը, փորձագետ Միքայել Հովհաննիսյանը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ծառայության ղեկավար, բժիշկ Սերգեյ Սարգսյանը, media.am-ի փաստեր ստուգող լրագրող Արշալույս Բարսեղյանը, փաստերի ստուգման մասնագետ և Երևանի պետական համալսարանի դասախոս Հարություն Ծատրյանը, SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը, մուլտիմեդիա լրագրող և փոդքաստերի պրոդյուսեր Արեն Մելիքյանը և «Հետք Մեդիա Գործարանի» ղեկավար Անի Հովհաննիսյանը:
Բանախոսներից Արշալույս Բարսեղյանը խոսեց սոցիալական մեդիայում կեղծ տեղեկատվության և մանիպուլյացիայի մասին: Իսկ Սերգեյ Սարգսյանն անդրադարձավ Քովիդ 19-ի մասին տարածված միֆերին: «Մարդիկ դեգրադացվում են»,- իր ելույթում նշեց Արտակ Հարությունյանը: Նա պատմեց, թե ինչպես է օրեր առաջ սոցիալական ցանցերից մեկում հրապարակել կարևոր նյութ, որը հավաքել է ընդամենը երկու հավանում: Իսկ դրանից հետո ինչ-որ հումորային գրառում կատարել, որի հավանումների թիվը հարյուրից անցել է: Այս օրինակով Հարությունյանը ցույց տվեց, թե մեր ժամանակներում հասարակությանն ինչն է ավելի հետաքրքրում:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Հետք մեդիա գործարանի» ուսանողների մի քանի աշխատանքների, որոնք ներկայացրեց Անի Հովհաննիսյանը: Աշխատանքներից մեկն այն մասին էր, թե ինչպես են ուսանողները բացահայտել տասը ապաստարաններ, որոնք գտնվում են շատ վատ վիճակում: Պատերազմից հետո հայտարարություններ եղան, որ ապաստարաններ կան, և հարկ եղած դեպքում մարդիկ պետք է մոտակա ապաստարաններում պատսպարվեն։ «Հետք մեդիա գործարանի» ուսանողները բացահայտել են, որ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում:
Պեչա-Կուչա հերթական երեկոն ավարտվեց գինու հյուրասիրությամբ:
Անահիտ Նահապետյան
2-րդ կուրս