«Լրագրողները կարծիք արտահայտելու իրավունք ունեն». Տաթև Մարտիրոսյան

«Լրագրողները կարծիք արտահայտելու իրավունք ունեն». Տաթև Մարտիրոսյան

743

Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ իրավական հանձնաժողովը կազմակերպել էր առցանց  հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Տաթև Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման նպատակը լրագրողների հիմնական իրավունքների և իրավագիտակցության մասին խոսելն էր։  Ապագա  լրագրողները միացել էին առցանց հանդիպմանը՝ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար։ Քննարկվեցին  իրավագիտակցությանը, իրավական նորմերին, վիրավորանքին ու զրպարտանքին, լրագրողների իրավունքներին, լրագրողի գործունեությանն առնչվող սահմանադրական նորմերին վերաբերող հարցեր։

«Լրագրողները կարծիք արտահայտելու և տեղեկատվական ազատության իրավունք ունեն։ Սրանք լրագրողների ամենակարևոր իրավունքներն են»,- իր խոսքում նշեց Տաթև Մարտիրոսյանը։

Մասնակիցները ծանոթացան Datalex.am (դատական տեղեկատվական համարկարգ) կայքում որոնումներ կատարելուն, քննարկեցին   լրագրողների իրավունքների խախտմանը վերաբերող դեպքեր, ինչպես նաև  հայաստանյան լրատվամիջոցների սխալների հետևանքով առաջացած իրավիճակներ։ Վերջում անցկացվեց  բլից հարցում քննարկված թեմաների վերաբերյալ, որի արդյունքում ամենաբարձր միավոր հավաքած երկրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Կյուրեղյանը   ստացավ  մրցանակ՝ Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս 

Կիսվել