«Զուլալի»․ Տավուշի գյուղերից դեպի մեծ էկրան

«Զուլալի»․ Տավուշի գյուղերից դեպի մեծ էկրան

613

Հոկտեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում մշակութային իրարանցում էր։ Տեղի էր ունեցել տարվա ամենասպասված` «Զուլալի» ֆիլմի պրեմիերան։ Նարինե Աբգարյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմում շամշադինյան շունչ է, գյուղական անմիջականություն, գյուղացու կյանք ու Շամշադինի բարբառ։ Կազմակերպիչներն արել էին ամեն ինչ, որպեսզի հյուրերն իրենց զգան իսկական գյուղական միջավայրում։

Պրեմիերայից անմիջապես հետո զրուցել ենք ֆիլմի արտադրության մենեջեր Սոֆյա Հովհաննիսյանի հետ։

Բարի երեկո, Սոֆյա։ Շնորհակալ ենք այս լարված պահին մեզ հետ զրուցելու համար։ Շնորհավորում ենք տպավորիչ պրեմիերայի կապակցությամբ։

-Բարի երեկո, շնորհակալություն շնորհավորանքի համար։

-Սոֆյա, կխնդրեմ համեմատել Ձեր սպասած արձագանքը ստացված արձագանքի հետ։

-Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել հոկտեմբեր 21-ից։ Այն եռապատում է` շամշադինյան յուրահատուկ բարբառով։ Բնականաբար, շատ մեծ արձագանք է ստացել հասարակության կողմից։ Այն սպասված էր նաև գրքասերների համար, որոնք Նարինե Աբգարյանի  ստեղծագործության ընթեցողներն էին։ Նշեմ նաև, որ Նարինե Աբգարյանը երեկ է ժամանել  Հայաստան և ունեցել հանդիպում լրագրողների հետ, որոնք բուռն են արձագանել ֆիլմին։

-Իսկ ինչպե՞ս արձագանքեց  ֆիլմին ստեղծագործության հեղինակ Նարինե Աբգարյանը։

-Նարինեն երբեք չէր պատկերացրել «Զուլալի» վիպակի էկրանավորումը, այդ իսկ պատճառով շատ տպավորվել էր ու շատ հուզվել։ Առհասարակ բոլորը դահլիճից դուրս եկան հուզված ու շատ տպավորված։ Ավելացնեմ, որ Նարինեն երբեք չի միջամտել ստեղծագործական աշխատանքներին։ Շատ մեծ վստահություն կար անձնակազմի նկատմամբ։

-Դերասանական կազմն ինչպե՞ս է ընտրվել։

-Դերասաններից մի քանիսը հենց Տավուշից են։ Զուլալիի կերպարի դերակատարուհին ընտրվել է առանց քասթինգի։ Ռեժիսոր Հայկ Օրդյանը գիրքը կարդալիս Զուլալիի կերպարում միանգամից պատկերացրել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանին։

Դերասանական կազմում Մարինե Պետրոսյանն է, Արտյոմ Մելիքյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Քրիստինա Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը, Վահագն Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը և Համլետ Թադևոսյանը։

Հատկանշական է, որ փոքրիկ տղայի` Նազարոսի կերպարը մարմնավորել է Արտյոմ Մելիքյանը, որը Տավուշից է և ընտրվել  է 65 երեխաներից։

– Որտե՞ղ ու ինչպե՞ս են անցել նկարահանումները։

-Նկարահանումներն անցել են Տավուշի մարզի Նավուր, երբեմն նաև Այգեձոր գյուղերում։ Հատկանշական է, որ ֆիլմի ռեժիսորը և Նարինե Աբգարյանը ևս Տավուշից են։ Ներկայացված են տավուշյան աշխարհը, մտածողությունը, և յուրաքանչյուրս ֆիլմում կգտնենք մեզ։ Ֆիմը բարության, մարդկային հարաբերությունների մասին է։

Կարո՞ղ եք մտաբերել հետաքրքիր, յուրօրինակ դեպք նկարահանման հրապարակից։

-Նկարահանման ամեն օրն անցել է անմոռանալի։ Նկարահանում էինք «Ֆիլմ ֆիլմի մասին» (շուտով այն Հանրային Հեռուստաընկերության  եթերում կլինի), որի ընթացքում դերասան Արման Նավասարդյանը շատ հետաքրքիր դեպք հիշեց նկարահանման հրապարակից։ Գիշերը Այգեձորը քնած էր, նկարահանումները շարունակվում էին, և դերասան Համոյի կերպարը բացականչում էր՝ Էհե-հե-հե՜․․․ Արդեն շատ անգամներ նկարել էին այդ հատվածը, երբ քնած այգեձորյան լռության մեջ բացվում է պատուհան, և գյուղացիներից մեկը, համբերության բաժակը լցված, բացականչում է՝ զահրումա՜ր․․․ Նկարահանման հրապարակը լցվում է ծիծաղով։ Դեպքերը շատ են, այս պահին սա հիշեցի։

Սոֆյա, ֆիլմի արտադրության փուլը բավականին երկար է տևել։ Ո՞րն էր պատճառը։

-Ճիշտ եք։ Ֆիլմի արտադրության աշխատանքները սկսվել են 2019 թվականին։ Ինչպես գիտենք, Նավուրը Տավուշի ամենացուրտ գյուղերից մեկն է, և եղանակն անընդհատ խոչընդոտում էր նկարահանումներին։ Այդ պատճառով  նկարահանումները որոշեցինք շարունակել գարնանը։ Բայց հայտարարվեց կարանտինյան շրջան, և նկարահանումները տեղափոխվեցին  սեպտեմբեր ամիս։ Երբ նկարահանումներն ավարտվեցին, եկանք Երևան, և սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Մի խոսքով, ֆիլմը շատ դժվարությունների միջով անցավ։ Այն ստեղծվել է երկու տարվա ընթացքում։

Երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է։ Տեղյա՞կ եք արդյոք դրա ստեղծման ընթացքից։

-Այո,տեղյակ եմ, միանշանակ։ Մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Երբ ֆիլմի առաջին հատվածը նկարահանվել էր, մաեստրո Մանսուրյանը հյուրընկալվել էր մեր գրասենյակում և կադրեր էր դիտում։ Մեկ էլ արագ պահանջեց թուղթ ու գրիչ և սկսեց նոտագրել։ Եվ 30 տարի անց նորից ծնվեց մաեստրոյի կինոերաժշտությունը։

Կա՞ բան, որի մասին չհարցրի, բայց ուզում եք խոսել։

-Կավելացնեմ միայն, որ մարդիկ անպայման գնան ֆիլմը դիտելու։ Այն դրամա է, բայց համեմված է սիրով, ջերմությամբ, բարու նկատմամբ հավատով։

-Շնորհակալություն, Սոֆյա, մեզ ահագին բան պատմեցիք։

-Ես եմ շնորհակալ։

Զուլալի ֆիլմը կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել