ԻՐԱԿԱՆԻ ԳՈՒՆԱՎՈՐՈՂԸ

ԻՐԱԿԱՆԻ ԳՈՒՆԱՎՈՐՈՂԸ

2093

Նկարչությունը արվեստի տեսակ է, որում արտացոլված է մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերները, իսկ նկարիչը միջնորդ է հանդիասանում իրականի ու գեղարվեստականի միջև:

Զրուցեցինք նկարիչ Լուսինե Բաղդասարյանի հետ, ում համար նկարելը դարձել է ապրելակերպի մի մաս: Լուսինեն սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանում` գեղարվեստական ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն բաժնում:

-Ի՞նչ է Ձեզ համար արվեստը:

-Արվեստն ինձ համար շատ կարևոր է, ապրելակերպ է, օդի ու ջրի պես մի բան: Արվեստն օգնում է ճանաչել աշխարհը, ձևավորում մարդկանց հոգևոր նկարագիրը, արթնացնում ստեղծագործական ընդունակությունները:

-Ինչպե՞ս սկսեցիք նկարել:

-Նկարել սկսել եմ 5 տարեկանից: Ինչպես շատ երեխաներ, ես էլ այդ տարիքում մատիտները ձեռքիցս բաց չէի տողնում, բայց երբ ծնողներս նկատեցին նկարչական ընդունակություններս, սկսեցի հաճախել նկարչական տարբեր խմբակների ու գնալով մեծացավ սերս նկարչության հանդեպ:

-Ի՞նչ եք կարծում, նկարել սովորում են, թե պետք է բնատուր ընդունակություններ ունենալ:

-Երկու տարբերակն էլ հնարավոր է: Կան շատ նկարիչներ, որոնք չունեն նկարչական կրթություն, բայց հիացնում են իրենց գեղեցիկ կտավներով: Լինում են դեպքեր, երբ սովորելու ու աշխատելու ընթացքում են բացահայտվում: Կարծում եմ աշխատասիրության շնորհիվ կարող ես հասնել որոշակի արդյունքի, բայց ժողովրդական խոսքով ասած` մի քիչ էլ մեջից պետք է լինի:

-Ունե՞ք ձեռագիր կամ հոգեհարազատ ոճ:

-Չեմ կարող առանձնացնել որևէ ոճ, որը գերադասում եմ մյուսներից: Բոլորն էլ հոգեհարազատ են, իսկ թե որ ոճով կնկարեմ`  կախված է տրամադրությունիցս:

-Ցանկացած արվեստագետ իր հոգու մի մասն է դնում իր աշխատանքների մեջ:Համաձա՞յն եք այս մտքի հետ:

-Այո, իսկապես այդպես է: Պիտի հոգի ներդնես աշխատանքներիդ մեջ, որպեսզի արդյունք ունենաս ու նկարդ չլինի անշունչ մի առարկա, այլ պետք է շունչ տաս նրան, որ հաճույք ստանաս աշխատանքիցդ:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նկարել:

-Ոգեշնչվում եմ մարդուց, բնությունից, այն ամենից ինչն ինձ համար գեղեցիկ է: Իսկ այս աշխարհում գեղեցիկը գերակշռող է :

-Ի՞նչ եք սիրում նկարել:

-Սիրում եմ դիմանկարներ անել: Ինչու՞, որովհետև դիմանկարի մեջ ես ցույց եմ տալիս մարդու հոգին այնպես, ինչպես ես եմ հասկացել ու բացահայտել: Իսկ հիմա աշխատում եմ բնանկարների շարքի վրա:

-Ունե՞ք քննադատ կամ խորհրդատու:

-Իմ առաջին քննադատն ու խորհրդատուն հենց ես եմ: Նկարս վերջացնելուց հետո փորձում եմ այլ աչքով նայել դրան ու միշտ գտնում եմ մի այնպիսի բան, որը շտկելուց հետո նկարս ավելի լավը կդառնա: Եթե կարող ես հասնել իդեալական արդյունքի, ինչու՞ չձգտես դրան:

-Ո՞ր նկարիչների արվեստն է ուղղորդել Ձեզ:

-Ուղղորդել չեմ կարող ասել, բայց սիրում եմ մեր հայ նկարիչներից Սարյանի, Մինասի, Սուրենյանցի կտավները, իսկ արտասահմանյան նկարիչներից Պիկասոյի, Վան Գոգի, Մադիլիանիի:

-Ի՞նչ եք կարծում այսօր նկարիչներն ունեն հեռանկարային ապագա:

-Կարծում եմ այս ոլորտը գնալով կզարգանա: Մեծ ցանկության ու աշխատասիրության դեպքում կարող ես հասնել բարձրունքների: Այսօր հնարավորություններ շատ կան թե´ Հայաստանում, թե´ արտասահմանում մասնակցելու ցուցահանդեսների:

-Ունենու՞մ եք ցուցահանդեսներ:

-Այո, 2016 թվականին Նարեկացի արվեստի միությունում ունեցա անհատական ցուցահանդես, որի ժամանակ ներկայացված էին 4-րդ կուսի ավարտական աշխատանքներս:

-Ի՞նչ պլաններ ունեք ապագայում` կապված նկարչության հետ:

-Ուզում եմ ունենալ իմ արվեստանոցը` մի փոքրիկ անկյուն` լի ներկերով ու գույներով:

 

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել