Խնդիրներից մեկը՝ ուսուցի՞չ, թե՞ արվեստի դպոցի ուսուցիչ

Խնդիրներից մեկը՝ ուսուցի՞չ, թե՞ արվեստի դպոցի ուսուցիչ

812

«Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է մշակույթն ու կրթությունն իրարից առանձնացնել»,- ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի այս մտքով սկսեց Վայքի արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը դպրոցի խնդիրների մասին իր խոսքը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ համաձայն է մի անգամ իր լսած այս տեսակետի հետ։ Հավելեց, որ մշակութային կրթությունը կրթության ամենազարգացնող, ամենակարևոր եղանակներից մեկն է, քանի որ կրթության նպատակն անձի ձևավորումն է։

Վայքի արվեստի դպրոցը ստեղծվել է քաղաքի ստեղծմանը զուգահեռ՝ վաթսունմեկ տարի առաջ, և կրել է Ներսես Շնորհալու անունը։ Այնուհետև վերանվանվել է երաժիշտ, քամանչահար, կոմպոզիտոր Խաչատուր Ներսիսյանի անվանբ։ Արվեստի դպրոցը մի կողմից՝ որպես ուսումնական կառույց ենթարկվում է ԿԳՄՍ նախարարությանը, մյուս կողմից՝ որպես ՀՈԱԿ ենթարկվում է համայնքապետարանին։ Ուսումնական ծրագիրը հաստատվում, գործընթացները ղեկավարվում են նախարարության կողմից։ Համայնքապետարանում չկա մշակութային բաժնի ներկայացուցիչ, որ կարող է գնահատել աշխատանքը, և դա իրականացնում է նախարարության կողմից հիմնադրված և Երևանում գործող մշակութային կրթության աջակցության հիմնադրամը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ վերոնշյալ հիմնադրամի միջոցով ուսուցիչները վերապատրաստվում են տեղում՝ մարզերում, տարին չորսից հինգ անգամ։ Քանի որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս գնալ մայրաքաղաք և վերապատրաստվել, այս կերպ ավելի արդյունավետ է լինում։ Տնօրենը, սակայն, կարևորեց, որ ուսուցիչները նաև խորքային վերապատրաստում անցնեն մայրաքաղաքում։

Դպրոցն ունի երիտասարդ կադրերի պակաս։ Ուսուցիչների տարիքը բավականին բարձր է։ Երիտասարդներ քիչ են գալիս, եկողներն էլ կարճ ժամանակ են աշխատում։ Տիկին Առաքելյանի խոսքով՝ այդ խնդիրը երկու պատճառ ունի. առաջինն այն է, որ երիտասարդներն այս ուղղությամբ կրթությունը չեն նախընտրում, քանի որ արդեն գիտեն քիչ վարձատրության մասին և մինչև մասնագետ դառնալը՝ դժվարությունների մասին։ Եվ երկրորդ պատճառը, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, բոլորը ձգտում են այնտեղ աշխատել։

Ուսուցիչներից Նարինե Ավագյանը, որ միացավ տնօրենի հետ մեր զրույցին, նշեց, որ իրենց համար մեկ այլ խնդիր է այն, որ իրենց չեն ընդունում որպես մանկավարժ։ Պաշտոնական թղթաբանության մեջ նշվում է «ուսուցչուհի», բայց իրենք չեն օգտվում մանկավարժներին հատկացվող սոցիալական փաթեթներից և այլ միջոցառումներից, որոնք ՀՀ-ում նախատեսված են մանկավարժների համար։ Տիկին Ավագյանը հույս հայտնեց, որ կհստակեցվեն ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև արվեստի դպրոցի գործառույթները։

Արվեստի դպրոցում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ։ Ըստ տիկին Առաքելյանի՝ սա էլ ունի իր նպատակները․ իրենք նախապատրաստում են և՛ ելույթ ունեցող, և՛ ունկնդրող։ «Բեմում հայտնվող երեխան ձեռք է բերում մի քանի հատկանիշներ՝ համառություն, կազմակերպվածություն, կենտրոնացում՝ հանդիսատեսի առջև լավ ելույթ ունենալու համար։ Ուսուցիչներն էլ իրենց աշակերտին միայն բեմում տեսնելով կարող են լիարժեք գնահատել իրենց աշխատանքը և թերությունները»,- նշեց տիկին Առաքելյանը։

Տնօրենը խոսեց նաև երաժշտական գործիքների մասին։ Ասաց, որ վերջերս են թարմացվել, միայն թե իրենց դահլիճում գտնվող մեծ ռոյալի խնդիրը դեռ մնում է օդում, թեև ինքն ամեն տեղ բարձրացնում է հարցը։ Միակ սփոփանքն այն է, որ դպրոցը, մասնակցելով տարբեր մրցույթների, շրջելով հանրապետության տարբեր արվեստի դպրոցներում, տեսել է, որ ամբողջ հանրապետությունում այդ խնդիրն առկա է։

Արվեստի դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանը և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել են արվեստի դպրոց: Համայնքապետի պաշտոնակատարը նշել է, որ պաշտոնական կողմից լավ ազդակներ կան աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև արվեստի դպրոցի աշխատանքը գնահատելու և ուշադրության արժանացնելու առնչությամբ։

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել