Երեխաների սիրելի մուլտֆիլմերը՝ դասական երաժշտության ներքո

Երեխաների սիրելի մուլտֆիլմերը՝ դասական երաժշտության ներքո

613

Մի շարք մասնագետներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ դասական երաժշտությունը շատ օգտակար է երեխաների զարգացման համար: Իսկ փոքրիկների առօրյայում երաժշտության ներկայությունն ապահովելու եղանակներից մեկը մուլտֆիլմերն են։ Երեխաները մեծանում են՝ դիտելով դասական երաժշտություն օգտագործող մուլտֆիլմեր: Նրանք հաճախ չգիտեն ստեղծագործությունների անունները և չգիտեն, թե ով է դրանք գրել, բայց նրանք շատ են լսել այդ երաժշտությունները մուլտֆիլմերում:

Նոյեմբերի 22–ին Արամ Խաչատրյան համերգասրահը մեկտեղել էր այդպիսի մուլտֆիլմեր դիտող փոքրիկների։  Այս անգամ համերգասրահում Սիմֆոնիկ նվագախմբի հանդիաստեսը հարյուրավոր մանուկներ էին, որոնց միավորել էին իրենց սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունները:

Փոքրիկները հավաքվել էին՝ ունկնդրելու հայկական և արտասահմանյան հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունները՝ «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից  մինչը «Մաշան և արջը, »«Մադագասկարից» մինչև «Պույ-Պույ մկնիկը», «Գտնված երազից» մինչև «Մոխրոտիկը»  և այսպես շարունակ:  «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» /”Symphonic Cartoons” խորագիրը կրող համերգի ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան մենկատարներ Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը: Համերգը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Համերգի սկզբից մինչև վերջ մանուկները մեծ ոգևորությամբ լսում էին և միաժամանակ երգում մենակատարների հետ: Երեխաներին ուրախացնում էր այն փաստը, որ բացի երաժշտությունն ունկնդրելուց, իրենք հնարավորություն ունեին նաև դիտելու մուլտֆիլմերից հատվածներ:

Journalist.am-ը համերգից առաջ և հետո զրուցել է փոքրիկների հետ։

Համերգից առաջ

«Մտածում եմ, որ երաժշտություններն իմ սիրելի մուլտֆիլմներից կլինեն, և համերգը լավ կանցնի»,- ասաց մեկը։ Իսկ մեկ ուրիշն այնքան ուրախ էր, որ այն հարցին՝ արդյոք գիտի՝ ուր է եկել, պատասխանեց. «Եկել եմ հմմմ… ներկայացում, չէ, չէ, համերգ»: Փոքրիկների մի մասն էլ այնքան ամաչկոտ էին, որ հրաժարվեցին խոսել, փոխարենը անհամբեր նստած՝ սպասում էին համերգի սկսվելուն:

Համերգից հետո

«Համերգն ինձ շատ դուր եկավ, շատ տաղանդավոր էին»:

«Ինձ դուր եկավ մանավանդ այն պահը, երբ սպասում էինք, որ կվերջանա, բայց երաժիշտները սկսեցին նորից նվագել։ Շատ գեղեցիկ էր» :

«Ուզում եմ, որ էլի լինի համերգ» :

«Ես այնքան ուրախացա, որ լսեցի Պույ-Պույ մկնիկի երգը, որովհետև այդ մուլտֆիլմը շատ եմ սիրում»:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել