«Ես ինքս առայժմ մշուշի մեջ եմ, չեմ պատկերացնում ու չգիտեմ դա երբ...

«Ես ինքս առայժմ մշուշի մեջ եմ, չեմ պատկերացնում ու չգիտեմ դա երբ կլինի»․ հեղինակ-կատարող Ազատ Աբրահամյանը՝ բեմ վերադառնալու մասին

1006

Ազատությունը որպես էություն իր մեջ կրող Ազատ Աբրահամյանը հանրությանը  նվիրել է այնպիսի երգեր, որոնք ապրվածի և ստեղծագործական շնորհի արգասիքներ են։ Հեղինակ-կատարող, «Հայ  մտավորական միության»  նախագահ Ազատ Աբրահամյանի հետ զրուցեցինք իր կյանքի, ստեղծագործական գործունեության և այլ հարցերի շուրջ։

-Պարոն Աբրահամյան, ե՞րբ եք ծնվել և որտե՞ղ է անցել Ձեր մանկությունը։

-Ծնվել եմ շատ վաղուց, շա՜տ-շա՜տ (ծիծաղում է)։ Առհասարակ իմ ծննդյան տվյալների հետ կապված տեղեկությունները չեմ հանրայնացնում։ Գիտեք՝ խնդիրը որն է, ես, իհարկե, տարիքի հետ կապված անհարմար չեմ զգում, ուղղակի այստեղ խնդիրը զուտ ոլորտային է։ Սովորաբար մեր ոլորտի մարդկանց խորհուրդ չի տրվում այդ տվյալները բացահայտել։ Չգիտեմ, հիմա այդպես է ընդունված կարգը, ես էլ պահպանողական եմ նման հարցերում։ Կարող եմ ընդհամենը ասել, որ ինձ մոտ բոլորը մեկեր են, այսինքն 01,01։ Մանկությունս էլ անցել է Երևանում։ Մենք այդ տարիներին ապրում էինք նախկինում Պրոսպեկտ էին անվանում, հիմա, որքան հիշում եմ, Մաշտոցի պողոտայում։ Ապրել ենք այդ թաղամասում՝ շուկայից մի փոքր վեր՝ Ամիրյան փողոց չհասած, հետո այդտեղից տեղափոխվեցինք Նորքի զանգված։ 1966 թվականից այստեղ ենք։

-Գիտե՞ք, թե ինչու՞ են Ձեր ծնողները Ձեզ անվանել Ազատ։

-Անկեղծ ասած, ինչ-որ տարբերակներ դեռ փոքր տարիքում ծնողներս ասել են, բայց ինչ-որ այդպիսի նշանակալի բան չկա, որ հիմա նշեմ։ Չգիտեմ՝ ծնողներս ինչի համար են ինձ Ազատ կոչել, երևի հասկացել  կամ զգացել են, որ վերջը հենց այդ տեսակը պիտի ձևավորվի իմ մեջ՝ անուղղելի այդ տեսակի մարդ մնացի ողջ կյանքում։ Ես իմ անունից այդքան ոգևորված չեմ, բայց դե անկախ ամեն ինչից, միայն այդ ազատությունը, որը իմ մեջ կա, դրա համար արժեր ունենալ այս անունը։ 

-Պարոն Աբրահամյան, երգարվեստում ե՞րբ կատարեցիք Ձեր առաջին քայլերը։

-Ես շատ վաղ եմ սկսել երգել՝ 6 տարեկանից։ Երգել եմ Կոմիտաս, ժողովրդական-ազգագրական երգեր՝ հայրիկիս ուսուցմամբ։ Առաջին քայլերս այդպես է տեղի ունեցել, հետո արդեն երգեցողության ուսուցչուհին զբաղվեց ինձնով։ Կամաց-կամաց այդպես մոտեցա երգարվեստին, մինչև 6-7-րդ դասարանում՝ մոտավորապես 14-15 տարեկան հասակից սկսած սիրահարվեցի կիթառին, սկսեցի ինքնուրույն նվագել և սովորել, տարբեր ոճերի  երգեր գրել։ Իսկ եթե բեմելի մասին խոսեմ, կասեմ, որ 1-ին մեծ բեմահարթակը, 1-ին ելույթը ունեցել եմ 1977 թվականին։

-«Թերևս օրիորդ, չքնաղ եք, Դուք, փերի» ո՞վ էր այդ օրիորդը։

-Ես ունեմ հետևյալ սկզբունքը, որ չեմ մեկնաբանում իմ որևէ երգ։ Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում երգը։ Այսինքն, եթե սրտին դիպչում է երգը, հուզում է, ինքը իր մեջ պատկերացնում է իր սեփական հույզերով, պատկերներով, սցենարներով և այլն։ Երբ որ դու ներկայացնում ես իրականը՝ ինչ հույզերի արդյունքում ես ստեղծել այն, երգը արժեզրկում ես, մարդիկ արդեն իրենց պատկերացրածն ու զգացածը սկսում են քո տարբերակով ընկալել, ինչը շատ սխալ է։ Դրա համար ես իմ որևէ երգ չեմ մեկնաբանում։ Ընդհամենը Ձեզ բարեկամաբար կասեմ, քանի որ «օրիորդ» եմ շեշտում, խոսքը մի շատ-շատ երիտասարդ անձնավորության մասին է, ով բավականին կրտսեր էր ինձնից, բավականին մեծ տարիների տարբերություն կար, և այդպես երգը նվիրվեց իրեն։

-Մեկ տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ դուք երբեք չեք հեռացել բեմահարթակից, այլ ընդամենը «խռովկան երեխայի նման» Ձեր խրճիթում զբաղվել եք գրելով, իսկ ինչի՞ց էր նեղացել այդ «երեխան»։

-Ես իրականում այդպիսին եմ։ Ստեղծագործող մարդկանց էությունը այդպիսին է, նրանք մի տեսակ խռովկան են։ Երբ ունենում ես պոտենցիալ քո ներսում, ունենում ես ջերմություն, սեր, բարություն, դրական էմոցիաներ ու ցանկությունդ մեծ է, ունես նաև առաքելություն, ի վերջո շնորհը հենց այնպես չի տրվում, դա երկնքից  է տրված  և բոլորը չեն, որ դառնում են այդ շնորհի առաքյալներ։ Եվ երբ որ դու այդ ճանապարհի ամբողջ դժվարությունը, բարդությունը ուսերիդ վերցրած փորձում ես անկախ ամենից պիտանի լինել, բարություն, դրական էմոցիաներ փոխանցել, ու վերաբերմունքը բոլորովին այլ ես տեսնում կամ զգում, նկատում ես  անտարբերության դրսևորումներ, ես նկատի չունեմ հանդիսատեսի կողմից, այլ օղակների, պետական կազմակերպությունների, որպիսզի կարողանան ստեղծագործող մարդկանց աջակից լինել, ինչու՞, որովհետև արվեստի մարդիկ շոու բիզնես չեն ներկայացնում։ Իմ երգերի որևէ օրինակ չեք կարող այսօր բերել, որ շոուբիզնեսի ոճերին համապատասխանի։ Այսինքն դրանք այն ոճային երգերը չեն, որոնք այսօր մեր ժողովուրդը երկրպագում է, գումարներ է ծախսում, տոմսեր է գնում, որպիսզի կարողանաս այդ երգերով գումար աշխատել և նորից նոր երգեր, նոր ստեղծագործություններ ներկայացնել հանդիսատեսին։  Սա խնդիր է դառնում ստեղծագործողի համար, որ գալիս է մի պահ՝ նա կանգ է առնում։ Ֆինանսական ռեսուրսները, երբ որ չեն ներում, արդեն բնականաբար, դու քո ստեղծագործական ընթացքը անկախ քո կամքից կանգնեցնում ես։ Այդ ժամանակ շատ ես խռովում, որովհետև այդ ամբողջ պոտենցյալը քեզ մոտ կուտակված, անլեզու մնացել է «անկյունում կամ գզրոցներում», և դու չես կարողանում որևէ կերպ հասցնել հանդիսատեսին։ Հենց այստեղից էլ ստեղծագործողը մի տեսակ խռովկան է դառնում  ու հեռանում է ասպարեզից, բայց երբեք չի հեռանում բեմահարթակից։

-Ե՞րբ էր Ձեզ մոտ առաջացել «Հայ մտավորական միության» ստեղծման գաղափարը։

-Այդ գաղափարը իմ մեջ պտտվում էր դեռևս 90-ականների սկզբներին։ Ես, անկեղծ ասած, շատ էի ձգտում, որ հենց այդ ժամանակահատվածում բացվեր միությունը, բայց, ցավոք սրտի, այն ժամանակ կային բազմաթիվ խնդիրներ՝ չհաշված պատերազմական իրավիճակը, նաև ինձ մոտ ընտանեկան հարցեր կային՝ նոր ամուսնացած էի, բալիկներս փոքր էին, աշխատել էր պետք, ֆինանսական ռեսուրսների խնդիր կար։ Բայց հետո էլի պահեր եղան, որ ես ուզում էի այդ ժամանակահատվածներում ստեղծել միությունը, սակայն կրկին խանգարող հանգամանքներ եղան։ Այս անգամ արդեն իմ բեմական գործունեությունը այն ժամանակաշրջանում էր, երբ երգերը ամենուրեք էին, տարբեր հրավերներ ունեի, շատ ծանրաբեռնված էի ժամանակի առումով ու ես, լինելով պատասխանատու մարդ, պիտի վստահ լինեի, որ եթե գնում եմ դրան, արդյո՞ք կկարողանամ ժամանակ տրամադրել և՛ էնտեղ, և՛ էնտեղ։ Ու այսպես ամեն ինչը խանգարեց։ Հետո նախանցած տարի, երբ որ ի վերջո ստեղծեցի միությունը, սկսված պատերազմը, պանդեմիա կոչվածը խանգարեցին ու այդպես առայժմ, ցավոք սրտի, այդ խնդիրների պատճառով, հետաձգվում է պաշտոնական մեկնարկի հայտարարումը։

-Ըստ Ձեզ, ինչ արժեքներ պետք է ունենա անձը մտավորական կոչվելու համար։

-Շատ-շատ բարդ հարց է դա։ Ինչու՞ եմ այսպես ասում, որովհետև չեմ կարծում, որ մարդ պիտի անպայման ինչ-որ հատուկ կոչումներ ունենա։ Նա պիտի ունենա վաստակ 1-ին հերթին։ Վաստակ ասելով նկատի ունեմ՝ ապրած կյանքով, կայացած՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որ ոլորտից որ լինի, նշանակություն չունի։ Նա նաև պիտի լինի հավատարիմ, նվիրյալ իր երկրին, իր ժողովրդին, իր ժողովրդի ավանդույթներին, արժեքներին։ Պատրաստ մարդ, ով ամեն ինչի դեմ դուրս կգա պաշտպանելու համար իր ազգային արժեքներն ու ավանդույթները։ Ես գտնում եմ, որ նման նվիրյալները, ովքեր սրտով, հոգով մտածում են մեր ժողովրդի, ազգի, պետության ներկայի, ապագայի խնդիրների, հաղթանակների մասին  և սրտացավ են, նման մարդիկ, ըստ իս, կոչվում են մտավորականներ։ Եվ իհարկե, մտավորականը պետք է անցած ճանապարհ ունենա, որի մեջ մտնում է և՛ կրթվածությունը, և՛ գրագիտությունը։ Կարևոր է նաև, թե ինչպիսի վստահելիություն է  վայելում ժողովրդի կողմից: Ճանաչելիության խնդիրը կարևոր է, բայց ես միությունը ստեղծելիս շեշտը չեմ դրել այդ հանգամանքի վրա։ Մինչև օրս տարբեր մարդիկ իրենց հռչակում են մտավորականներ, արվեստագետներ։ Հիմա դա մոդայիկ է, ով, երբ ուզում, վեր է ցատկում, կոչումներ է շնորհում ինքն իրեն։ Ես օրինակ, իմ հողն ու ջուրը սիրող մարդ եմ, հասարակ շարքային քաղաքացի։ Ինչ եմ արել, ինչքանով եմ կարողացել անել, կայացել եմ, թե ոչ, այս ամենը իմ գնահատելու խնդիրը չէ, գնահատում է իրավիճակը, ժամանակը, մարդիկ, հանրությունը։ Ես ընդհամենը ինձ համարում եմ շարքային մեկը, ով շատ-շատ է սիրում Հայաստան աշխարհը։

-Պարոն Աբրահամյան, ապագայում ե՞րբ կտեսնեք Ձեզ բեմահարթակին Ձեր ստեղծագործական աշխատանքներով: Կա՞ն նման ծրագրեր։

-Եթե պատմելու լինեմ իմ երազանքներից, ես ամեն օր ինձ տեսնում եմ բեմահարթակին, ես ամեն օր պատկերաացնում եմ իմ բեմահարթակին ներկայացրած երգերը, խոսքերը և այլն։ Ես այդ հանդիպումներն եմ պատկերացնում։ Չեք պատկերացնի, թե ես որքան եմ կարոտել բեմը։ Տարիներս անցնում են, ես մեծանում եմ, փոխվում եմ, ձայնալարի խնդիր կարող է առաջանալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես էլ եմ մտահոգ, ես էլ եմ շատ ձգտում և կարոտում, բայց, ցավոք սրտի, հիմա այդ հնարավորությունները չկան։ Ամեն օր պատրաստ եմ, եթե այդ այսպես կոչված ցավալի հնարավորությունները ներեն։ Շատ-շատ մարդիկ հարցնում են, ես ցանկանում եմ Ձեր միջոցով փոխանցել, որ  ամեն վայրկյան ապրում եմ բեմահարթակով,  իմ կյանքը երբեք առանց բեմահարթակի չեմ պատկերացրել։ Մի համերգային ծրագիրը ինձնից հսկայական էներգիա է տանում,  դրանից հետո հոգնածություն եմ ունենում, սակայն անգամ չեմ էլ զգում այդ հոգնածությունը, քանի որ դրական լիցքեր եմ ստանում։ Այս ամենը ինձ համար ամբողջ մի կյանք արժե, ես ապրում եմ դրանով, բայց ցավոք, վերադառնալու հետ կապված՝ ես ինքս առայժմ մշուշի մեջ եմ, չեմ պատկերացնում ու չգիտեմ դա երբ կլինի։

Քրիստինե Թորոսյան

2-րդ կուրս

Կիսվել