«Ուսուցիչներից ոմանք չեն կարողացել դասագրքային առաջադրանքներ լուծել»․ԿԳՄՍ փոխնախարար

«Ուսուցիչներից ոմանք չեն կարողացել դասագրքային առաջադրանքներ լուծել»․ԿԳՄՍ փոխնախարար

601

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Ազատություն ռադիոկայանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ֆեյսբուքյան ասուլիս», որի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց օգտատերերի հարցերին։

Հարցերը վերաբերում էին հանրակրթության մասին օրենքի փոփոխությանը։ Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունները լայնածավալ են և չորս հիմնական ուղղությունների են վերաբերում։ Առաջինը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է, երկրորդը հանրակրթության բովանդակային փոփոխոթյուններն են, երրորդը ներառական կրթության մասին է,  իսկ վերջին ուղղությունը վերաբերում է  հանրակրթության ոլորտում կառավարման մեխանիզմին։

Փոխնախարարը հերքեց այն կարծիքը, որ այս փոփոխությունները չեն քննարկվել։ Նա պաշտոնապես հայտարարեց, որ հանրակրթության մասին օրենքը դրվել է քննարկման և՛ ամռանը, և՛ աշնանը։ Քննարկումները տեղի են ունեցել համապատասխան մասնագետների, փորձագետների հետ։

Անդրարառնալով ատեստավորման թեմային, նա նշեց, որ հանդիպել են այնպիսի դեպքերի, երբ ուսուցիչը չի կարողացել լուծել դասագրքային տարրական առաջադրանքը։ Այսինքն, այսպես նաև ստուգվում են շատերի գիտելիքները, որպեսզի երեխաներին դասավանդեն համապատասխան մասնագետները։ 

Փոխնախարարը նաև որոշ ճշտումներ մտցրեց տարածված սխալ կարծիքների վերաբերյալ։ Շատերը մտածում են, որ այս օրենքի փոփոխությունից հետո պետք է դպրոցներում լինի երկու տնօրեն, որոնցից մեկը կզբաղվի վարչատնտեսական, իսկ մյուսը ուսումնական հարցերով։ Նա նշեց, որ դպրոցը ունենալու է միայն մեկ տնօրեն, ով միայն զբաղվելու է ուսումնադաստիարակչական հարցերով, կարգավորելու է աշակերտենրի առաջադիմության, կրթական ոլորտի մասը, զբաղվելու է կրության բովանդակային հարցերով։ Իսկ դպրոցի վերանորգման, ջեռուցման և այլ վարչատնտեսական խնդիրները կկատարվեն պետության կողմից։ Այսինքն, տեխնիկական-տնետեսական հարցերը դպրոցի տնօրենի պարտականություններից կհանվեն, նա պատասխանատու կլինի միայն կրթության բարձր որակի համար։

Ասուլիսի ավարտին փոխնախարարը անդրադարձավ նաև ֆինանսավորման փոփոխությունների հարցին՝ նշելով, որ դրանք ազդելու են ոչ միայն ուսուցիչների, այլև դպրոցի բոլոր աշխատակիցների վրա։

Սյուզաննա Դեմիրճյան

2-րդ կուրս

Կիսվել