«Ես մշտապես աշխատում եմ ինձ վրա և փորձում կատարելագործել թե՛ դիմահարդարման գիտելիքներս,...

«Ես մշտապես աշխատում եմ ինձ վրա և փորձում կատարելագործել թե՛ դիմահարդարման գիտելիքներս, թե՛ կոմունիկացիոն հմտություններս». դիմահարդար Ագա Քանքանյան

972

Ագա Քանքանյանն առաջին մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է։ Նորաձևության հանդեպ նրա հետաքրքրությունը միշտ մեծ է եղել. դեպի դիմահարդարում տանող ճանապարհը սկսվել է հենց այդտեղից։

Չնայած նրան, որ դիմահարդարը տարիների ընթացքում ձեռք է բերել և՛ ճանաչում, և՛ պրոֆեսիոնալիզմ, միևնույնն է՝ նա չի դադարում մասնագիտանալ այս  ոլորտում։

Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ դիմահարդար։

-Ամեն ինչ սկսվեց դեռ այն ժամանակ, երբ ես սովորում էի որպես հագուստի մոդելավորող: Այն ժամանակ իմ մոդելների կերպարները ինքս էի ամբողջացնում դիմահարդարմամբ, սակայն նման պրակտիկա մեր երկրում չկար. ոչ ոք այդքան մեծ նշանակություն չէր տալիս դիմահարդարմանը:

Այս փոքրիկ քայլը փոխեց իմ ողջ կյանքը: Այո՛, կյանքի մեծ փոփոխությունները փոքր քայլերից են սկսվում:

Ի՞նչ է տալիս ուրիշին դիմահարդարելը Ձեզ։

-Դիմահարդարումը  կրող կնոջը տալիս է ինքնավստահություն, երջանկություն, ինքնաբավություն, և այդ բոլոր զգացումները փոխանցվում են ինձ. չէ՞ որ ես եմ այդ գեղեցկությունը կերտողը:

Ի՞նչ եք կարծում, դիմահարդարի բնավորությունը որևէ կերպ դրսևորվու՞մ է իր աշխատանքում։

-Իհարկե։ Մենք ապրում ենք անձնական բրենդի դարաշրջանում, երբ ամեն անհատ իր ոճն ու տեսակն է թելադրում: Մեր ներքինն արտացոլվում է թե՛ դիմահարդարման ոճի մեջ, թե՛ հաճախորդի հետ աշխատանքի ընթացքում:

Դուք նաև դիմահարդարման դասընթացներ եք անցկացնում. ի՞նչ կասեք՝ արդարացնում են աշակերտները՝ Ձեր, իսկ Դուք նրանց սպասումները։

– Դասընթացներով և մաստեր-կլասներով ես հանդես եմ եկել աշխարհի տասնյակ երկրներում, իսկ իմ ստուդիայում ուսանել են հարյուրավոր աշակերտներ. սա, կարծում եմ, բարձր ցուցանիշ է Հայաստանում աշխատող և արարող դիմահարդարի համար: Իմ «Ագասթաֆֆ»-ն արդեն աշխարհասփյուռ է, և ես միշտ հպարտ եմ իմ բոլոր աշակերտներով և նրանց գրանցած հաջողություններով: Իսկ արդյոք գոհ են նրանք ինձնից, կարող եք հասկանալ ինքներդ՝ այցելելով մեր ստուդիա,, ուր արդեն տարիներ շարունակ աշխատում են իմ նախկին սաները, իսկ հիմա իմ թիմի անբաժանելի մասնիկը դարձած լավագույն մասնագետները:

Ձեզ մոտ ստացվո՞ւմ է միշտ բավարարել հաճախորդների սպասումները:

-Ես մշտապես աշխատում եմ ինձ վրա, և փորձում կատարելագործել թե՛ դիմահարդարման գիտելիքներս, թե՛ կոմունիկացիոն հմտություններս: Կարծում եմ` այո, ստացվում է:

Ձեր կարծիքով կինը ո՞ր կոսմետիկ միջոցների վրա չպետք է խնայի գումար։

-Առաջին հերթին խորհուրդ կտամ խնամել մաշկը և չխնայել խնամքի միջոցների վրա:

Կյանքում ինչպիսի՞ն եք, ունե՞ք այլ հետաքրքրություններ, որոնց տրամադրում եք Ձեր ազատ ժամանակը։

– Ինչպես նշեցի՝ առաջին մասնագիտությամբ ես հագուստի մոդելավորող եմ, այն ինձ համար հոբբի է, սակայն էլի մեծ բավականություն եմ ստանում՝ ստեղծելով իմ առօրյա կերպարները: Եվ, իհարկե, մեծ հաճույք է լինել ինֆլյուենսեր և շփվել հետևորդներիս հետ: Կյանքում այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, ինչպիսին որ երևում եմ առցանց հարթակում:

Ծովինար Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել