Մեծ նախագծի փոքրիկ հատվածը` ժամանակավոր տեղափոխության պատճառ

Մեծ նախագծի փոքրիկ հատվածը` ժամանակավոր տեղափոխության պատճառ

533

Բաբաջանյան փողոցի բնակիչների մի մասը դժվարությամբ է մեքենայով տուն վերադառնում, մի քանի ամիս առաջ այստեղ մինչ ուշ ժամ խցանումներ էին, հիմա էլ ճանապարհի մի փոքր հատվածն է անցանելի․ պատճառը շինարարական աշխատանքներն են․

«Տանջվում, տառապում էի, մինչև մեքենայով տուն էի գալիս»,- դժգոհում է Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը, որը  ստեղծված անհարմարհություններից խուսափելու համար ժամանակավորապես տեղափոխվել է Տավուշի մարզի իր փոքրիկ տուն։

Բնակչի հետ զրույցում պարզեցինք նաև, որ ժամանակավոր տեղափոխության պատճառներից մեկը փողոցի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փոշու ամպի մշտական առկայությունն է, որից բնակչի կինը ունի սուր արտահատված ալերգիա։ Բնակիչները բողոքում են նաև շինարարական մեքենաների, իսկ գիշերային ժամերին` բաց ջրատարներով հոսող ջրի աղմուկից․ «Տպավորություն է, թե գետի ափին ենք ապրում»։

Ամեն օր աշխատանքի կամ դասի շտապողներին խանգարում է այդ հատվածում կանգառի ժամանակավոր բացակայությունը։ Նշեցին, որ ստիպված են լինում շուտ տանից դուրս գալ` մոտակա կանգառ հասնելու և չուշանալու համար, ինչը ևս անհարմարություն է։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այս փողոցում ապրող մարդկանց կյանքում տարբեր խնդիրների և անհարմարությունների պատճառն է դարձել մի մեծ ծրագիր, որում այս փողոցը կազմում է ընդամենը մի փոքրիկ հատված։

Բաբաջանյան փողոցը  ներառված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Աշտարակ (11,4կմ) և Երևան-Արտաշատ (19,6կմ) ճանապարհային բաժանման մեջ։ Ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն,  Երևան-Գյումրի և Երևան-Արարատ հատվածներում ստեղծվելու է քառուղի առաջին կարգի ճանապարհ։

Կարևոր նշանակության այս ճանապարհի կառուցումը իրենից ներկայացնում է երկարատև գործընթաց, որը հաճախ բնակչության համար անհարմարություններ է առաջացնում։ Բայց պետք է հիշել, որ այս ամենը կրում է ժամանակավոր բնույթ։

Կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության հետ՝ տեղեկացանք, որ Տրանշ 1 Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհային բաժանման մեջ ներառված Բաբաջանյան փողոցում տեղի ունեցող ճանապարհաշինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտին հասցվել մինչև 2021 թվականի վերջ, սակայն դրանք դեռ շարունակվում  են։

Բնակիչների մի մասը հուսով է, որ աշխատանքները  չեն ձգձգվի և նոր խնդիրների պատճառ չեն դառնա,իսկ մյուս մասը համոզված է, որ շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի ուշ կմոտենան ավարտին, և իրենք ստիպված կլինեն համակերպվել այդ անհարմարությունների հետ, կամ էլ, ինչպես իրենց հարևանը՝ տարվա մի մասը անցկացնել ամառանոցներում։

2-րդ կուրս

Կիսվել