Մեր զրուցակիցն է հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը: Նա 2013 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է, 2014 թվականի երկրորդ երիտասարդական օլիմպիական խաղերի չեմպիոն և ռեկորդակիր, մինչև 105 կգ քաշային կարգում 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն։
–Սիմոն, երկար տարիներ է ինչ զբաղվում եք ծանրամարտով։ Ինչու՞ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։
-Նախկինում զբաղվել եմ բոքսով, սակայն ինձ ավելի հոգեհարազատ է ծանրամարտը, այստեղ ես գտել եմ ինքս ինձ։
-Ի՞նչը կամ ո՞վ է ոգեշնչում Ձեզ ծանրաձողին մոտենալիս։
-Այն, որ ամբողջ հայ ազգը ուրախանում է և այդ պահին հպարտանում է ինձանով, հենց դա է ինձ ոգեշնչում։
– Ո՞վ է եղել ծանրամարտում Ձեր իդեալը։
-Իդեալներ որպես այդպիսին չեմ ունեցել, իսկ որպես սպորտսմեն` ինձ համար օրինակ է եղել լեգենդար Յուրի Վարդանյանը:
-Ո՞րն է Ձեզ համար ավելի դժվար՝ պարտվել կյանքում, թե պարտվել ծանրաձողին։
-Եթե պարտվեցիր կյանքում, ապա կպարտվես նաև ծանրաձողին։ Դրանք փոխկապակցված են։
-Ունեցե՞լ եք մասնագիտական դժվարություններ, որոնք կարողացել եք հաղթահարել։
-Իհարկե, եղել են դժավարություններ, բայց անհաղթահարելի ոչինչ չկա կյանքում։ Իսկական սպորտսմենը նա է, ով հաղթահարում է այդ դժվարությունները։
-Դուք ընդամենը 20 տարեկան եք, չի եղե՞լ մի պահ կյանքում, որ ցանկանաք թողնել ամեն ինչ և ապրել 20-ամյա երիտասարդի կյանքով։
-Ո՛չ, չի եղել, եթե կյանքում ընտրում ես մի ուղի, ապա պետք է հաղթահարես բոլոր խոչընդոտները և ամեն գնով հասնես նպատակիդ։
-Կյանքում ինչ-որ կարգախոս ունե՞ք, որով առաջնորդվում եք։
-Ցանկացած պարագայում լինել արդար և բարի։
-Բոլորն էլ այս կյանքում ունեն նպատակներ, որոնց ձգտում են հասնել։ Իսկ ո՞րն է այսօր Սիմոն Մարտիրոսյանի գլխավոր նպատակը։
-Գլխավոր նպատակս է դառնալ օլիմպիական չեմպիոն։
Աննա Բզնունի
2-րդ կուրս