Արամյանցի դղյակը՝ անուշադրության կենտրոնում

Արամյանցի դղյակը՝ անուշադրության կենտրոնում

1893

Լոռու մարզի Ախթալա համայնքում է գտնվում Արամյանցի դղյակը, որը Վանաձորի Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ Շվեյցարական ոճով կառուցված դղյակ, որը ոչ միայն տեսքով, այլ նաև իր պատմությամբ է առանձնանում. այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը։

Դղյակը 2005թ. սեպտեմբերի 27-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հայաստանի տուրիզմի զարգացման հիմնադրամից գնել է «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան: Արամյանցի դղյակի հաշվեկշռային գինը սահմանվել  է 57 հազար դրամ, այն ժամանակ` գրեթե 100 դոլար: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականատերը հանդիսացել է Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2014թ. մահացել է): Նրա մահից հետո դղյակի 100 տոկոս բաժնետեր է դարձել Ս. Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը: Պայմանագրով Տեր-Պողոսյանը պարտավորվել է 15 տարի չփոխել դղյակի օգտագործման  ուղղվածությունը և այն բացառապես ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը: Տեր-Պողոսյանը դղյակի տարածքում կառուցել է բնակարան, ոչնչացրել է Արամյանցի աղջկա մշակութային արժեք ներկայացնող արձանը: Անցած 16 տարում որեւէ էական ներդրում չի կատարվել, եւ դղյակն այսօր գտնվում է փլուզման եզրին։

2016 թվականի նոյեմբերին մի քանի տասնյակ մտավորականներ դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ վերջին 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել դղյակում, և այն գտնվում է փլուզման եզրին:

Նամակի արդյունքում՝ նույն տարում կառավարության որոշմամբ դղյակն ընդգրկվել էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

2016 թ. դեկտեմբերի 22-ին այն կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա շահ: 

2017 թվականին Կարեն Կարապետյանը Լոռի այցի ժամանակ եղել էր նաև Ախթալայում, այցելել Արամյանցի դղյակ և հայտարարել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ։

«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել էր Կարապետյանը:

2019 թվականի հոկտեմբերին Լոռվա նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի Արամյանցի դղյակի և հարակից տարածքների չափագրում և գնահատում կատարելու համար:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործընթացը չի կայացել, քանի որ ամառանոցի սեփականատերերը բացակայել են հանրապետությունից և չեն արձագանքել մարզպետարանի աշխատակիցների կողմից իրենց ուղղված հարցումներին։

 «Միաժամանակ, «ԼՕԶԷ» ընկերությանը հանձնված գույքը ֆինանսական պարտավորությունների դիմաց գրավադրված էր բանկում: Հետևանքը եղել է այն, որ մարզպետարանի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել մասնավոր տարածք գույքագրում իրականացնելու համար»,- նշվում է պատասխանում:

Այսօր Արամյանցի դղյակը շտապ վերանորոգման կարիք ունի, սակայն կարծես թե, նրանով այլևս ոչ ոք չի հետաքրքրվում, քանզի երկրում ավելի կարևոր հարցեր կան։ Վայր, որը արժանացել է տարբեր տարիների կառավարությունների անուշադրությանը։ Եվ հիմա էլ դղյակը դեռևս  մասնավոր սեփականություն է։

Լյուդմիլա Շիրվանյան

2-րդ կուրս

Կիսվել