Նա անգամ չէր համարձակվի երազել այն մեկը լինելու մասին, ով հիմա կա....

Նա անգամ չէր համարձակվի երազել այն մեկը լինելու մասին, ով հիմա կա. Van NEMRA

888

Հանդարտ խառնվածքից մինչև համերգային պայթյուն

Բազմաթիվ երիտասարդների սրտերն իրենց երգերով գրավող, ստեղծագործող, 9-րդ մոլորակն իրենցով կենդանացնող, ամենատարբեր ու յուրահատուկ խառնվածքն ունեցող երաժշտական խմբի՝ Նեմրայի ոկալիստ Վանը, յուրաքանչյուր համերգից հետո սկսում է կարոտել բոլոր ներկաներին, նրանցից եկող էներգիային: Կարոտում է ու անհամբերությամբ էլ սպասում հաջորդներին:

«Նեմրա»-ն հայկական իրականության մեջ այն եզակի խմբերից է, որն աչքի է ընկել իր տաղանդով, յուրօրինակ ոճով ու երգերի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ: Խումբը՝ ձևավորվելով 2012թ-ին, տարիների ընթացքում կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել հայկական երգարվեստում՝ ընդգծելով իր այլընտրանքային ու ոչ ոքի չնման տեսակը: Համերգներ է ունեցել ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Խմբի ոկալիստ և կիթառահար Վանը (Վան Եղիազարյան) ավելի վաղ տարիքում ջութակ էր սիրում և նվագում, սակայն ինչ-որ պահից սկսած ջութակը անհամատեղելի դարձավ Վանի հետ, և նա սկսեց իրեն այլ ոլորտում փորձել: Սովորելով նաև Տնտեսագիտական համալսարանում՝ նա ի վերջո իր առաքելությունը գտավ ռոք երգարվեստում, որն էլ իրականացնում է Նեմրայում: Վանի մեկնաբանմամբ Երկիր մոլորակում իրենց երգերն են պակասում, իրենց երգերի միջոցով միավորված մարդիկ, նրանց միավորումից առաջացած հսկայական դրական էներգիան, այդ էներգիայից ծնված սերը, այդ սիրուց ծնված երջանկությունը, այդ երջանկությունից ստեղծված նոր երգերը, և նորից այդ երգերի շնորհիվ միավորված մարդիկ… երգեր, որոնք գրում է Վանը, երգեր, որոնք կատարում է Վանը, որոնցով ստեղծվում է Նեմրա մոլորակը, որոնցով ապրում են Նեմրայի բնակիչները, խմբի երկրպագուները՝ նեմրացիները:

Վանն առաջին անգամ կիթառն իր ձեռքն է վերցրել 17 տարեկանում, սովորել է ինքնուրույն, սկսել է երգել, գրել ու ժամանակին զուգընթաց հասկացել, որ ճիշտ ճանապարհին է: Նեմրայի ցանկացած հաջողություն ի սրտե ուրախացնում է Վանին, բայց ամենաազդեցիկն ու շոկայինն իր համար այն էր, երբ իր սիրելի երաժիշտներից մեկը՝ Սերժ Թանկյանը, առաջին անգամ իր էջում կիսվել է Նեմրայի երգով, իսկ ամիսներ անց կրկին կիսվել մեկ այլ կատարմամբ:

Վանի մասին խոսելիս՝ խմբի անդամներից Մարիաննան պատմում է, որ Վանը շատ ոգևորված է լինում ետնաբեմում ու էներգիայով լի: Հիմնականում շատ անհամբեր սպասում է բեմ դուրս գալու պահին, իսկ համերգից հետո գոհ է լինում, եթե լցվում է հանդիսատեսից եկող էներգիայով, բառերը մոռանալիս էլ իր փոխարեն հանդիսատեսն է երգում: Վանի հետ և’ ստեղծագործելով, և’ աշխատելով՝ Մարիաննան նկատում է, որ Վանն ինքն իր հանդեպ շատ խիստ է, այդ իսկ պատճառով անգամ շատ փոքր թերություն տեսնելիս փորձում է արագորեն շտկել դա:

Փոքր տարիքիում Վանը հավասարակշռված, շատ հանգիստ երեխա է եղել, բայց այնուամենայնիվ՝ համակերպվող էլ չէր, և մինչ օրս էլ նա անհանդուրժող է հատկապես ցանկացած անարդարության հանդեպ: Ավելի բռնկվող դարձել է պատանեկան տարիքում, հետո հասուն տարիքում նորից վերադարձել է ավելի հանդարտ վիճակի:

Նեմրան 2018-ին մասնակցել է «Դեպի եվրատեսիլ» հեռուստանախագծին, որտեղ ներկայացել է Վանի հեղինակած “I’m a Liar” կատարմամբ՝ գրավելով երկրորդ հորիզոնականը: Վանը բաղմաթիվ երգերի հեղինակ ու կատարող է, նա հիմնականում ստեղծագործում է անգելերն լեզվով, բայց անկարելի է չնկատել իր ձայնի գեղեցկությունն ու ներդաշնակությունը հայալեզու երգերի հանդեպ: Վանի ամենամեծ արժեքը սերն է, և ամենամեծ սիրո մասին պատմող երգը նրա կոմից արժանի է “Track 11” անվանմանը: Վանը նկատում ու գնահատում է գեղեցիկը, իր արվեստը ողողված է ամենայուրօրինակ մոտեցումներով: Դեպի Նեմրա մոլորակ տանող երիտասարդին կինն ու գինին իրարից առանձին չեն կարող հաղթել, բայց միասին հաղթելու հավանականությունը շատ մեծ է:

Վանը մանկությունից իր հետ բերել է երազելու ունակությունը, ու չնայած դժվարություններին, փորձում է պահպանել դա, իսկ այնտեղ թողել է անվստահությունն ու վախերի մեծ մասը: Այժմ վախերի մասին խոսելիս նա նշում է անարդարությունը:

«Ես անգամ չէի համարձակվի երազել նրա մասին, ինչ հիմա կամ: Ինչքան էլ, որ ընտանիքում ու շրջապատում միշտ պակաս չեն եղել գովեստի խոսքերը, բայց միևնույնն է, փակ երեխա էի ու չէի ուզում շատ ուշադրություն գրավել ինձ վրա: Ես կարող էի պատկերացնել ցանկացած ոլորտ՝ ֆուտբոլ, բիզնես, տիեզերք, բայց ո՛չ երբեք, որ մի օր կերգեմ, այն էլ ռոք խմբում, այն էլ իմ գրած երգերը»: Ահա այսպես է Վանը մեկնաբանում, թե ավելի վաղ հասակում ինչպիսինն էր ցանկանում լինել արդեն այս տարիքում:

Թեպետ Վանի մտքով չէր էլ անցնում, որ մի օր կարող է երգերի հեղինակ և կատարող լինել, այնուամենայնիվ այսօր նա բազմաթիվ երիտասարդների և իր երգերի միջև էմոցիոնալ կապ է ստեղծում: Վանի մասին խոսելիս նրա հավատարիմ երկրպագուներից Իզան.

«Վանին սկսել եմ սիրել Նեմրայի մասին իմանալուց հետո: Այդ սիրո ձևավորմանը խթանել են ոչ միայն Նեմրայի երգերը, այլ նաև Վանի հարցազրույցները, որոնց շնորհիվ բացահայտել եմ նրա մարդկային տեսակը: Վանը յուրօրինակ մտքեր ունի, որոնք մեզ է փոխանցում իր երգերի միջոցով: Այդ երգերի օգնությամբ ես կարողանում եմ հաղթահարել ցանկացած բացասական երևույթ՝ տխրություն, դատարկություն, հիսաթափություն»….

Իսկ ինչպիսի՞ ընկեր է Վանը. նրա ընկերներից Մարիաննան ասում է, որ Վանը ուսուցիչ-ընկեր է: Նրա՝ մարդկանց տեսնելու և մի հայացքից ճանաչելու ունակությունը միշտ զարմացրել է Մարիաննային, և ինքը աշխատում է միշտ լսել Վանին, երբ խորհուրդ է տալիս այս կամ այն մարդուց զգուշանալ:

Վանը վառ օրինակ է, որ շատ հաճախ մենք չենք կարող պատկերացնել անգամ, թե ինչ է մեզ սպասվում, թե ինչի ենք մենք ընդունակ և թե ինչ կարող ենք տալ մարդկանց: Եվ հենց այսպիսի մարդիկ են իրենց տեսակով մեծ բացահայտումներ դառնում հանրության համար, ովքեր փորձելով ամենատարբեր ոլորտները՝ գտնում են իրենցն ու ստեղծում գեղեցիկը: Վանին բեմում տեսնողը կմտածի, որ նրա կյանքն ուրախ ու անհոգ է, բայց նա չափից շատ զգայուն է աշխարհի նկատմամբ ու շատ ծանր է տանում աշխարհի անկատար լինելը. սա իր խորհրդավոր կողմերից մեկն է: Իսկ հետաքրքրիր կողմերից մեկն այն է, որ նա կարող է դրսում քայլելիս մարդկանց դեմքին չնայել, բայց ամբողջությամբ տեսնել նրանց:

Իր բնավորության բացասական կողմերին անդրադառնալիս՝ Վանի գնահատմամբ առաջին հորիզոնականում ուշանալն է. նա գրեթե միշտ ուշանում է: Երկրորդը՝ նրա շատ շուտ ձանձրանալն է, հատկապես մարդկանցից ու գրքերից: Միակը, որից երբեք նա չի կարող ձանձրանալ՝ իր սիրելի երգերն են: Վանը նաև ինտրովերտ է, որը նա ևս բացասական է համարում, քանի որ ինտրովերտությունն իրեն երբեմն խանգարում է:

Վանը շատ է գնահատում հումորը, և անհնար է նրա հետ շփվելիս չզգալ նրա հումորի զգացումը, իսկ հումորից զուրկ մարդկանց նա պարզապես մաղթում է չհայտնվել իր ճանապարհին: Արվեստոտ կիթառահարը տանել չի կարողանում անազնվությունը, անշնորհքությունը, անտակտությունը և նմանօրինակ շատ երևույթներ, որոնք ի զորու են բարկացնել իրեն: Նեմրայի դեսպանը միշտ և ամենուր անկեղծ է իրեն լսողների և հավատացողների առջև, անկեղծ է ուրախ ու տխուր նոտաների և զգացմունքների առջև: Նա իր բոլոր ուրախ պահերը կիսում է իր տխրության հետ, քանի որ ցավեր կան, որ երբեք չեն լքում, անգամ ամենաերջանիկ պահերին:

Վանը շատ հազվադեպ է խորհուրդներ ընդունում, այն էլ հիմնականում շատ մտերիմ մարդկանցից, և դրանք էլ միշտ դրական են անդրադարձել իր՝ թե’ մասնագիտական ոլորտում, թե’ անձնական կյանքում:

Իսկ ի՞նչ կաներ Վանը, եթե հնարավոր լիներ. նա պատասխանում է՝

-Եթե հնարավոր լիներ, ապա ես …. կփախչեի:

Վանը տեղով մեկ խարիզմա է, չկրկնվող տեսակ, անընդհատ բացահայտվող հեղինակ ու երաժիշտ: Խորհրդավոր ձայն ու ոճ ունեցող ոկալիստ-կիթառահարը յուրահատուկ է կյանքի հանդեպ իր յուրաքանչյուր դրսևորման մեջ:

Every time I see you, I am on fire, I said I do not love you, I am a liar… Իր երգերով իր մոլորակում բոլորին իրար կապող Վան Նեմրան տարիներ հետո վստահաբար կլինի այն մեկն, ում մասին հիմա նույնսիկ չի համարձակվի երազել…

Աննա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել