Սիրո բարեխոսի տոնը Բջնիում

Սիրո բարեխոսի տոնը Բջնիում

435

Փետրվարի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Ըստ ավանդազրույցի՝ Սուրբ Սարգիս զորավարը իր որդու և 14 մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Այս օրը նաև համարվում է սիրահար զույգերի օրհնության տոն։ Ավանդության համաձայն՝ Սուրբ Սարգսին  երիտասարդները ուտում են աղի բլիթ՝ այն ակնկալիքով, որ երազին կտեսնեն իրենց կյանքի ընկերոջը։

Սուրբ Սարգիս զորավարի պատվին Հայաստանում կառուցվել են շատ եկեղեցիներ և մատուռներ։ Այս տոնը ամեն տարի առանձնահատուկ է նշվում Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այն համարավում է ամենափոքր գմբեթավոր եկեղեցին, այդ իսկ պատճառով ներսում պատարագներ և ժամերգություններ չեն կատարվում։ Սուրբ Սարգիսը գտնվում է լեռան գագաթին և ամեն տարի իր շուրջն է հավաքում հարյուրավոր ուխտավորների։

Այս տարին նույնպես բացառություն չէր։ Արդեն ներքևից երևում էր երիտասարդների, հավատացյալների բազմությունը։ Եղանակը այս տարի առավել բարենպաստ էր, չնայած բարձունքում, միևնույն է, զգացվում էր լեռների սառը շունչը։ Սակայն այն չխանգարեց կազմակերպված տոնակատարությանը։  Ուխտավորների տերունական աղոթքից հետո Բջնիի հոգևոր հովիվը օրհնեց երիտասարդներին և բաժանվեց օրհնված աղի բլիթներ։

Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տաղանդավոր երաժիշտներն ու պարային խմբերը։ Ցրտին դիմակայելու ամենալավ տարբերակը պարողներին միանալն էր։ Հավաքվածները նույնպես մասնակցում էին  ազգային պարին ու երգին։ Ձմեռային ճերմակ բնապատկերը զարդարում էին փոքրիկների կարմիր փուչիկները։

Տոնակատարության ավարտից հետո էլ դեռ չէր դադարում մարդկանց հոսքը դեպի Սուրբ Սարգիս։

Սյուզաննա Դեմիրճյան

2-րդ կուրս

Կիսվել