Նախկին առաջատար ֆուտբոլիստը նաև սերունդներ կրթած ուսուցիչ է

Նախկին առաջատար ֆուտբոլիստը նաև սերունդներ կրթած ուսուցիչ է

802

1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր։ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի դասը նոր էր սկսվել։ Ուսուցիչ Հենրիկ Մարգարյանը ամեն օրվա նման պատրաստվում էր աշակերտներին մարզելուն, սակայն ուժեղ ցնցում զգաց և տեսավ, թե ինչպես է ֆիզկուլտի դահլիճի պատերով ալիք անցնում։ Մի վայրկյանում ամեն ինչ հողին հավասարվեց։ Երկրաշարժ էր…

Նա սկսեց երեխաներին իր մոտ`անկյուն կանչել, որտեղ համեմատաբար ավելի անվտանգ էր։ Աշակերտները կողմնորոշվում էին նրա ձայնով։ Ուսուցիչը փորձում էր ավելի բարձր բղավել։ Դասին ներկա բոլոր աշակերտները, բացի երկուսից, փրկվեցին…  Երբ ցնցումները դադարեցին, ուսուցիչ Հենրիկ Մարգարյանը փորձեց աշակերտներին դուրս բերել փլատակների տակից։

«Երբ դուրս եկանք, քար լռություն էր տիրում։ Գյուղի տղամարդկանցով փորում էինք և փորձում երեխաներին հանել փլատակների միջից, թեև հասկանում էինք, որ շանսերը քիչ են», – պատմում է ընկեր Մարգարյանը։

Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1950թ. Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում։ Սերունդներ կրթած ուսուցիչը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Սկզբնական շրջանում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել Սպիտակի շրջանի Կանթնաջուր գյուղում, այնուհետև տեղափոխվել է իր ծննդավայր, որտեղի միջնակարգ դպրոցում էլ երկար տարիներ աշխատել է։

Հենրիկ Մարգարյանը երիտասարդ տարիքում գերազանց ֆուտբոլիստ է եղել։ Երկար տարիներ ֆուտբոլ է խաղացել Նալբանդի (Շիրակամուտ գյուղի նախկին անունն է) թիմում։ Նալբանդը իր ֆուտբոլային թիմով միշտ էլ առաջատար է եղել Սպիտակի շրջանի առաջնություններում։ Հենրիկ Մարգարյանը Նալբանդի թիմի կազմում 1967 թվականին առաջին անգամ նվաճեց «Ոսկե հասկ» գավաթը։ Բացի Նալբանդի թիմից` Հենրիկ Մարգարյանը երկար տարիներ անդամակցել է Սպիտակի շաքարի գործարանի թիմին և մասնակցել հանրապետության առաջնություններին։

Մարգարյանը, ֆուտբոլին զուգահեռ սովորելով և ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, դարձել է ֆիզկուլտուրայի առաջատար ուսուցիչ։ Նա իր գործի գիտակն է և սիրահարը։ Նա միշտ եղել է աշակերտների սիրելի ուսուցիչներից մեկը։

Հենրիկ Մարգարյանն առանձնանում էր իր բարձր ձայնով։ Դասի ժամին լսվում էր նրա ձայնը՝ միջանցքում հեռախոսով բարձր խոսելիս։ Բոլորս դասի ժամին լռում էինք, որ լսեինք, թե ընկեր Մարգարյանը ինչ է խոսում։ Այնքա՜ն զվարճալի էր։

Նա այն եզակի ուսուցիչներից էր, որ միշտ դասամիջացներին մտնում էր պատահական դասարաններ և հետաքրքրվում աշակերտներից, թե ինչպես են նրանք կամ մյուս ուսուցիչները հո շատ չեն տանջում։

Ընկեր Մարգարյանը սիրում էր տարբեր դասարաններին դաս տալուց կրկնել հետևյալ խոսքը. «46 տարվա մանկավարժ եմ, բայց ձեր դասարանի նման թույլ դասարան չեմ տեսել, ամոթ է, ձեր ծնողներին էլ եմ դաս տվել, ձեզնից հազար անգամ լավ էին ֆիզկուլտից»։

Ընկեր Մարգարյանը, բացի դասեր վարելուց, նաև կազմակերպել է սպորտային մրցույթներ՝ լավագույններին պարգևատրելով մրցանակներով։

Երկրաշարժից հետո՝ 90֊ական թվականներին, ընկեր Մարգարյանը իր աշակերտներից մի քանիսի հետ գնացել է Անգլիա և ներկա գտնվել «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի խաղին։ Այդ պահը շատ է տպավորվել իր և աշակերտների մտքում։ Այն հարցին, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ընկեր Մարգարյանը առանց երկմտանքի պատասխանում է. «Մեսսին է, որովհետև նա ոչ միայն բացառիկ ֆուտբոլիստ է, այն նաև շատ համեստ է»։

63 տարեկանում թոշակի անցնելով՝ դուրս եկավ դպրոցից։ Մի քանի տարի անց դպրոցը ուներ ֆիզկուլտուրայի ուսուցչի կարիք։ Մի կողմ դնելով տարիքը և ոտքի ցավը՝ Հենրիկ Մարգարյանը վերադարձավ դպրոց։ Տարիները չէին փոխել ընկեր Մարգարյանի մոտեցումները ֆիզկուլտուրայի դասի հանդեպ։ Նա կրկին ամեն օր վաղ արթնանալով՝ բոլորից շուտ ոտքով գալիս էր դպրոց՝ չնայած այն բանին, որ նրա տունը հեռու էր դպրոցից և արդեն կաղալով էր քայլում։

Ուսուցչական անձնակազմում նրան հարգում և սիրում էին՝ որպես փորձառու և ավագ սերնդի մասնագետի։ Հենրիկ Մարգարյանը և՛ իր աշխատանքն է շատ սիրել, և՛ աշակերտներին։ Երբ դպրոցում անհրաժեշտ քանակությամբ և որակյալ գնդակներ չկային, նա ամեն կերպ փորձում էր լուծել այդ հարցը, որ աշակերտները կարողանային լիարժեք անցկացնել ֆիզկուլտուրայի դասը։ Իր ուսուցչական կարիերայի վերջին տարիների ընթացքում նրան մտահոգում էր դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի հարցը։ Դահլիճի հատակը ոչ բարվոք վիճակում էր գտնվում, աշակերտները պարբերաբար վայր էին ընկնում խաղալիս։

Նախքան 2020 թվականը ընկեր Մարգարյանը դուրս եկավ աշխատանքից, քանի որ իր որդին կանչել էր իր մոտ՝ Կանադա, մշտական բնակություն հաստատելու։ Ընկեր Մարգարյանը 1 ամիս էլ չկարողացավ այնտեղ մնալ, հայրենի հողը հետ էր կանչում։ Այժմ նա իր կնոջ հետ ապրում է գյուղի իր տանը, զբաղվում գյուղատնտեսությամբ։

Նա իր աշակերտների սրտում միշտ կմնա բոլորին սիրող, իր աշխատանքնին լուրջ վերաբերվող ընկեր Մարգարյան։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել