Քրիստինե Ալագուլյանի հետ զրույցը էմոցիոնալ ինտելեկտի, մեդիադաշտում նրա կարևորության և կիրառելիության մասին է։ Թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ լրատվադաշտում հաճախ ենք հանդիպում գործող լրագրողների, ովքեր հաղորդումների ժամանակ ցուցաբերում են էմոցիոնալ տարբեր վարքագիծ։
(Քրիստինե Ալագուլյանն անկեղծացավ և ասաց, որ այդ տեսանկյունից իրեն չի դիտարկել):
–Ինչո՞վ է պայմանավորված Ձեր բարձր էմոցիոնալ ինտելեկտը։
-Երբ մարդկանց տեղեկացնելու գործառույթ ես ստանձնում, առաջնային խնդիրը նրան պարզապես տեղեկացնելն է, ինչից հետո պետք է թույլ տալ, որ անձը որոշի՝ ինչպես զգալ տվյալ դեպքում։ Երկրորդ պլան են մղվում քո մարդկային զգացմունքները։ Հայտնվեցիր հեռուստաէկրանին, դու այլևս քոնը չես, դու հեռուստադիտողինն ես, և այս դեպքում հեռոուստադիտողին ուղղակի պետք է փոխանցել տեղեկությունը, բնականաբար իր տրամադրությունների մեջ։ Բայց դա չպետք է հանգեցնի ծայրահեղությունների՝ կա՛մ լրիվ անտարբերության, կա՛մ լրիվ էմոցիոնալ դաշտի։ Դրանց մեջտեղում գոյություն ունի մի ձև, երբ դու հաղորդավար ես, և դա է պատճառը, որ մենք կարողանում ենք մերժել մեր մեջ գոյություն ունեցող լրիվ «անտարբեր մարդուն» և լրիվ էմոցիոնալ մարդուն, որովհետև դա մեզ հեռացնում է պրոֆեսիոնալ դաշտից՝ տանելով մարդկային դաշտ։
–Եղե՞լ են դեպքեր, երբ չեք կարողացել զսպել Ձեր զգացմունքները հեռուստաեթերի ժամանակ։
-Զգացմունքները չզսպել՝ ոչ, ոչ մի անգամ չի եղել, բայց եղել է, երբ մի քիչ արցունքակալել են աչքերը, բայց շատ քիչ, ձայնի մեջ է մի թեթև դող եղել, բայց դա զսպել հնարավոր է եղել։ Դա հիմնականում եղել է պատերազմի ժամանակ:
Երբ առավոտյան գալիս էի աշխատանքի, զանգահարում է իմ ուսանողներից մեկը և ասում՝ Ընկեր Ալագուլյան, Սլավան Ձեզ շատ էր սիրում, նա այլևս չկա (խոսքը 44-օրյա պատերազմում զոհված Սլավա Բադալյանի մասին է):
Ես պետք է ընդամենը կես ժամից ուղիղ եթեր մտնեի. շատ ծանր էր ինձ համար, քանի որ ոչ միայն ուղիղ եթեր պետք է մտնեի, այլև եթերում կարդայի նրա անունը զոհվածների ցուցակում։ Իհարկե եթերից առաջ, եթերից հետո, ամբողջ օրվա ընթացքում արցունքները գրեթե չէին դադարում։ Ի դեմս քեզ՝ հեռուստադիտողն ունի վստահելի գործընկերոջ, հենասյունի։ Լրագրողի վստահությունից է կախված, թե նա ինչպես իրեն կզգա, և ես բնականաբար իրավունք չունեմ էմոցիաներս արտահայտելու։ Մարդկային կողմը չես վերացնում քո մեջից, բայց զսպում ես։ Կան բաներ, որոնք մարդու վրա էմոցիոնալ ազդեցություն են ունենում, բայց եթե անգամ դա ձայնիդ վրա ազդում է, պետք է զսպես քեզ։ Ես իհարկե հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր եթերի ժամանակ հուզվում են, բայց դիմանալ պետք է, որովհետև երբ մեկը դիմանում է, նա այդ պահին ձեզ համար հենասյուն է դառնում, այստեղ ավելի կարևոր բան կա, քան մարդկային էմոցիաները, դա մի փոքր թուլացնում է մարդուն։
Մենք ստանձնել ենք մի գործ, որի միջոցով մարդիկ տեղեկություն են ստանում, և իրենք պետք է եզրակացություն անեն, դրանից հուզվեն, սեփական կարծիքը ձևավորեն։ Դրա համար մեր գործառույթը հետևյալն է՝ տալ փաստեր, իրադարձությունների մասին պատմել, ցույց տալ դրանք, որպեսզի մարդիկ սեփական եզրակացությունների հիման վրա կարծիք ձևավորեն։ Երբ մենք մեր կարծիքը, մեր զգացմունքները փոխանցում ենք, մենք կարծես մեր էությունն էլ ենք փոխանցում հեռուստադիտողին։ Երբ հեռուստացույցը միացնում են, այնտեղից պետք է լսեն վստահ, խնդիրները հաղթահարողի տեսանկյունից եկող տոն։ Երբ մարդիկ վհատված են լինում, դիմացինի մեջ պետք է տեսնեն հետևյալը. այն խնդիրները, որոնց իրենք բախվել են, հաղթահարելի են, խուճապի չմատնվեն, որովհետև ո՛չ խուճապը, ո՛չ զգացմունքայնությունը չեն օգնում․ լուծումների համար սթափություն է պետք։
Լուսինե Սարգսյան
2-րդ կուրս