Սեռական կրթություն. ինչպե՞ս, ո՞վ և ի՞նչ բովանդակությամբ…

Սեռական կրթություն. ինչպե՞ս, ո՞վ և ի՞նչ բովանդակությամբ…

1495

Քննիչների համար նախատեսված «Երեխաների սեռական անձեռմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները ու դրանց վարույթի առանձնահատկությունները» գրքում (հեղինակներ`Արթուր Ղամբարյան, Դավիթ Թումասյան)կարևոր տեղեկություններ գտանք հարցի վերաբերյալ։ «Հոգեբանները և մանկավարժները գտնում են, որ բռնության անգամ եզակի դեպքը կայուն բացասական ազդեցություն է թողնում տուժողի, առավել ևս երեխայի հետագա կյանքի վրա։ Երեխան, լինելով անփորձ և անօգնական, խեղաթյուրված պատկերացնելով սեռական կյանքը և սեռական հարաբերությունները, չի կարողանում օբյեկտիվորեն գնահատել իր հետ կատարվածի նշանակությունն ու բովանդակությունը, հետևաբար չի էլ գիտակցում դիմադրություն ցույց տալու անհրաժեշտությունը։ Երեխայի սեռական զուգընկերն էլ, ընկալելով երեխայի գործողությունները որպես կամային և գիտակցված, երբեմն չի գիտակցում իր արարքի հանցավոր լինելը»,- տեղեկացնում է ձեռնարկը։ Ըստ «Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանի` երեխաների նկատմամբ բռնության, հատկապես սեռական բռնության դեպքերն ավելանալու միտում ունեն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև ՀՀ-ում։

2017 թվականին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը ՀՀ Քննչական կոմիտեի հետ համատեղ իրականացրել է «2015-2016 թվականների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» թեմայով հետազոտություն։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցվել է 131 քրեական գործ, 2016 թվականին՝ 157 քրեական գործ։

Մեր ուսումնասիրությունների արդյունքում ևս պարզ դարձավ, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քանակը մեծ է: Մարդիկ իրենց հետ կատարվածի մասին կիսվում են անգամ ֆեյսբուքյան խմբերում։ Օրինակ՝ լրագրող Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է վարում՝ «Բռնության ձայնը» խորագրի տակ հրապարակելով իրեն ուղարկված նամակները բռնության ենթարկված անձանցից։

Սեռական կրթության հարցեր լուսաբանող «Girlnomute» ինստագրամյան էջն ուսումնասիրելով էլ կարելի է եզրակացնել, որ հասարակությունն ունի թեմայի վերաբերյալ ճշգրիտ ու հավաստի տեղեկությունների կարիք. էջն ունի քսաներեք հազար հետևորդ, հրապարակումները արժանանում են 5000 և ավելի հավանումների։ Էջի հիմնական հետևորդները դեռահասներն են`13-17 տարեկան:

Նախկինում «Մարդու անատոմիա» դասագրքում միայն մեկ դասով սեռական դաստիարակության մասին խոսել չէին հասցնում կենսաբանության ուսուցիչները։ Իսկ հետո` 2008 թվականին, «Առողջ ապրելակերպ» դասընթացի մուտքով աշակերտները սկսեցին չափավոր տեղեկություններ ստանալ վաղաժամ սեռական կյանքի վտանգների և, առհասարակ, սեռական դաստիարակության մասին։ Իսկ արդյո՞ք երեխայի սեռական կրթվածությունը կնպաստի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քանակի նվազմանը։ Առանձնակի կարևորություն ունեցող այս և այլ հարցերի ստորև պատասխանել են մասնագետները` հոգեբանը, բժիշկ-սեքսոլոգը, կրթության փորձագետը և օնլայն հարթակում սեռական դաստիարակության մասին  պատմող ինֆլյուենսերը։

 Ինչո՞ւ է անհրաժեշտ սեռական դաստիարակությունը:

«Girlonmute» ինստագրամյան էջի հեղինակ, ինֆլյուենսեր Թերեզա Պանչոյանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում  առցանց հարթակում, մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրներ են ծագում հենց նրանցից, որ շատերը նույնիսկ չեն կարողանում ճիշտ անվանել իրենց օրգանները և կամ նկարագրել իրավիճակը։ Ըստ նրա՝ մենք ունենք բառապաշարի ու սեփական մարմնից անտեղյակ լինելու խնդիր։ Ինֆլյուենսերը ճիշտ է համարում, որ երեխան պետք է իմանա, թե իր մարմնի որ հատվածին են դիպել, դեռահասը պետք է կարողանա իր անձնական սահմանները գծել։ Իսկ այս ամենը սեռակրթության շնորհիվ է լինում. «Հեռուստատեսությունը, համացանցը, թրեյնինգները սեռական դաստիարակություն ներմուծելու այլ ուղղություններ են։ Վիճակագրությանը համաձայն՝ սեռակրթությունը նպաստում է դեռահասների շրջանում մի շարք խնդիրների նվազմանը, քանզի տեղեկացված լինելը հանգեցնում է ավելի պատասխանատու ու խելամիտ արարքների»:

Նույն հարցի շուրջ զրուցեցինք նաև մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ։ Նա կարծում է, որ եթե առարկան ներմուծվի ճիշտ ընտրված տարիքային խմբի համար, ամեն ինչ ավելի դյուրին կլինի, քան թվում է։ Կարևոր է ավելի նպատակահարմար գրականության ընտրությունը, որը կլինի առանց սուր անցումների և երեխային հեգեբանական շոկի ենթարկող բովանդակության։

Դասավանդման ի՞նչ մեթոդներ ընտրել։

Բժիշկ- սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը կարծում է, որ որևէ բովանդակություն ընտրելիս պետք է անպայման հաշվի առնել մեր տարածաշրջանը․ չի կարելի ուղղակիորեն վերցնել ու հրամցնել եվրոպական, ամերիկյան չափանիշներով գրքերը։ Հայ հասարակությունը սա ուղղակի չի ընդունի ու չի մարսի։  

Բժիշկ-սեքսոլոգի կարծիքով՝ պետք է տարբերակել սեռական դաստիարակության տարբեր մեթոդներ։ Դրանցից են համապարփակ և ինտեգրատիվ մեթոդները։ Առաջինի դեպքում երեխան տեղեկանում է սեռականության բոլոր հարցերից։ Շատ տեղեկություն է տրվում, ինչն, իրոք, վտանգավոր է։ Ինտեգրատիվի դեպքում անհատական մոտեցում է ապահովվում՝ հաշվի առնելով տվյալ անձի զարգացմումը, և տրվում է  սեքսուալ դրսևորումների կոնկրետ մեկնաբանություն՝ անձի ինտելեկտին համապատասխան։ Երեխան պիտի հասկանա, թե աշխարհում ինչ է կատարվում, և ինչպես պիտի ինքը դրան վերաբերվի։ Պետք է խուսափել ծայրահեղություններից․ ո’չ այլասերվածություն պետք է լինի, ո՛չ էլ պահպանողականություն։ Նյութը պետք է անհատական պատմությունները հաշվի առնելով, շատ զգույշ, առանց կրթողի, դաստիարակի սուբյեկտիվ, անձնային ճաշակը փաթաթելու մատուցվի։

Մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը, անդրադառնալով մատուցվող նյութին, նշեց, որ թեման պետք է լինի ամենատարրական ու ամենապարզ բովանդակությամբ, թեմաների եզրերը` նուրբ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենալավ ձևն անկեղծ զրույցն է, որը թույլ կտա աշակերտներին ուղղակի զրուցել։ Մասնագետը կարծում է, որ դա չպետք է լինի պարտադիր առարկա։

Սերոբ Խաչատրյանը ևս կարևորեց մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելը։ Ըստ նրա՝ եթե երեխան դպրոցում լսի սեռական դաստիրակության մասին  որևէ թեմա և տեսնի ուսուցչի վերաբերմունքը թեմայի նկատմամբ, հնարավոր է՝ տանը էլ բախվի մեծահասակների մերժողական վերաբերմունքին շոշափվող թեմայի և առհասարակ սեռական կրթության նկատմամբ։ Արդյունքում երեխայի մոտ կառաջանա վերաբերմունքի երկվություն. «Նման թեմաների մասին լսելիս վերաբերվել ուսուցչի՞ պես, թե՞ այնպես, ինչպես տատիկն ու պապիկը» :  

Դասավանդե՞լ որպես առանձին առարկա, թե՞ որպես թեմա՝ ներդնել այլ առարկաների մեջ:

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի` թեման կարելի է ներկայացնել կենսաբանության դասի շրջանակներում, քանի որ մարդու ֆիզիոլոգիական հատկանիշները խորությամբ ուսումնասիրուվում եմ այս դասի ժամանակ։

Նույն հարցի առնչությամբ  սեքսոլոգը նշեց, որ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները կարելի է ներառել տարբեր առարկաների մեջ: Օրինակ` եթե հասարակագիտություն առարկայի թեման ընտանիքն է, կարելի է խոսել սեքսուալության հարցերի մասին, որոնք բխում են համատեքստից:

Ո՞վ պիտի դասավանդի առարկան

Այս հարցի շուրջ մասնագետների կարծիքները տարբեր են։

Կրթության փորձագետը նշեց, որ դասը պիտի վարի հեղինակություն ունեցող ուսուցիչը, որի խոսքը կընդունվի անառարկելիորեն, որին աշակերտները կլսեն առանց ամոթի, «չէ՞ որ իրենց համար հեղինակություն ունեցող անձն է անցկացնում դասը»,որը կկարողանա նաև աշակերտների՝ թեմայից բխող ակտիվությունը կառավարել:

Մեդիահոգեբանը կարևորեց ուսուցչի հոգեբանական պատրաստվածությունը` որպես գլխավոր նախապայման. «Ցանկալի է, որ հենց հոգեբանը վարի դասընթացը, քանի որ հարցի քննարկումը նրբանկատ մոտեցում է պահանջում, իսկ հոգեբանը տիրապետում է առանցքային գիտելիքների, ինչը թույլ կտա չխաթարել երեխայի հոգեկան անդորրը:  Դասընթացը միանշանակ պետք է վարեն վերապատրաստված մասնագետները, բայց ոչ թե մի քանի հանդիպմամբ վերապատրաստված ուսուցիչները, այլ սեռադաստիարակության ամբողջական կուրս անցած և բարոյաէթիկական նորմեը լավագույնս սերտած մասնագետները, քանի որ նույնիսկ աննշան բացթողումը կամ ոչ ադեկվատ պատասխանը կարող են լուրջ հոգեբանական տրավմայի ենթարկել երեխաներին»:

Կարևոր համարելով նաև ծնողների կարծիքը՝ 50 հոգու շրջանում հարցում անցկացրինք։ Հարցվածների 82,9%-ը կողմ է, որ առարկան դասավանդվի դպրոցում։ 

Ներկայացնում ենք դասավանդման վերաբերյալ առանձին դիրքորոշումներ՝ առանց խմբագրման:

 -Դասավանդման միջոցները պետք է կազմվեն մասնագետների կողմից՝ հաշվի առնելով և՛ աշակերտի տարիքային առանձնահատկությունները, և՛ հայկական մենթալիտետը, և՛ նյութի ճիշտ ու գեղեցիկ մատուցումը:

-Կողմ եմ, որպեսզի դասավանդվի ավագ դպրոցներում և ոչ ֆորմալ կրթական ձևով:

-Հոգեբանական մոտեցում։ Ոչ մի հարց չպետք է անպատասխան մնա։

-Առանձին պարապունքներ տղաների և աղջիկների համար, որտեղ ազատ կքննարկվեն կարևոր հարցեր:

-Խաղային, անմիջական, մասնագետ-հոգեբանով:

-Սեքսոլոգները կսմ ոլորտի ներկայացուցիչները թող դասավանդեն։

-Սահմանների մեջ երեխաներին սովորեցնել այդ ամենը, ինչքան հարմար է իրենց տարիքին:

-Ուսումնական պլանի մեջ ներառվեն թեմաները, որոնք անհրաժեշտ կլինեն մանավանդ երիտասարդ աղջիկներին՝ տարբերակելու առողջը անառողջից, սովորեցնեն սիրել իրենց մարմինը: Դասերը լինեն սեռերով բաշխված, դասավանդողները` երեխաների հոգեբանությանը ծանոթ հմուտ մասնագետներ:

-Ոչ ֆորմալ դասեր, քննարկումներ, ուսուցանող տեսանյութեր։

Անահիտ Ղազարյան

Օֆելյա Հարությունյան

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել