Ես Նալբանդն եմ՝ մոխիրներից հառնած փյունիկ-գյուղը

Ես Նալբանդն եմ՝ մոխիրներից հառնած փյունիկ-գյուղը

1236

Դեռ նոր էի հասցրել ուշքի գալ սարսափելի ցնցումից, երբ տեսա, որ ամբողջությամբ փլուզված եմ. երակներս բացվել էին, վերքերս արնահոսում էին, մարմնիս ջարդուփշուր էր… 12-րդ ամսի 7-րդ օրն էր, կեսօրից տասը եւ մի քանի րոպե պակաս, երբ պատահեց սարսափազդու աղետը: 

Բայց մինչ աղետին վերադառնալը՝ նախ սկսեմ իմ պատմությունը մի փոքր ավելի հեռվից: 

Ես Նալբանդ գյուղն եմ՝ Լոռու մարզից, ապրում եմ Փամբակ և Չիչխան գետերի միախառնման միջնամասում։ Ծնվել եմ 1829թ.-ին, իսկ առաջաբնակներս եղել են Բասեն գավառից գաղթածները։ Թե ինչու են ինձ կոչել Նալբանդ, հետաքրքիր պատմություն է։ Գյուղի հնաբնակների հիմնական զբաղմունքներից մեկը ձիերի ոտքերը նալելն է եղել։ Այդ պատճառով էլ ինձ անվանել են «Նալբանդ», այսինքն՝ նալերի բանտ։

Չեմ բողոքում աշխարհագրական դիրքիցս, քանի որ այստեղով է անցնում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը։ Բայց մի վատ կողմ կա. երկրաշարժային ակտիվ գոտի է։ 1978 թվականին անունս փոխեցին ու դարձա Շիրակամուտ, բայց եկեք ինձ իմ հին անունով կոչենք, քանի որ իմ բնակիչներն այդ անունն են նախընտրում։ 

Շատերն ինձ գիտեն որպես Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոն։ Ցավալի է, որ այդ աղետի պատճառով եմ հայտնի դարձել։ 1988թ դեկտեմբերի 7-ն էր, սովորական դեկտեմբերյան առավոտ։ Բոլորն ամեն օրվա նման իրենց գործերով էին զբաղված։ Առավոտյան ժամը 11 անց 41 րոպեին ուժեղ ցնցումներ սկսվեցին։ Ամեն ինչ մի քանի վայրկյանում հողին հավասարվեց։ Այդ մեծագույն չարիքը տևեց 22 վայրկյան։ Աչքիս առաջ փլուզվեցին դպրոցս, մանկապարտեզս, ֆաբրիկան և տները։ Քարը քարի վրա չմնաց։ 7-րդ դարում կառուցված պատմական հուշարձան Չիչխանավանքը ևս չդիմադրեց երկրաշարժին, բայց հետագայում բարերարների շնորհիվ այն վերականգնվեց։

Երկրաշարժը խլեց իմ մարդկանց 13,29 տոկոսի կյանքը։ Մինչեւ հիմա էլ աչքերս թաց են՝ հիշելիս այն պահերը, երբ փլատակների տակից զոհերի մարմիններն էին դուրս բերում։ Ամենուրեք լաց ու ճիչ էր։ Գյուղում դժվար է գտնել մեկին, ով հարազատի չի կորցրել։ Հսկայական աշխատանքներ կատարեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փրկարարները։ Նալբանդ ժամանեցին իտալացիները, ամերիկացիները, գերմանացիները և ուրիշներ։ Այս մարդկանց ներկայությունը, կարծես, նոր լիցք հաղորդեց աղետից տուժած իմ բնակիչներին։ Գյուղը ոտքի կանգնեցնելու համար սկսվեցին շինարարական աշխատանքները ռուս շինարարների կողմից։ Կազմվեց գյուղի նոր հատակագիծը։ Բայց իմ դաժան օրերը երկրաշարժով չավարտվեցին: Վրա հասան 90-ականների դժվար՝ մութ ու ցուրտ տարիները։ Բայց ես Նալբանդը չէի լինի, եթե այս ամենն ինձ ծնկի բերեին: Կարողացա մանր-մանր քայլերով առաջ գնալ։ Աղետի հետևանքով անտուն մնացած մարդկանց համար կառուցվեցին տներ։

Այս մղձավանջային հիշողությունները երկար կարող եմ պատմել, բայց ես չեմ ուզում, որ ինձ ճանաչեք միայն իմ դժվար կյանքով: Կուզեմ, որ իմ անունը լսելիս մտաբերեք գեղեցկուհուս՝ Թռչկանի ջրվեժը, տեղացիների բարբառով՝ Չռանը։

Թռչկան հասնելը չափազանց դժվար է։ Դժվարանցանելի ճանապարհները հաճախ վախեցնում են զբոսաշրջիկներին։ Շատերը գալիս-հասնում են գյուղ, բայց անմատչելի ճանապարհների պատճառով խուսափում հասնել Թռչկանի ջրվեժ։ Այս բնության հրաշալիքը տեսնելու համար խիզախություն է հարկավոր։ 

Շրջապատված լինելով գեղատեսիլ բնությամբ՝ ջրվեժը մեր երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և տեղացիների սիրելի հանգստավայրը: Ջրվեժի անվան հիմքում ընկած է «թռչել» բառի արմատը: Այստեղ հնարավոր է տեսնել անսովոր մի երևույթ` մեծ թվով ձկներ դուրս են ցատկում ջրից՝ անմիջապես ջրվեժի վերևում, և թվում է, թե ձկները «թռչում են»։ Իրականում, դա շատ պարզ և հասկանալի բացատրություն ունի․ գետի բնակիչ կարմրախայտ ձուկը ձկնկիթ դնելու ժամանակ սովորաբար լողում է Չիչխան գետի հոսանքին հակառակ, և ստեղծվում է տպավորություն, որ այն դուրս է թռչում ջրից։

Թռչկանի ջրվեժը տեսնել է պետք ձմռանը։ Պարզապես շշմեցուցիչ տեսք ունի սառցե գեղեցկուհիս։ 

Իմ բնակիչների նմանը չեք գտնի ուրիշ ոչ մի վայրում։ Թեև Լոռու մարզի բնակիչ են, բայց բարբառը նման է Գյումրու բարբառին. «գը»-երով են խոսում։ Առաջին հայացքից նրանք ունեն տարօրինակ կողմեր։ Ամռանը՝ հողատարածքների ոռոգման ժամանակ, կարող են երկար տարիների համերաշխ հարևանները կռվել ոռոգման ջրի համար և դառնալ թշնամիներ։ Բայց հաջորդ օրն այդ նույն հարևաններին կարող եք տեսնել սուրճի սեղանի շուրջ, ջերմ զրույցի բռնված։ 

Երկրաշարժը շատ վերքեր հասցրեց ինձ, բայց ժամանակի ընթացքում այդ վերքերը քիչ, թե շատ ապաքինվեցին՝ թողնելով խորը սպիեր, որոնք հիշեցնում են անցյալի տհաճ «երազ»-ի մասին։ Ես Նալբանդն եմ, գյուղ, որ ապրում է այդ ծանր սպիերով, բայց լուսավոր օրերի երազով:

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել